Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ. Վրաստանի ոչ մի քաղաքական ուժի հայերի խնդիրները չեն հետաքրքրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2012 11:43

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վրաստանի հայ համայնքը համախմբվածություն չի ցուցաբերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հայ համայնքի ներկայացուցիչ Սանդրո Օհանյանը: Նրա խոսքով`ոչ մի քաղաքական ուժ մտադիր չէ եւ անգամ չի ձեւացնում, թե կզբաղվի ազգային փոքրամասնությունների խնդիրներով, եւ հայ համայնքը չի տեսնում որեւէ  թեկնածու, որին կարելի է սատարել:

Նա թերահավատորեն է վերաբերվում սեփական թեկնածուով հանդես գալու հնարավորությանը. «Վրաստանի հայ համայնքը միասնական չէ: Մինչ օրս մենք երբեւէ չենք առաջադրել սեփական թեկնածուի, չենք մասնակցել ընտրություններին` լինեն դրանք նախագահական, խորհրդարանական, թե տեղական մարմինների: Այս անգամ էլ նույնը կլինի».-ասաց նա: Ըստ նրա` Վրաստանի խորհրդարանում կան մի քանի հայազգի պատգամավորներ, «որոնք, թեեւ մենք նրանց  չենք ընտրել, իրենց մասին խոսում են որպես հայ համայնքի ներկայացուցիչների»,-նկատեց նա:

Միաժամանակ զրուցակիցը նշեց, որ Վրաստանի հայկական կազմակերպությունները հանդիպումներ են անցկացնում` փորձելով կողմնորշվել, թե Վրաստանի  որ կուսակցություններից որն է թեկուզ ակնարկում ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվելու պատրաստակամության մասին: «Ոչ մեկը»,-կարճ պատասխանեց Օհանյանը: Հայկական դպրոցների, կրոնի, լեզվի, Ցեղասպանության ճանաչման հարցերի մասին ոչ ոք չի խոսում:

Նա կասկած հայտնեց, որ մինչեւ հոկտեմեբրի 1-ը նշանակված խորհրդարանական ընտրությունները որեւէ բան կփոխվի:

Պատասխանելով հարցին, թե ինչ է անում հայ համայնքը քաղաքական ուժերին իր խնդիրները ներկայացնելու համար, Օհանյանն ասաց. «Մենք հենց դրանով էլ զբաղվում ենք: Մենք դիմել ենք բոլորին` քաղաքական գործիչներին, կուսակցություններին, բոլոր կառույցներին: Մենք մեր նկատմամբ անարդարացի վերաբերմունք, իրավունքների խախտում ենք նկատում եւ հայտարարում ենք այդ մասին, ոչ մի արձագանք սակայն չկա»,- եզրափակեց Օհանյանը:

 

NEWS.am

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply