Հայաստանցի 21-ամյա Նարինեին սեռական շանտաժի զոհ դարձրած թուրք եղբայրները կանգնել են դատարանի առաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2012 10:04

Ստամբուլում դատարանի առաջ են կանգնել 4 ամիս առաջ հայաստանցի 21-ամյա Նարինե Մկրտչյանին սեռական շանտաժի զոհ դարձրած Բարըշ եւ Օրհան Օքումուշ եղբայրները։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ դատարանում  Օրհան Օքումուշը պնդել է, թե ինքը Նարինեի հետ հանդիպել է նրա ինքնասպանությունից 3 օր առաջ եւ հայտնել, որ Նարինեի անցյալի հետ կապված որոշ բաների պատճառով չի ամուսնանա նրա հետ։ Օրհանը նշել է, թե Նարինեի ցանկությամբ է նրան մերկ տեսագրել, իսկ այդ տեսագրությունն ընդհանրապես ցույց չի տվել Նարինեի եղբորը։

Օրհանի Մյուս եղբայրը՝ Բարըշը պնդել է, թե հիշյալ տեսագրության մասին տեղյակ չի եղել եւ այն Նարինեի եղբորը ցույց չի տվել՝ նշելով, թե չէր կարող նման բանել իր եղբոր հետ ամուսնանալ ցանկացող մեկի դեմ։

Դատարանը մերժել է ազատ արձակել եղբայրներին՝ պահանջելով, որ հաջորդ դատական նիստին ներկա լինի ներկայում Հայաստանում գտնվող Նարինեի եղբայր՝ Ժորա Մկրտչյանը եւ մայրը՝ Նունե Մկրտչյանը։

Ստամբուլի դատախազության կողմից պատրաստված մեղադրական զեկույցում Օրհան Օքումուշի համար պահանջվում է 11 տարի ազատազրկում՝ անձնական կյանքի գաղտնիքները հրապարակելու եւ շանտաժի միջոցով մարդուն մահվան դրդելու համար, իսկ եղբոր՝ Բարըշ Օքումուշի համար՝ 2-ից 5 տարի ազատազրկում՝ անձնական կյանքի գաղտնիքները հրապարակելու համար եւ շանտաժի համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 21-ամյա Նարինե Մկրտչյանը 2010թ. խորթ հոր եւ եղբոր հետ աշխատելու համար տեղափոխվել էր Ստամբուլ: Նարինեն աշխատանքի է  տեղավորվել մի վարպետի մոտ եւ արդեն կարճ ժամանակում հասցրել է վարպետանալ արծաթագործության մեջ: Նա սիրահարվել էր Օրհան Օքմուշին եւ մտադիր է եղել ամուսնանալ նրա հետ, սակայն Օրհանը խաբելով Նարինեին՝ քնել էր նրա հետ եւ գաղտնի նկարահանել մերկացած Նարինեին։  Այնուհետ Օրհանի եղբայրը՝ Բարըշը Նարինեին ստիպել էր իր հետ էլ պառկել՝ սպառնալով նրա մերկ կադրերը ցույց տալ եղբորը։

Բարըշը մերժում ստանալուց հետո Նարինեի եղբորը ցույց էր տվել տեսագրությունը։ Ժորան զայրացած վիճել էր Նարինեի հետ եւ ապտակել նրան։ Դրանից հետո Օրհանը եւ Բարըշը Նարինեից գումար էին պահանջել՝ այս անգամ սպառնալով նրա մերկ կադրերը տեղադրել ինտերնետում։ Նարինեն փորձել էր աշխատանքի վայրից հայթայթել պահանջված գումարը, սակայն անհաջողության էր մատնվել եւ 2012 թվականի մարտին ինքնասպանություն էր գործել՝ ցիանիդ խմելով: Աղջկա ինքնասպանության մասին լսելուց հետո շտապ Թուրքիա էր ժամանել մայրը՝ Նունե Մկրտչյանը եւ դիմել իրավապահ մարմիններին։

 

NEWS.am

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply