Համազգային թատրոնի շենքը պետք է կառուցվի քաղաքապետարանի առաջարկած վայրում. Սոս Սարգսյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 3, 2012 16:00

Համազգային թատրոնի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը մտադիր չէ քաղաքային իշխանություններից պահանջել, որպեսզի Համազգային թատրոնի շենքը կառուցվի ոչ թե Մաշտոցի պուրակում՝ հանրային սեփականություն հանդիսացող տարածքի հաշվին, այլ որևէ այլ վայրում:

«Այդ տեղը տեսե՞լ եք, այնտեղ ոչ մի բան չկա, ծառ չենք կտրում, կանաչ չենք վերացնում, էնտեղ աղբանոց է, մի չգործող շատրվան՝ որ ոչ մեկին պետք չէ: Թատրոնը պետք է կառուցենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:

Հիշեցնենք, որ երեկ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել էր «Համազգայինին՝ արժանի տեղ, Հանրությանը՝ հանրային տարածք» վերտառությամբ հայտարարություն, որով նախաձեռնության անդամները գոհունակություն հայտնելով երկար տարիներ Թատերական ինստիտուտի տարածքում «ապաստանած» Համազգային թատրոնի՝ սեփական տարածք ունենալու հարցի վերջնական լուծման կապակցությամբ, հայտարարել էին, որ «Երևանի քաղաքապետարանի այս «առաջարկը» հակադրում է անհակադրելին` Համազգային թատրոնը, որպես մշակույթի հիմնատարր, և մյուս կողմից քաղաքային մշակույթի անօտարելի մաս կազմող պուրակն ու Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքը»:
Ուստիև՝ ապավինելով Համազգային թատրոնի ղեկավար՝ Սոս Սարգսյանի քաղաքացիական գիտակցությանը , նաև որպես «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահի, նախաձեռնության անդամները դերասանին հորդորում են իշխանություններից թատրոնի համար այլընտրանքային վայր պահանջել:

Սակայն, Սոս Սարգսյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ խոսքը Մաշտոցի պուրակի այն հատվածի մասին չէ, որը դարձավ կրպակների ապամոնտաժման հայտնի քաղաքացիական պայքարի «թատերաբեմ», այլ դրա դիմացի մայթում գտնվող «Մալիբու» սրճարանի հարևանությամբ գտնվող տարածքի:

Նշենք նաև, որ նախաձեռնության անդամներն ի հիմնավորում իրենց պահանջի՝ մեջբերել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի բացասական եզրակացությունն այս վայրում թատրոնի շենք կառուցելու վերաբերյալ:

«Նայած ճարտարապետ, մեկը դեմ է, մեկը չէ»,-ի պատասխան հայտարարեց Սոս Սարգսյանը:
Թերթ.am

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply