Հայաստանը ՀԱՊԿ բոլոր պետությունների նախագահներին հրավիրել է համատեղ զորավարժություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2012 11:11

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների սեպտեմբերի 3-8-ը Հայաստանում կայանալիք համատեղ զորավարժություններին մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների նախագահներին: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրուցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք հրավերներն ուղարկել ենք, սակայն վստահ չենք, որ բոլորը կմասնակցեն` հաշվի առնելով երկրի ղեկավարիների զբաղվածության աստիճանը: Մինչեւ սեպտեմբեր բավականին ժամանակ կա, եւ մենք սպասում ենք հրավերների հաստատմանը»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը:

«Փոխգործակցություն-2012» զորավարժությունների թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ»:

Զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը: Զորավարժությունների ղեկավարման շտաբի կազմը որոշում է հայկական կողմը’ ՀԱՊԿ Միավորված շտաբի համակարգմամբ` ներառելով ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների, զորակազմերի հրամանատարության, ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետությունից ներգրավվող զորքերի /ուժերի/ ներկայացուցիչներին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծվել է Հավաքական անվտանգության մասին 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված պայմանագրի հիման վրա: ՀԱՊԿ-ի անդամ են երկրներն են` Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը  եւ Ռուսաստանը:ԱՐՄԵՆՊՐԵՍ

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply