Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հորը նվաստացնում են. Հրանուշ Խառատյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2012 14:48

«Հարսանքար» ռեստորանային համալիրում ծեծի հետևանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հորը նվաստացնում են, կանչում են քննչական մարմին և մի քանի ժամ չեն ընդունում, ասելով, թե նա, ով հրավիրել է՝ այդ պահին տեղում չէ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, նշելով որ նման նվաստացումներով փորձում են ահաբեկել Վահեի հարազատներին:
«Դուք պատկերացրեք, այդ մարդիկ օր ու գիշեր իրենց զավակի համար աղոթում էին, իսկ Վահե Ավետյանի մահից հետո հորը կանչում են քննչական մարմին և մի քանի ժամ պահում դրսում: Դա նվաստացուցիչ է, նվաստացնում են այդ մարդուն, ինչպես նաև, այդ կերպ ահաբեկում են: Մենք պայքարելու ենք և հասնելու ենք արդարադատության»,- ասաց Հրանուշ Խառատյանը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնությունը դիմելու է ամենածայրահեղ պայքարի միջոցներին, որպեսզի հասնի գործի ամբողջական բացահայտմանը:

«Մենք դիմելու ենք ամենածայրահեղ պայքարի միջոցներին: Հիմա չասենք, հա՞, ինչ կանենք, բայց ամեն ինչ կանենք օրինականության շրջանակներում և ամեն կերպ պայքարելու ենք»,- նշեց Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, հունիսի 29-ին մահացել էր:

 Թերթ.am

Դիտվել է 1641 անգամ:
Print Friendly

Leave a Reply