Ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը` աշխարհի եռակի ոսկե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 27, 2009 14:32

1034151259310386Այսօր` Հարավային Կորեայի Կոյան քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում,  ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը երեք ոսկե մեդալ բերեց Հայաստանի հավաքականին` պոկում, հրում վարժություններում  և երկամարտում:
69 կգ քաշային մարզուհին պոկում վարժությունում նախ բարձրացրեց 115, ապա 119 կգ: Ընդ որում, 119 կգ-ոց ծանրաձողը նա գլխից վեր պահեց 2-րդ մրցափորձից հետո, սակայն մրցավարները չգրանցեցին արդյունքը:  Մեր մարզուհին կրկին մոտեցավ ծանրաձողին և բարձրացնելով` կրկնեց արդյունքը:

Նազիկը պոկում վարժությունում  9 կգ-ով բարելավեց այս տարի Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնության իր ցուցանիշը: Նա 1 կգ-ով առաջ անցավ ռուսաստանցի Օքսաննա Սլիվենկոյից:

Սակայն շատ կարևոր էր, թե մեր մարզուհին ինչպես կմասնակցի հրում վարժությանը: Եվ պայքարը  ընթացավ այս երկու ծանրորդուհիների միջև: Մրցավեճը տակտիկական էր: Ռուսաստանցի մարզուհին նույնիսկ 150 կգ ծանրություն պատվիրեց, սակայն նա հետո մտադրությունը փոխեց և մրցույթն ավարտեց` բարձրացնելով 146 կգ: Մինչև այդ Նազիկը հաղթահարել էր 141 կգ, սակայն նա երկու մրցափորձ ուներ:

Եվ ահա, Եվրոպայի չեմպիոնուհին համարձակորեն պատվիրեց ծանրաձողի քաշն ավելացնել 6 կգ-ով: Նազիկը փոքր սխրանք գործեց և սանձեց ծանր կիլոգրամները` չեմպիոն դառնալով երկրորդ մրցաձևում` բարձրացնելով 147կգ և երկամարտում`266 կգ: Ուշագրավն է այն է, որ Նազիկին հաղթելու համար պետք չեկավ անգամ 3-րդ մրցափորձը:

Մրցավայր ուղևորվելուց առաջ ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը «Անկախ»-ին ասել  էր, որ չի ցանկանում դեպքերից առաջ անցնել, սակայն հույս ունի, որ Կորեայում աշխարհի չեմպիոն կունենանք:
Այժմ փորձության հերթը 75 կգ քաշային Հռիփսիմ է Խուրշուդյանինն է:  Հայաստանի ներկայացուցիչները մեդալների հաշվարկով երրորդն են:

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Հայաստանն ունեցել էր 20 տարի առաջ: Հաղթող էր դարձել Իսրայել Միլիտոսյանը: Իսկ Օլիմպիական մարզաձևերում Հայաստանին վերջին անգամ ոսկե մեդալ բերեց ազատ ոճի ըմբիշ Արամ Մարգարյանը 7 տարի առաջ:

Դիտվել է 2311 անգամ:
Print Friendly

Leave a Reply