Հայ բլոգերների ակումբ. նպատակներից մեկն է զարգացնել հայերեն բլոգները

Օրվա լուր | | November 23, 2009 10:59

Վարդան ՊապիկյանՀայկական բլոգոսֆերան զարգացնելու նպատակով ՆեոՄեդիա նախագիծը մտահղացել է ստեղծել հայ բլոգերների ակումբ, որտեղ նրանք կարող են պարբերաբար հանդիպել ու քննարկել հայկական բլոգոսֆերային առընչվող հարցեր:

ՆեոՄեդիա նախագիծը ստեղծվել է 2 տարի առաջ, զբաղվում է համացանցին վերաբերող հարցերով(ինտերնետային գովազդ, վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում և այլն):

Ակումբի առաջին հավաքը եղավ անցած շաբաթ օրը:

«Մենք ուզում ենք ստեղծել ինչ-որ պլատֆորմ, որտեղ կգրանցվեն բոլոր հայ բլոգերները, կամ նրանք, ովքեր ցանկություն կունենան, և որի միջոցով կտարածեն իրենց պոստերը», – ասաց Նեո Մեդիայի ադմինիստրատոր Վարդան Պապիկյանը:

Հանդիպմանը մասնակցում էին 50-ից ավելի բլոգերներ, որոնք վարում են իրենց բլոգները livejournal, wordpress, blogspot և այլ բլոգային տիրույթներում, ինչպես նաև տարբեր կայքէջերի բլոգերներ:

Վարդան Պապիկյանն ասում է, որ բլոգներում գերակշռում է քաղաքականությունը և իրենց կազմակերպությունը կուզի աջակցել այլ թեմաներով բլոգներ ստեղծելուն.  «լավ կլիներ, որ լինեին նաև մշակության, սպորտային և այլ ուղղվածության բլոգներ»:

Սրան ի պատասխան` մի բլոգեր նկատեց, որ առաջին հայկական բլոգերները սկսել են գրել քաղաքական թեմաներով և դա իներցիայով շարունակվել է:

Բլոգեր Էրիկ Ղազարյանն ասաց, որ հայկական բլոգոսֆերան զարգացնելու և այն լրջացնելու համար պետական միջամտություն է պետք: «Կյանքի փորձը ցույց է տալիս, որ եթե մի բան լրջանում է, այն վերածվում է քաղաքականության»,- ասաց նա:

Սակայն նրան առարկեցին շատ բլոգերներ, ասելով, որ պետությունը քիթը մտցնելով կսկսի միջամտնել ու փորձել բլոգոսֆերայի ամենակարևոր դերը` ազատությունը վերացնել:

«Հազիվ մի անկախ ու չվերահսկվող տարածք ենք գտել, որտեղ ինչ ուզում, գրում ենք»,- ասաց մի բլոգեր:

բլոգերների հավաք «Անկախ» թերթի խմբագիր Վահան Իշխանյանը հայկական բլոգոսֆերան բաժանում է երկու մասի` հայերեն և ոչ հայերեն: «Հայերեն բլոգները քիչ են, հայ բլոգերների մեծ մասը ռուսերեն է գրում: Հետևաբար ես ուրախ կլինեի, որ այս ակումբը աջակցեր հայերեն բլոգների զարգացմանը, օգնել, որ հայերեն բլոգները նույնպես կարողնան կոմերցիոն հարցեր լուծել, գովազդներ տեղադրել»,- ասաց նա:

Դիտվել է 3969 անգամ:
Print Friendly

Leave a Reply