Շիզոֆրենիա. ո՞վ էր տեսել քանդեն Հոկտեմբերի 27-ի տաբուն

ԷՍՍԵ | | December 1, 2009 18:59
tsmah1

Ցմահ ազատազրկվածների խցում, «Անկախի» խմբագիր Վահան Իշխանյան, հոկտեմբերի 27-ի գործով նստած Դերենիկ Բեջանյան, Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդուն` Սեդրակ Զատիկյանին սպանելու համար դատապարտված Արսեն Առուշանյան, հոկտեմբերի 27-ի գործով նստած Էդուարդ Գրիգորյան, Դրոյի գործով նստած Արսեն Արծրունի

Թիֆլիսում ասի մտնեմ տեսնեմ ինչ կա Հայաստանում, բացում եմ Ա1+-ի սայթը ու` այ քեզ բան, «Այլադնակություն» վերնագրի տակ լուսանկար` ցմահ ազատազրկվածներ Արսեն Արծրունին, Էդիկ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը ու «Ազատամտություն» օրաթերթի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը բանտի խցում: «Այ քեզ բանը» լուսանկարին չի վերաբերվում, այլ մեկնաբանությանը, հանրապետական Գալուստ Սահկայանի մեկնաբանությանը`«Կարող եմ ամենավատ խոսքերով ասել, բայց մի քիչ մեղմ ասած` այլանդակություն է, եւ պետական անվտանգության խնդիր է առաջացնում»: Թե պետական անվտանգության ի՞նչ խնդիր է առաջացնում, խոսք չկա:  Փորձեմ ես պարզել:

«Այ քեզ բան» եմ ասում, որովհետև ես էլ երկու ամիս առաջ նույն խցում էի, նույն սեղանի շուրջ ու ունեմ լուսնակրաներ նույն մարդկանց հետ, որոնք պատրաստվում էի հրապարակել նյութիս հետ: Դեռ չեմ գրել, հա հետաձգվում էր, հիմա առիթը եկավ, որ իմ լուսանկարն էլ հրապարակեմ: Ուրեմն ես էլ պետական անվտանգության խնդիր եմ առաջացրել:

Ա1+-ի լուսնկարը վերցված է «Հայական ժամանակի» նոյեմբերի 26-ի համարից, ուր լուսնկարի տակը մակագրված է.

«Նկարի ձախ կողմում «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Դերենիկ Բեջանյանն է: Նրանից աջ` առաջին պլանում «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին է: Վերջինիս կողքին` 2008-ի փետրվարին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց բողոքի ցույցեր կազմակերպող Արտյոմ Խաչատրյանն է, ով հանրությանը հայտնի է «Շիզոլինի» մականվամբ: Նկարի աջ կողմում` հետին պլանում նստածը «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանն է: Նկարի կենտրոնական մասում` հետին պլանում նստած ճաղատ գլխով մարդու ինքնությունն անհայտ է, քանի որ դեմքը հստակ չի երեւում: Բերված նկարը, ամենայն հավանականությամբ, արվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալների խցում: Նկարը մոտ 2 ամիս առաջ է տեղադրվել ինտերնետում: ՀՀ օրենսդրությունը խմբակային տեսակցություն չի նախատեսում, այն էլ` դատապարտյալների խցում: Բացի այդ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով է ապահովում Հոկտեմբերի 27-ի ոճրագործների բարեկեցությունը»(«Հայկական ժամանակը» սուտ է գրել, թե լուսնկարը ինտերնետից է վերցված, այն ինչ-որ ձևով նրա ձեռքն է ընկել):

Ու հիմա կարդում եմ էս մակագրությունը ու էլի մտածում` թե ինչ փորձանք կգար գլխներիս, որ Նիկոլ Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը գային իշխանության, որ ոնց օրենսդրությունը կդարձնեին էնպիսին, որ լրագրողները բանտախցեր մուտք չունենային, որ ընդհանրապես կալանավորների հետ հանդիպումներ չլինեին ու կալանավորները մնային ձայնազուրկ ու հետևաբար իրավազուրկ,  ինչպես Տեր-Պետրոսյանի ժամանակ էր:

Իրավապաշտպանության ու լրագրության մեջ մի էթիկայի կանոն կա` մի վնասիր, կալանավորին վնաս մի հասցրու, բայց դա Հայաստանի համար չի առավել ևս  «Հայկական ժամանակի», որ մի սպառնալիք է կախում հասարակության գլխին` թե « հետաքրքիր կլինի իմանալ ով է ապահովում Հոկտեմբերի 27-ի ոճրագործների բարեկեցությունը» այսինքն ով է իրեն թույլ տվել օգնել ցմահ խցում մեկուսացած, ամեն ինչից զրկված մարդկանց, գտնել այդ «անամոթին», գամել անարգանքի սյունին: Եվ էս ֆաշիզմը, եթե գար իշխանության ինչպիսի՜ ջերմեռանդությամբ պիտի որսար ու լցներ բանտերը բոլոր նրանց աջակիցներին ու հարազատներին ում ոճրագործ կհամարեր:

Լրագրողները լռում, են, ամեն պատեհ-անպատեհ առիթով լրագրողական համերաշխություն ցուցաբերող, ամեն անգամ հայտարարությունների տակ ստորագրող լրագրողական կազմակերպությունները կլռեն, որ իշխանության հավակնող ուժը դատապարտում է լրագրողի ազատ մուտքը բանտեր ու  մեղադրում թե օրենք է խախտվել(իրականում ինչպես հաճախ, այս դեպքում էլ «Հայկական ժամանակը» մի քանի տողի մեջ երկրորդ սուտն է գրում, իրականում օրենսդրությունը թույլ է տալիս լրագրողին այցելել բանտախուց, այս մասին տես Ազատամտությունում): Ես էլ եմ խմբակային, երկու հոգով այցելել բանտախուց` լուսանկարիչ Իննա Մխիթարյանի հետ և դա արվել է օրենքի բոլոր կանոններով գրավոր նամակ եմ ուղարկել քրեակատարողական հիմնարկ և ստացել գրավոր թույլտվություն: Հակառակը` եթե թույլ չտաային այցելել բանտախուց այդ դեպքում օրենքը կխախտվեր:

Լրագրողական համերաշխությունը, լրագրողների իրավունքի պաշտպանները կլռեն, իսկ Ա1+-ն ու «Հայկական ժամանակը» ու մյուս ընդդիմադիր թերթերը կամ ավելի ճիշտ մյուս  լևոնական թերթերը կխառնվեն իրար: Ինչո՞ւ:

Ճաքեր է տալիս հոկետմաբերի 27-ի տաբուն, մի տաբու, որն արգելում է ահաբեկիչների վերաբերյալ չեզոք կարծիք, նրանց ձայն տալը, նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ունենալ ու հարց բարձրացնելը` թե ինչպե՞ս է այս երկրում հանդուրժվել ,  որ այդ կալանավորներին ամենահավոր խոշտանգումների ենթարկեն: Մի տաբու, որն սրբորեն պահում են և իշխանությունների և ընդդիմադիր զլմ-ները և  հակառակորդներ Գալուստ Սահակյանը ու Նիկոլ Փաշինյանը:

Ու հենց էս տաբուի գոյությունն  է, որ հոկտեմբերի 27-ի գործով կալանավորներին դարձնում է ամենաիսկական քաղաքական բանտարկյալներ: Քաղաքական, քանի որ քաղաքական հաշվարկները արգելում են նրանց մասին ճշմարտությունը ասել, հայտարարել, թե նրանք էլ են մարդ ու նրանց նկատմամբ բազմաթիվ օրենքներ են խախտվել, որ նրանց ամենավերջին խոշտանգումներին են ենթարկել ու որևէ մեկը, որևէ հասարակական գործիչ  չի փորձել հայտարարել որ խախտվել են մարդու իրավունքները:

էս տաբուն քանդեց հենց Արտյոմ Խաչատրյանը, սկսեց «Ազատամտությունում» հրատարակել Էդիկ Գրիգորյանի տեքստերը, որոնք հոկտեմբերի 27-ի պատճառների այլ տարբերակ են ներկայացնում` տարբեր և իշխանության և ընդդիմության տարբերակից: Այսպես.

tsmah2

երբևէ նրանք ազատություն կստանա՞ն

«Կազմակերպիչների մասին աղմուկի միակ փաստարկն այն է, թե ու՞մ էր ձեռնտու: Գաղտնիք չէ, որ նկատի ունեն Ռ.Քոչարյանին և Ս.Սարգսյանին: Եթե ես հիմա ցուցակ գրեմ, թե ում էր ձեռնտու, կստացվի մարդահամար: Այդ պատճառով ես դա չեմ անում: Իսկ գուցե այդ աղմուկը պետք էր, որպեսզի դրա հետևում թաքցնեն շատ ավելի կարևոր բաներ: Օրինակ, «Հոկտեմբերի 27-ի» իրական դրդապատճառները: Թե չէ գրել են. «համաձայն չլինելով վարած քաղաքականության հետ…», «բացասաբար տրամադրված լինելով…» համաձայնեք, որ էնքան էլ համոզիչ չէ, եթե չասեմ` սուտ է»:

Եվ նաև թե ինչպես են իրենց խոշտանգել որ իրենցից ցուցմունք կորզեն նախագահ Քոչարյանի դեմ.

«Իսկ այ, դո՜ւ, Ջհանգիրյան, բախտավոր աստղի տակ ես ծնվել: Նախագահները, հատկապես վերջին երկուսը, քո նկատմամբ քնքուշ, քրիստոնեական սիրով են լցված: Ռ.Քոչարյանի օրոք «Հոկտեմբերի 27-ի» նախաքննությունը, պաշտոնական դիրքդ չարաշահելով, վերածեցիր պետության դեմ դավադրության: Քո հրամանով մեզ տանջանքների էին ենթարկում, որպեսզի Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներ տայինք: Ամենաստոր քայլին էլ գնացիր, երբ փորձեցիք երեխայիս առևանգել, որպեսզի հանձնվեմ»:

Հենց այս խցում Էդիկը նաև ինձ էր պատմում, թե ինչպես էին ձմեռվա ցրտին լուսամուտները բաց ցուրտ –10-20 աստիճան խցում վրան սառը ջուր լցնում ու առավոտ գալիս, որ ստանան իրենց ուզած պատասխանը` թե Քոչարյանն է պատվիրել ահաբեկչությունը: Ու Գագիկ Ջհանգիրյանի ներդրած բոլոր ջանքերին հակառակ, բոլոր խոշտանգումներին դիմանալով նա մնում է անկոտրում ու չի ասում էն ինչ իրենից պահանջում էին(Փակագծերում նաև ասեմ, որ իր և իր հետ կալանավորվածների նկատմամբ ահավոր խոշտանգումների մասին պատմեց նաև Դրոյի գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունին. պատմեց, որ տղաներից մեկին Ազգային անվտանգության պետ Դավիթ Շահնազարյանը անձամբ է ծեծել տվել դուբինկով գլխին ու այնպես է ծեծել, որ տղան հոգեկան խանգարում է ստացել, իսկ նույն գործով մեկ այլ կալանավորի` Արտավազդ Մանուկյանին տանջել են հիվանդ վիճակում թութքի պրիստուպի ժամանական անօգնական թողնելով այնքան մինչև արյունահոսությունից մահանում է: Այս ամենը եղել է 94-95 թվերին):

Հիմա քաղքական վերնախավը խառնվել է իրար` չէ՞ որ 27-ի կալանավորները օրենքից դուրս են, նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը, կամ թեկուզ չեզոք խոսքը կհարավածի քաղաքական համակարգին` այն համակարգին որի պետական իշխանությունը  Վազգեն Սարգսյանի արձաններն է շարում ցրելու  համար մեղադրանքները, թե կազմակերպել է հոկտեմբերի 27-ը, իսկ նրա հակառակորդ մասը` Կոնգրես, ՀՀՇ, սրբացնելով Վազգեն Սարգսյանին դարձնում է գործիք, որ մեղադրեն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին,  թե նրանք են սարքել հոկտեբերի 27-ը:

Ու նաև` Վազգեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական համակարգի սիմվոլն է դարձել, հակամարտող բոլոր ուժերը կմեղադրեն միմյանց ամեն ինչում, բայց միասին պաշտելով այն մարդուն ով պրակտիկորեն սկիզբ դրեց ընտրակեղծիքներին, կմատնեն իրենց, որ  հավատարիմ են համակրգին: Վազգեն Սարգյանը այն հարմար հանգուցյալն է, որին աստվածացնելով քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ներկայացնում է նրան որպես իր կողմնակից, քանի որ նա այլևս չի կարող ասել թե ում կողմից է, ինչպես Աստված չի կարող ասել, թե որ եկեղեցին է իրեն ճիշտ մեկնաբանում: Եվ արդեն սա մի հղկված իրավիճակ է, որի պայմաններում երկու կողմերն էլ հարմարավետության մեջ են:

Հարմարավետությունը սկսում է խարխլվել, երբ սկսում է խոսել «համրացվածը»` հոկտեմբերի 27-ի գործով Էդիկ Գրիգորյանը ձայն է ստանում: Հնչում է երրորդ կարծիքը, թե հոկտեբերի 27-ը գաղափարական գործողություն է եղել. Իսկ ի՞նչ գաղափար, տեռորիստական ա՞կտ ուղղված հենց էն համակարգի դեմ, որի անբաժան մասերն են ընդդիմութունն ու իշխանությունը:

«Երևան ժամանակն» էլ անմիջապես միացավ ընդդիմադիր եղբայրներին ու միանգամից արեց էն տեռորը որից վախենալով ոչ ոք չի փորձում հոկտեմբերի 27-ի մասին այլ տեսակետ ասել հայտարարելով «Ահա՛ խնդրեմ կապը` «Հոկտեմբերի 27-ի» ու կազմակերպիչների»: Այսինքն հանկարծ տաբուին չդիպչեք, հանկարծ մարդկային վերաբերմունք չցուցաբերեք այդ ահաբեկիչների նկատմամբ, թե չէ միանգամից ձեզ կկապենք հակտեմբերի 27-ի հետ: Ու թղթակիցները վազում են հոկտեմբերի 27-ի զոհերի հարազտաների դռները, որ նրանց վրդովմունքը հրապարակեն:

tsmah3

բանտախցում

Տաբուն կոտրվում է ու հարցերը շարվում են իրար հետևից ու յուրաքանչյուր ահաբեկչի դրդապատճառը փորձում ես հասկանալ: Օրինակ թե ինչո՞ւ 4 տարի ղարաբաղյան ճակատում կռված Դերենիկ Բեջանյանը զենքը ձեռքին մտավ Ազգային ժողով: Արդյո՞ք այն բանի համար, ինչ ինքն է ասում, որ իրենից ավելի քիչ վաստակ ունեցող կամ ընդհանրապես չկռված  պատերազմի մասնակիցները միլիոնատեր են դարձել, իսկ ինքը չքավորության մեջ ապրում էր հանրակացարանում ու չէր կարողանում ընտանիքը կերակրել:  Այսինքն անարդարության նկատմամբ առաջացած զայրույթը  չկարողացա՞վ սանձել: Իսկ ինչո՞ւ Էդուարդ Գրիգորյանն ու Դերենիկ Բեջանյանը, որ ոչ մեկին չեն սպանել, ԱԺ դահլիճ են մտել երբ սպանդն ավարտվել էր պիտի ցմահ դատապարտվեն: Ինչու է ցմահ դատապարտվել Աշոտ Կնիազյանը, որ ընդհանրապես մուտք չի գործել ԱԺ և ահամբեկչությունից հետո երկու օր հանգիստ իր երթուղայինն է քշել: Եվ արդյո՞ք Նաիրի Հունանյանը և նրա եղբայր Կարենը, եթե ինչ-որ տեղից հրահրվել են, ապա այդ տեռորը արել են առանց նյութական շահի, այդպիսի մեծ ռիսկի գնացողը դա կանե՞ր փողի համար: Եթե դրդապատճառը փողը չի ապա ի՞նչն է: Ուրեմն գաղափա՞ր կա տակը:

Իսկ հայերը, դե ընդհանրապես մարդիկ երբեմն ավելի մեղմ են վերաբերվում  էն տեռորին, ուր կա գաղափար, նույնիսկ լինում է, որ դրական են վերաբերվում, իսկ երբեմն էլ ահաբեկիչին հռչակում ազգային հերոս: Եվ հակառակը, աններող են այնտեղ ուր միայն շահ կա: Ուրեմն հարցերի պատասխանները կարող է ավելի ներողամիտ վերաբերմո՞ւնք առաջացնել կալանավորների նկատմամբ: Բայց չէ՞ որ ներողամտությունը հարված է հենց համակարգին` Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած և այժմ Սերժ Սարգսյանի ղեկավարած համակարգին:

Իսկ հարվածը համակարգին առաջացնում է այլ խնդիրներ, թե այսօրվա ընդդիմությունն ու իշխանությունը արդյո՞ք քաղաքական ընդդիմադիրներ են, թե՞ ուղղակի նույն դասակարգին պատկանող հակառակորդներ, որ 17 տարվա մեջ փոքր խմբով յուրացրին համաժողովրդական, բոլորիս պատկանող ունեցվածքը, թույլ չեն տալիս իշխանության հետ կապ չունեցող մեկը հարստանա, ձեռներեցություն ցուցաբերի և հիմա էլ իրար դեմ պայքարում են  եկամտի աղբյուրներին տիրանալու համար, բայց գործում են ժողովրդավարության ու ազատության անունների տակ:

Իսկ եթե ընդդիմություն կոչվածը հեչ էլ գաղափարկան ընդդիմություն չի, ապա ո՞վ է արդյոք ընդդիմությունը, գուցե անգլուխ ընչազուրկ, շահագործվող աշխատավոր կամ  գործազուրկ, սեփականաշնորհումից զրկված մի զանգվա՞ծ, որին կապիտալի տարբեր ներկայացուցիչներ նախրի պես օգտագործում են իրար դեմ, որ զավթեն իրարից պետական իշխանությունը: Ու մեկ էլ պարզվում է, որ մամուլն էլ` թե՛ ընդդիմադիր թե՛ իշխանական այդ նույն դասակարգի  ձեռքում է, այդ դասակարգինն է, որի տարբեր թևեր լրատվության անվան տակ պրոպագանդա են անում, որ այդ ընչազուրկ մասսային ավելի արդյունավետ օգտագործեն իրար դեմ: Ու բախումից առաջանում է մարտի մեկ իր 10 զոհերով, որոնց մեջ այդ դասակարգի ոչ մի ներկայացուցիչ չկա:

Տաբուն քանդելը ճաքեր է առաջացնում զլմ-ների մշակած համակարգում, պարզվում է «ամեն ինչ ասող» ըդդիմադիր մամուլը ոչ միայն բազմակարծություն չի ապահովում, այլև չի հրապարակում մի տեսակետ, որն իշխանությանն էլ է դեմ: Որ խոսքի ազատությունը ոչ միայն պետությունն է խոչընդոտում այլև հենց ընդդիմադիր մամուլը, որ խոսքի ազատության խնդիրը միայն պետական իշխանության հարց չէ այլ մի այլ իշխանության, այս երկրը քամելով  հարստացած դասակարգի` կապիտալի իշխանության, որ ներկայացնում են ընդդիմության երկու թևերն(Տեր-Պետրոսյանի ու նոր ձևավորվող ընդդիմությունը Քոչարյանի գլխավորությամբ) ու իշխանությունները, որ հոկտեմբերի 27-ը հենց այդ կապիտալին  էր հարված  ու որ ահաբեկչությունը սպանել է այդ կապիտալի կուտակման  կնքահայրերից մեկին, նրա սիմվոլին:

Ու որ Գալուս Սահակյանը ասում է, թե հոկտեբերի 27-ի կալանավորներին այցելելը, այսինքն նրանց խոսք տալը պետական անվտանգության խնդիր է առաջացնում, ապա նկատի ունի իշխանության համակարգն է վտանգի ենթարկվում, կրկնում եմ ոչ թե պետական այլ ընդհանրապես այն իշխանության, որ ձևավորվել է 90-ականներին ու գործում է հիմա: Ու հենց էստեղ իրենց համերաշխությամբ դասակարգի երկու թևերը մատնում են, որ նույն համակարգի ծնունդն են ու նրա ներկայացուցիչները:

Հարց կառաջանա` գուցե նրանք այնքան զգայուն են մարդասպանների կամ մարդասպանության մասնակիցների նկատմաամբ մարդկային վերաբերմունքից, որ փշաքաղվո՞ւմ են: Ինչպե՞ս, այդ դեպքում ինչո՞ւ ընդդմադիր մամուլը դիկտաֆոնները ձեռքը չնետվեց Տիգրան Նաղդալյանի հարազատների մոտ, երբ չորս տարի նստելուց հետո ազատեցին նրա սպանությունը կազմակերպող Վազգեն Սարգսյանի եղբորը` Արմեն Սարգսյանին, Ինչո՞ւ էին հիացմունքով լսում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր` ինձ ընտրելով ընտրում եք Վանո Սիրադեղյանին, մեկին որի վրա մի շարք սպանություններ կան: Ինչո՞ւ է ցույցեր անում որ ազատեն մի քանի հոգու գլուխ կերած Մուշեղ Սաղաթելյանին: Ինչո՞ւ: Պարզ է, սպանել միայն իրենց է կարելի:

9

Երբ Իննան նկարեց չորսին մահճակալներին նստած, ասի մի հատ էլ ինձ իրանց հետ նկարի: Հենց ընենց, սովորաբար լրարգրային աշխատանքի ժամանակ չեմ նկարվում, բայց էս անգամ, ասի նկարվեմ: Հիմա, երբ աղմուկ հանեց կալանավորների հետ Արտյոմ Խաչատրյանի լուսնկարը, էս լուսնկարի արժեքը աչքիս բարձրացավ:

Եթե լրագրողը այցելի որևէ մարդասպանի, մեկին որ միանգամից մի ամբողջ հինգ հոգիանոց ընտանիք է մորթել, լևոնական մամուլն ու Գալուստ Սահակյանը պարզ չի՞ որ բանի տեղ չեն դնի: Նրանց համար, հանրապետական թե ՀՀՇ, մարդն ի՞նչ է, մարտի մեկին տասը զոհեցին, պետք լինի հարյուրն էլ կզոհեին, իսկ ինչպես 96թ. Արշալույսի քեֆի ժամանակ Վանո Սիրադեղյանն էր ասում` պետք լինի 800 հոգի էլ կսպանեն: Նրանք հայտարարելով, թե այդ խուց այցելելը  օրենքի խախտում է, նկատի ունեն որ տաբուն է խախտվել, որ ոչ թե ցմահներին չի կարելի այցելել, այն էլ այցելելուց հետո չեզոք կամ մարդկային վերաբերմունք ունենալ նրանց նկատմամբ, այլ հենց հոկտեմբերի 27-ի կալանավորներին, որ այդ այցելությունով խախտվում է իրենց սահմանած օրենքը: Ուրեմն ավելի անկեղծ լինելու համար Կոնգրեսն ու Հանրապետականը համատեղ պիտի նախագիծ ներկայացնեն ԱԺ, որ արգելվում է այցելել հենց Հոկտեմբերի 27-ով նստածներին:

Կարող են առարկել, թե «Ազատամտությունը» Սերժ Սարգսյանի ստեղծածն է, հետևաբար այս ամենն էլ իշխանության համաձայնությամբ է եղել: Այո, թող լինի Սերժ Սարգսյանինը, «Ազատամտությունն» էլ ներկայացնում է նույն դասկարգի, կապիտալի շահերը, բայց հստակ է, որ  ամբողջությամբ Սարգսյանի վերահսկողության տակ չի, և մի 20 տոկոսով իր գիծն է տանում: Սերժ Սարգսյանի հեչ սրտով չէր լինի որ Վազգեն Սարգսյանի նկատմամբ իր ցուցադրած նվիրումը քանդվեր իր ու Վազգեն Սարգսյանի եղբայրությունը արտահայտող Ալեգրովայի ձոներգի կլիպը հեչ լիներ, դրա վրա ծախսված փողերը իզուր դառնային մի թերթի պատճառով, որն ինքն է ստեղծել: Էլ չասած, որ «Ազատամտությունում» ազգային ողբերգություն խորագրի տակ   հայհոյեն մարդկանց ու խմբեր, ինչպես` Ռուսաստանում Հայաստանի դեսպանին կամ նախագահի գլխավորած իշխող հանրապետական կուսակցությանը, որոնց դեմ Սերժ Սարգսյանը ոչինչ չունի ու չէր ուզի թշնամացնել նրանց:

Պատահական չի, որ Արտյոմ Խաչատրյանին շիզոլինի է անվանում հայկական մամուլը, բա շիզոլինի չի ի՞նչ է, որ հանգուցյալ Վազգեն Սարգսյանին է քննադատում, հայտարարում է որ նա չարիք էր,  մի բան որ մենակ թերթին վնաս կբերի, քաղաքական ամբողջ վերնախավի միայն վրդովմունքը կառաջացնի ու ոչ մի շահ չի բերի: Մեռած մարդու հանցանքները բացահայտելը չի մտնում հայկական մամուլի օրակարգի մեջ, բացահայտես որ ի՞նչ, մեռածը շանտաժին չի կարող ենթարկվել, չի մուծվելու, որ էլ իր դեմ չգրեն: Շիզոն հենց շեղումն է «նորմայից» շեղումը հայկական մամուլի մշակված նորմերից:  Իսկ հակառակ շիզոիդության հոգեպես հավասրակշիռ հայ  խմբագիրը, նորմայի մեջ գտնվողը նա է, ով թերթի ամեն քառակուսի սմ-ում գիտի ինչ դնի որ շահավետ լինի, ու հաշվի, թե որևէ  բիզնեսմենի կամ օլիգարխի կամ պաշտոնյայի դեմ մի անգամ տպելով նա ինչքա՞ն կմուծվի, որ էլ քֆուր չստանա: Իսկ իշխանության մամուլի նորմայով` ի՞նչ չտպի, որ հանկարծ իշանության մեջ գտնվող որևէ բարձրաստիճան պաշտոնյայի զայրույթը չառաջացնի:

ՀԳ. «Հայական ժամանակի» հրապարակած լուսնակարից հետո Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն է տարվում: Չգիտեմ ինչքանով է ճիշտ, ասում են, թե էդ քննության շրջանակներում կանչվել է հարցաքննության ցմահ կալանավորների զբոսանքը հսկող հսկիչը և հենց էդ պահին, երբ կալանվորների վրա հսկողություն չի եղել, բանտից փախել են երկու ցմահ դատապարտվածները: Եթե էդպես է, ուրեմն մաղթում եմ որ էս հրապարակումից հետո նոր ծառայողական քննություն տարվի:

Լուսանկարները Իննա Մխիթարյանի

Դիտվել է 21625 անգամ:
Print Friendly

Leave a Reply