Վերջին մեկ ամսում հացամթերքի շուկայում գնաճ է արձանագրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 6, 2012 12:39

Վերջին մեկ ամսում հանրապետությունում հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.5 տոկոս գնաճ, ինչն էլ պայմանավորված է միջազգային շուկայում ցորենի գների բարձրացմամբ, իսկ Հայաստանը մեծ քանակությամբ ցորեն է ներկրում արտերկրից:  ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գևորգ Հարությունյանը  հայտնել է, որ օգոստոսի 6-ի օպերատիվ տվյալների համաձայն, հանրապետությունում հանձվել է շուրջ 90 հազար տոննա ցորեն: 2011 թվականին ողջ տարվա տվյալներով ստացվել էր 220 հազար տոննա: «Անցյալ տարվա արդյունքներն, իհարկե, անպայման կգերազանցենք, սակայն ի հաշիվ ավել ցանքատարածությունների»,- նշեց վարչության պետը: Նրա խոսքով` Հայաստան ներկրված ցորենի նոր տեսակներից ոչ այնքան լավ բերք ստանալը պայմանավորված էր միայն եղանակային ոչ բարենպաստ պայմաններով: «Այս տարի ձմեռը շատ ցուրտ էր, ձնածածկույթն էլ ուշ գոյացավ, ինչի հետևանքով ցորենի սերմերը ցրտահարվեցին, իսկ գարունն էլ սակավաջուր էր, գերթե երաշտային»,- նշեց Գևորգ Հարությունյանը: Սակայն ոչ բոլոր մարզերում է նման իրավիճակ արձանագրվել. Սյունքում և Լոռիում, որտեղ կլիմայական պայմանները համեմատաբար մեղմ են, բերքատվությունը բարձր է եղել, իսկ որոշ մարզերում էլ, կախված ցանքատարածությունների դիրքից, քամուց պաշտպանվածությունից, ստացվել է միջին բերք:

Հայաստանում հացամթերքի գնի հետագա հնարավոր բարձրացմանն անդրադառնալով` Գևորգ Հարությունյանը նշեց, որ այս տարի գրեթե բոլոր երկրներում ցորենի բերքի անկում է նկատվել և «եթե նայենք համաշխարհային իրավիճակին, նման ենթադրություններ գուցե և կարելի է անել, բայց թե որքանով կբարձրանան գները, դժվար է առայժմ ասել»:

«Արմենպրես»-ի այն հարցին` արդյոք հիմնավորված են հացի գնի թանկացումները, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մալմո խոսնակ Գայանե Սահակյանը նշեց, որ հանձնաժողովը հացամթերքի շուկայում որևէ ուսումնասիրություն չի կատարում, քանի որ հացամթերքի արտադրությամբ Հայաստանում զբաղվում են բազմաթիվ` ոչ այնքան մեծ ընկերություններ: ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է կատարում հիմնականում խոշոր ընկերությունների գործունեության ասպարեզում:

Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանի կարծիքով` հացի գնի թանկացումն այնքան մեծ չէ, որ որևէ սոցիալական խնդրի հանգեցնի, թեպետ այն հանգամանքը, որ հացի գինը թանկացել է օրինակ երեքից-հինգ դրամով, իսկ վճարելու ժամանակ էլ թիվը կլորացվում է` 113-ից դառնալով 120, կարելի է որպես սպառողների իրավունքների խախտում որակել: «Բայց հակառակ դեպքում էլ արտադրողն է բողոքում, որ տուժում է, հետևաբար կարելի է այդ խնդրից խուսափելու համար մանր դրամ շրջանառության մեջ դնել»,- նշեց միության փոխնախագահը: Որոշ դեպքերում էլ գնի բարձրացման փախարեն հացի քաշն է կրճատվել:

Վերջին մեկ տարվա կտրվածքով հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է 2.1 տոկոս աճ, իսկ վերջին մեկ ամսում հանրապետության բոլոր քաղաքներում գներն աճել են 0.1-6.9 տոկոսով: Հայաստանում արտադրվող ցորենը ներքին շուկայի միայն 40 տոկոսն է ծածկում, մնացածը ներկրվում է հիմնականում ԱՊՀ երկրներից, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունից:

armenpress.am

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply