Նունե Եսայանը խորհրդանշական երեք առիթ տոնեց մեկ օրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 6, 2012 11:48

ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանի ծննդյան օրը` օգոստոսի 5-ին, երկրպագուները տոնական միջոցառում էին կազմակերպել Երեւանյան հայտնի ժամանցավայրերից մեկում: Երգչուհու համար օրը խորհրդանշական էր, քանի որ նույն օրը տեղի ունեցավ իր պաշտոնական ֆան-ակումբի եւ կայքի բացումը:

«Մի քանի ամիս առաջ արդեն ինձ հայտնի էր այս գաղափարի մասին, կարծում էի, որ այն պաշտոնական բնույթ կունենա, սակայն այդպես չեղավ, այն եւ տարեդարձ էր, եւ նոր ասելիք էր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միջոցառման ավարտից հետո ասաց Եսայանը: Նրա խոսքով` կյանքում առաջին անգամ էր, որ ինքը չէր իր ծննդյան տարեդարձի կազմակերպիչը:

«Նման բան Հայաստանում առաջին անգամ է արվում»,- նշեց երգչուհին` հավելելով, որ առաջիկայում ծրագրում է մենահամերգ ունենալ: Նրան, ընտանիքի անդամներից, հարազատներից եւ երկրպագուներից բացի, շնորհավորելու էին եկել նաեւ հայկական երգարվեստի ներկայացուցիչները, որոնք իրենց կատարումները նվիրեցին երգչուհուն:

«Նունեն շնորհալի, համեստ անձնավորություն է, տարիներ առաջ, երբ եկավ Կոնստանտին Օրբելյանի նվագախումբ, միանգամից սիրվեց բոլորիս կողմից եւ ապացուցեց, որ իր շնորհքը բնատուր է»,- բեմից ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանը:

Երգչուհու երկպրագուները տարբեր տարիքի եւ մասնագիտության տեր մարդիկ են, նրանցից Անի Միքայելյանը, ում եւ պատկանում էր միջոցառման անցկացման գաղափարը երկրպագում է Եսայանի արվեստը ավելի քան 15 տարի:

«Ձեր արվեստը սահմաններ չունի, այն գեղեցիկ երգերը, որ երգում եք, միմիայն սեր եւ ջերմություն են փոխանցում հանդիսատեսին»,- ասաց երգչուհու ֆան-ակումբի անդամ, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Երեկոյի ավարտին հոբելյարը կատարեց ստեղծագործություններ իր երգացանկից, ինչպես նաեւ Մանե Հակոբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած նոր երգը, որը, Եսայանի բնորոշմամբ, երգրպագուներին ուղղված իր երախտագիտության խոսքն էր:

Եսայանը գրեթե 2 տասնամյակ բեմում է: Այդ ընթացքում նա համերգներով է հանդես եկել աշխարհի մի շարք հեղինակավոր համերգասրահներում: 1993-1995 թվականներին բացակայել է Հայաստանից եւ երաժշտական գործունեություն ծավալել արտերկրում: Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: Երգչուհու երգացանկում գերակշիռ մաս են կազմում ժողովրդական երգերը:

2011 թվականի օգոստոսի 18-ին Երեւանի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում տեղի է ունեցել «Նունե Եսայան» հասարակական բարեգործական կազմակերպության բարեգործական համերգը` ուղղված զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների, մանկատների շնորհալի երեխաների հովանավորությանը:

Դիտվել է 2269 անգամ:
Print Friendly

Leave a Reply