ՀՀ երեք քաղաքացիներ վաճառել են իրենց երիկամը Շրի Լանկայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2012 15:14

Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2012թ. հուլիսի 31-ի դատավճռով ՀՀ քաղաքացի Ս. Հովսեփյանին մեղավոր է ճանաչել մարդկանց երիկմաներ վաճառելու, այդ նպատակով նրանց արտերկիր տեղափոխելու և ապօրինի վիրահատություն կազմակերպելու մեջ, այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից:
Նախաքննությունը պարզել է, իսկ դատարանն էլ հիմնավորված է համարել, որ Ս. Հովսեփյանն այցելել է հայաստանյան բուժհաստատություններ և համացանցում տեղադրել համապատասխան հայտարարություններ, ինչի վերջնարդյունքում, օգտվելով մարդկանց խոցելի՝ սոցիալական ծանր վիճակից, հավաքագրել է 6 անձանց, հոգացել նրանց բժշկական հետազոտության, տեղափոխման ծախսերը և երիկամի դիմաց խոստացել 10 հազար ԱՄՆ դոլար: Արդյունքում` Ս.Հովսեփյանին հաջողվել է հիշյալ 6 անձանցից 4-ին տեղափոխել Շրի Լանկայի Հանրապետություն, որոնցից 3-ն այնտեղ ենթարկվել են վիրահատության և զրկվել երիկամից:
Ըստ նախաքննության՝ նա նախնական համաձայնություն է ձեռք բերել արտերկրում բնակվող, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի և Բոգդանի հետ` երիկամ վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելու, նրանց տեղափոխումը կազմակերպելու և յուրաքանչյուր անձի դիմաց 2.000-ական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն ստանալու վերաբերյալ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012թ. հուլիսի 31-ի դատավճռով Ս. Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով և դատապարտվել 8 տարվա ազատազրկման` գույքի բռնագրավմամբ:

 Թերթ.am

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply