Ներկայացվել են 2012 թ. առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 2, 2012 13:56

Այսօր Կառավարության նիստից առաջ հարց ու պատասխան է տեղի ունեցել վարչապետի և ֆինանսների նախարարի միջև, որն էլ ներկայացնում ենք ստերև.

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Մինչև օրակարգի ներկայացումը մենք այսօր հնարավորություն ունենք ամփոփելու 2012 թվականի առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։ Խոսքը տրամադրում եմ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին։

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն ամփոփել է հունվար-հուլիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։ Պետք է ասել, որ մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշների արդեն իսկ ճշգրտված գնահատականները։ Տնտեսական ակտիվության ցուցանիշները բավականաչափ հուսադրող են։ Ընդհանուր առմամբ հունվար-հուլիսը 2011 թվականի հունվար-հուլիսի նկատմամբ 7.8 տոկոս է տնտեսական ակտիվության գնահատականը, սակայն առավել ուրախալի է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը 113 է, այսինքն` 13 տոկոսով է աճը, գյուղատնտեսությունը` 8.1 տոկոսով։ Դեռևս ցածր է շինարարությունը, սակայն մենք ունենք մեկ ուրախալի զարգացում, որ շինարարության մեջ արդեն իսկ սկսել է բնակչության միջոցների հաշվին շինարարության աճ տեղի ունենալ, և համապատասխանաբար ծառայությունների ծավալը ևս 12 տոկոս, տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր է։ Եթե դա համադրենք տնտեսական աճի տրամաբանությանը, ապա մեր գնահատականներով, 6-6.5 տոկոսը տնտեսական աճի ցուցանիշն է։ Իհարկե, ճշգրտումներ հնարավոր են, որովհետև սա ֆինանսների նախարարության գնահատականներն են և ոչ թե Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ցուցանիշները։ Հատկապես կարևոր էր, որ արդյունաբերության ոլորտում ունենք աճ, և էական աճ նկատվել նաև բուսաբուծության ոլորտում, և մյուս զարգացումը բնակչության հաշվին շինարարության աճն էր, որ վերջին տարիներին նվազման միտում ուներ։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա այն հունվար-հուլիս ամիսներին կազմել է 2.2 տոկոս, և եթե միայն հուլիսին ունենք 1.5 տոկոսանոց գնանկում։ Որպես կանոն, գնանկումը միշտ լինում է հուլիս-օգոստոս ամիսներին` 2-3 տոկոսի սահմաններում։ Ընդհանուր առմամբ հունվար-հուլիս ամիսներին մնացած տարիների համեմատ բավականաչափ ցածր ցուցանիշ է արձանագրվել։ Մենք կարող ենք վստահորեն ամրագրել, որ այս տարվա գնաճի ցուցանիշն ամբողջովին հասանելի է և կլինի, եթե ոչ սահմանված թիրախից ներքև գտնվող սահմանագծում, ապա հաստատ թիրախին շատ մոտ։ Եթե 4 տոկոսանոց թիրախին պլյուս մինուս 1.5 տոկոս ունենք, ապա մեր գնահատականներով` այս պահի դրությամբ զարգացումները տանում են 4-ից փոքր-ինչ ներքև տարեկան գնաճային ձևավորմանը, եթե հատկապես միջազգային շուկաներում այլ զարգացումներ չլինեն։ Ինչ վերաբերում է բյուջետային գնահատականներին, ապա հուլիս ամսվա համար հարկերը և սոցվճարները նախատեսված էին 79.5 մլրդ դրամի չափով, հավաքվել է 80.5 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ այս տարվ առաջին յոթ ամիսներին պետական բյուջեի եկամուտները 489.6 մլրդ դրամ են՝ կազմելով 9 ամսվա համար ծրագրավորված 638.2 մլրդ դրամի 76.7 տոկոսը։ Հարկային եկամուտները և պետական տուրքը 475 մլրդ դրամ են՝ կազմելով 9 ամսվա ծրագրի 75.9 տոկոսը։ Ինչ վերաբերում է ծախսերին, ապա դրանք կազմել են 503.9 մլրդ դրամ, ինչը կազմում է 9 ամսվա համար ծրագրված 689 մլրդ դրամի 73.1 տոկոսը։ Ես համադրում եմ 3-ամսյա և 9-ամսյա ցուցանիշները, որովհետև մեր պլանավորումն ամսական չէ, այլ ծախսերի և եկամուտների տեսանկյունից եռամսյակներով է։ Բոլոր ցուցանիշները վկայում են այն մասին, որ տեմպը բարվոք է, և մենք ավելի քան վստահ ենք տնտեսական աճի շարունակականության և եկամուտների հավաքագրման վրա։

Դիտվել է 1644 անգամ:
Print Friendly

Leave a Reply