Լեոնիդ Ենգիբարյանի արձանը կտեղադրվի Ծաղկաձորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2012 11:18

Հայազգի լեգենդար ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը Ծաղկաձորում շուտով «կողջունի» մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր հյուրերին: Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում օգոստոսի 13-ին  կտեղադրվի «աշունը սրտում» ծաղրածուի արձանը: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը, քանդակը կհավերժացնի «Թռիչք անձրեւանոցով» հայտնի մանրապատումից մի դրվագ: Բրոնզե արձանը տեղադրված կլինի շուրջ մեկ մետր բարձրությամբ գրանիտե պատվանդանի վրա` ընդհանուր առմամբ ունենալով չորս մետր բարձրություն: Հեղինակի խոսքով` արձանը կերտելիս մի շարք դժվարությունների է բախվել, քանի որ շատ բարդ է ստեղծել մի մարդու կերպար, ով «պլաստիկայի սիմվոլ է»: «Եվ շարժման, դինամիկայի մեջ մարդուն պետք է ներկայացնել ստատիկ ձեւով, իսկ դա բարդ է»,- ասաց Դավիթ Մինասյանը:

Արձանի բացման ժամանակ տեղի է ունենալու մեծ ֆլեշ-մոբ, որտեղ թատրոնի եւ վարպետության դասընթացների մասնակիցները միասին կնմանակեն մեծ աճպարարի եւ ծաղրածուի ամենահայտնի շարժումը: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնը Ծաղկաձորում կանցկացվի օգոստոսի 10-15-ը: Այն կազմակերպում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը եւ Ծաղկաձորի քաղաքապետարանը: Փառատոնին կմասնակցեն անհատ մնջախաղացներ եւ մնջախաղի թատերախմբեր տարբեր երկրներից. Մատեո Չոնինին Իտալիայից, Մակոտո Ինոուեն Ճապոնիայից, Վեդատ Զառը Թուրքիայից, Գլեն Խավիերը՝ իր թատերախմբով Դանիայից, Փոլանդ Թիեթր թատերախումբը Լեհաստանից, Սերգեյ Չերվյակովը Ղազախստանից, ինչպես նաև չորս հայաստանյան թատրոններ: Փառատոնի հատուկ հյուրն է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, արվեստաբանության թեկնածու, մնջախաղի մասին բազմաթիվ գրքերի, հոդվածների հեղինակ, ինչպես նաև մի շարք ներկայացումների բեմադրող Ելենա Մարկովան:  Փառատոնի ընթացքում կցուցադրվեն բացօթյա ներկայացումներ, որոնց ընթացքում տեղի կունենա անմիջական կոնտակտ հանդիսատեսի հետ, կիրագործվեն տարբեր թատերախմբերի համատեղ ծրագրեր, կլինի փորձի փոխանակում, ինչպես նաեւ փողոցային մնջախաղի վարպետության դասընթացներ եւ այլն: Փառատոնի ընթացքում կանցկացվեն նաեւ պարային մնջախաղի վարպետության մասնագիտացված դասընթացներ: Փառատոնի ընթացքում կգործի անվճար երթուղի (երկու մեծ ավտոբուսներ)՝ Երևան-Ծաղկաձոր ուղղությամբ, որպեսզի մայրաքաղաքի հանդիսատեսը նույնպես հնարավորություն ունենա մասնակցելու փառատոնին: Նախատեսվում է ընդլայնել փառատոնի շրջանակները եւ ցուցադրություններ անցկացնել նաեւ Ծաղկաձորի մոտակա քաղաքներում՝ Հրազդանում, Սեւանում եւ այլն:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply