Գլխավոր պողոտայում Համազգային թատրոնի կառուցումն անհնար է. ճարտարապետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2012 17:27

Երևանի Գլխավոր պողոտայում Համազգային թատրոն կառուցել չի կարելի, քանի որ, ըստ գլխավոր հատակագծի, նույն տարածքով պետք է անցնի մետրոն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Այդ վայրում շատրվաններն են: Մետրոն կառուցելիս, եթե շատրվանները քանդեն ու հարթ ջրային մակերես տեղում ստեղծեն, ոչ մի խնդիր չի լինի: Թատրոնի շենքը կպահանջի ավելի խորը հիմքեր: Գլխավոր հատակագծով նախատեսված չէ շինություն կառուցել այդ վայրում»,-ասաց նա և ավելացրեց, որ շենքի կառուցումը կփակի դեպի Զանգվի ձոր տանող թունելի ճանապարհը:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իրենք՝ ճարտարապետներն, առաջնորդվում են միայն մեկ փաստաթղթով՝ Երևանի գլխավոր հատակագծով, ինչը նշանակում է, որ Համազգային թատրոնի կառուցման համար պետք է փնտրել այլ վայր:
«Նույն պողոտայում կան վայրեր, որոնք՝ չնայած մասնավորին են պատկանում, բայց այնքան երկար ժամանակ չեն օգտագործվել, որ պետությունը հետ վերցնելու իրավունք ունի: Եվ հենց նման վայրում կարելի է կառուցել Համազգային թատրոնը:

«Այդ տարածքում չի կարելի դնել ծավալ, այն հասարակությանը պետք է ծառայի իբրև կանաչ տարածք: Հիմնական պողոտան պետք է թողնենք այնպես, որ բնակիչները կարողանան հանգստանալ այնտեղ»,– նշեց նա:

«Մի քանի անգամ այդ տարածքում փորձեր են արվել կառուցել առևտրի կենտրոն կամ հյուրանոց, բայց բոլորը հասկացել են, որ այդտեղ ոչ մի բան կառուցել չի կարելի»,- ասաց նա և հասարակությանը կոչ արեց տեր կանգնել իրեն պատկանող տարածքներին:

Անդրադառնալով Երևանում իրականացվող վերջին տարիների քաղաքաշինական աշխատանքներին՝ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ այն աչքի է ընկնում հետևյալ աշխատաոճով՝ կա ազատ տարածք, ուրեմն այն լցվում է, հաշվի չառնելով հատակագիծը և քաղաքի ապագան:

 Թերթ.am

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply