Իրանը խնդրել է Հայաստանին օգնել` փրկելու ցամաքող Ուրմիա լիճը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2012 11:14

Իրանը դիմել է Հայաստանին` օգնելու փրկել Ուրմիա լիճը ցամաքումից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Eurasia Review-ն, այս մասին օգոստոսի 2-ին հայտարարել է Իրանի Շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավար Մուհամեդ Ջավադ Մուհամեդզադեն: Նրա խոսքով` ակնկալվում է ջուր տեղափոխել` լճի ջրի մակարդակի կրիտիկական անկման դեմ պայքարելու նպատակով:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները լճի վերականգնողական նախագծերի համար ծրագրել էին ջուր տեղափոխել Արաքսի ադրբեջանական մասից, սակայն Ադրբեջանն առարկել է, եւ 950 միլիարդ թուման արժողությամբ ծրագիրը չի իրականացվել: Իրանը նշում է, որ լճի ցամաքումը կհանգեցնի ազգային բնապահպանական աղետի, որն իր բացասական ազդեցությունը կունենա նաեւ հարեւան երկրների վրա: Շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավարը նշել է, որ լճի ցամաքելու պատճառը տաք եղանակներն են եւ տեղումների բացակայությունը:

Հայաստանում, սակայն, գործակցության մասին այդ տեղեկատվությունը պաշտոնապես չեն հաստատում: Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանից Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու խոսակցություններ չեն եղել: «Մեր գործընկերների հետ համատեղ ջրային ռեսուրսների կառավարում իրականացնելու հարցեր ենք քննարկել, ինչպես բոլոր հարեւան երկրները, որոնց սահմանով հոսում է անդրսահմանային ջրային ռեսուրս` տվյալ դեպքում Արաքս գետը»,-ասաց նա:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն եւս Իրան ջրի տեղափոխման տեղեկատվություն չունի:

Արմենպրես

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply