«Հարսնաքար»-ի գործով կալանավորվածների մեղադրանքը խստացվել է, գործը` վերաորակավորվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 2, 2012 18:29

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ հարուցված քրեական գործը Հայաստանի ոստիկանությունը վերաորակավորել է ու խստացրել նախկինում առաջադրված մեղադրանքը: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Վահե Ավետյանի մահվանից հետո դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո հայտնի կդառնա` փոխվո՞ւմ է առաջադրված մեղադրանքը, թ՞ե ոչ: Այժմ, քրեական գործի վերաորակավորման արդյունքում այժմ մեղադրանքն առաջադրվել է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով կալանավորված բոլոր վեց անձանց նկատմամբ:

Նախկինում նրանց մեղադրանքը առաջադրված էր Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով` «Մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը»։

Այժմ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի «Մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ», 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի «Մի խումբ անձփանց կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը», ինչպես նաև 118-րդ հոդվածի` «Ծեծը» հատկանիշներով:

Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նախաքննությունը պարզել էր հետևյալը.

Հունիսի 17-ին ՊՆ զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը նույն հոսպիտալիվիրաբուժության բաժնի բժիշկ Արտակ Բայադյանը, նրա գործընկերներ կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը, ինչպես նաև Արկադի Աղաջանյանը մեկնել են Արզնու ձոր նշելու Աղաջանյանի ծննդյան օրը: Որոշ ժամանակ այնտեղ անցկացնելուց հետո ընկերներով Վահե Ավետյանի առաջարկով գնացել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահ շարունակելու խմջույքը և երաժշտություն լսելու: Մատուցողներից Դավիթ Ադամյանը դիտողություն է արել Վահե Ավետյանին` ասելով, որ սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Վահե Ավետյանը մեկնել է տուն փոխել հագուստը և վերադարձել:

Երբ մատուցողը մոտեցել է իրենց Ավետյանը հարցրել է` «կարո՞ղ է գլխարկով էլ է արգելվում մուտքը ռեստորանային համալիր»: Այս հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել մատուցողի ու Վահե Ավետյանի միջև, որը շարունակվել է ռեստորանի բակում, և մատուցողը բռունցքով հարվածել է Ավետյանի դեմքին, նրան պատճառելով մարմնական վնասվածք: Դրան հաջորդել է ռեստորանային համալիրի մի խումբ աշխատակիցների կողմից Վահե Ավետյանին ու նրա ընկերներին ծեծի ենթարկելը: Արդյունքում Վահե Ավետյանը, նրա ընկերներ Գարիկ Սողոմոնյանը և Արտակ Բայադյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զինվորական հոսպիտալ: Հունիսի 29-ին գիտակցության չգալով Վահե Ավետյանը մահացել է:

Հունիսի 18-ին հարուցվում է քրեական գործ ՀՀ Քր. Օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Անձի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը»:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը և Արկադի Աղաջանյանը ճանաչվել են որպես տուժողներ: Դատաբժշկական փորձաքննության տվյալներով, Վահե Ավետյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, որը կազմվել է նրա կենդանության օրոք, մյուս երկուսին` պատճառվել է միջին ծանրության վնաս:

Այժմ կալանավորված են ռեստորանային համալիրի 6 աշխատակիցներ: Նրանք են` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, վարորդ-առաքիչ Արթուր Բաբլոյանը մատուցող Դավիթ Ադամյան: Մենեջեր Դավիթ Հայրյան, որն սկզբում ձերբակալվել էր, ազատ է արձակվել, քանի որ տուժողներն ասել են, որ իրենց ծեծողների մեջ Հայրյանը չի եղել:

Panorama.am

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply