Յուրի Վարդանյանը Գագիկ Ծառուկյանի հետ անձնական տարաձայնություն չունի. տարաձայնությունը ոլորտի հարցերում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 3, 2012 14:58

Օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը անդրադարձել է իր` Լոնդոնի Օլիմպիական խաղերում հայ երիտասարդ ծանրորդ Առաքել Միրզոյանի անհաջողության պատճառները մեկնաբանելու հետ կապված առաջացած աղմուկը:

«Օգոստոսի 1-ին ինձ դիմեց hayeli.am-ի թղթակիցը` Լոնդոնի օլիմպիադայում մեր երիտասարդ ծանրորդի անհաջողության պատճառները մեկնաբանելու խնդրանքով: Անշուշտ, թղթակիցն ինձ դիմել էր ոչ թե որպես քաղաքական կամ պետական գործչի, այլ որպես փորձագետի, պրոֆեսիոնալի, քանի որ բոլորն իրավասու են ինձ համարել պրոֆեսիոնալ այդ ոլորտում եւ սպորտում ընդհանրապես: Ես զուտ մասնագիտական տեսակետից արտահայտեցի իմ կարծիքը, որին անդրադառնալն այժմ հարկ չեմ համարում: Սակայն իմ բարյացակամ խոսքը, այն էլ` ցավով արտահայտված, որոշ շրջանակներում այլ կերպ ընդունվեց, ավելին` անհիմն քաղաքականացվեց: Որոշ երիտասարդներ, դաստիարակության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալով, իրենց գիտելիքներին, խելքին ու մակարդակին անհամապատասխան արտահայտություններ թույլ տվեցին, ընդհուպ այն, թե Վարդանյանը թող չգնար Ամերիկա, մնար էստեղ եւ երիտասարդներ դաստիարակեր, իսկ եթե գնացել է, ուրեմն խոսելու իրավունք չունի: Նման մոտեցումները համարում եմ անթույլատրելի, եւ այս կապակցությամբ ուզում եմ մի քանի նկատառում հայտնել:

Առաջին: Կտրականապես անընդունելի է երկրում քաղաքականացնել սպորտը եւ դրա հետ կապված խնդիրները: Սպորտը մաքրություն է եւ չպետք է կեղտոտվի որեւէ մեկի ամբիցիաներով ու կարճ խելքով:

Երկրորդ: Չի կարելի ցանկացած ոլորտի մասնագիտական բանավեճը տեղափոխել քաղաքական դաշտ:

Երրորդ: Անընդունելի է անհամաձայնությունը որեւէ փորձագետի կարծիքի հետ օգտագործել որպես վիրավորանքի կամ այլ՝ անձնական բնույթի շահարկման պատրվակ, եթե անգամ այդ կարծիքի հետ դժվար է համաձայնել:

Չորրորդ: Հարիր չէ հայ երիտասարդներին չհարգել դիմացինի, տվյալ դեպքում` ընդդիմախոսի տարիքն ու անցած ճանապարհը, էլ ավելի հարիր չէ այդ անցած ճանապարհում փնտրել մութ էջեր, մանավանդ երբ դրանք չկան (բազմիցս առիթ եմ ունեցել ներկայացնել հանրությանը թե՛ իմ Ամերիկա մեկնելու, թե՛ վերադառնալու պատճառները):

Հինգերորդ: Անթույլատրելի եմ համարում իմ մասնագիտական եզրակացությունն օգտագործել որպես անձնական-քաղաքական հարաբերությունների պարզման մոտիվ. Գագիկ Ծառուկյանի հետ ես որեւէ անձնական խնդիր կամ տարաձայնություն չունեմ, տարաձայնություն ունեմ եւ կունենամ իր ղեկավարած ոլորտի հարցերում, որոնց մեջ ես, ի տարբերություն նրա, պրոֆեսիոնալ եմ»,- հայտնել է Յուրի Վարդանյանը:

Նշենք, որ Յուրի Վարդանյանի հարցազրույցից հետո Լոնդոնի Օլիմպիական խաղերում 0 ստացած ծանրորդ Առաքել Միրզոյանը Facebook-ի իր էջում պատասխանել է օլիմպիական չեմպիոնի քննադատությանը։ «Ինձ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարեւոր չէ։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին՝ ասեմ, որ նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի եւ սպորտի կողքին, եւ նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել։ Նրա բոլոր որոշումները տեղին են եղել եւ դրական։ Իսկ կասե՞ք, թե ուր էր Յուրիկ Վարդանյանը, երբ Գագիկ Ծառուկյանն օգնում էր սպորտին եւ կանգնած էր մեր բոլորի կողքին։ Կասե՞ք։ Ծառուկյանին եւ Օգսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն։ Ամոթ է։ Քննադատելը հեշտ է»։

Այս առիթով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ ասել էր. «Կառաջարկեի, որպեսզի պարոն Վարդանյանը, ԱՄՆ-ում ապրելու ժամանակաշրջանում, անդրադառնար նաեւ ծանրամարտիկների պատրաստվածության խնդրին, զբաղվեր նրանց իրավիճակի բարելավմամբ, կատարեր ներդրումներ, ջանար, որպեսզի պրոֆեսիոնալիզմը եւ բարձր մարզական պատրաստվածությունը մեր մարզաշխարհում, մասնավորապես, այդ սպորտաձեւի ներկայացուցիչների մոտ՝ լինի բարձր մակարդակի վրա»:

NEWS.am

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply