Ոստիկանություն. «Հարսնաքար»-ի գործով տուժողի իրավահաջորդները չեն ներկայացել

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 2, 2012 13:40

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում քաղաքացի Վահե Ավետյանի մահվանը հանգեցրած բռնարարքի գործով   տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը  հուլիսի 27-ին  գրությամբ օգոստոսի  1-ին, ժամը 17.00-ին, հրավիրվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն` համապատասխան դատավարական փաստաթղթերին ծանոթանալու և պատճենները ստանալու նպատակով: Ավելի վաղ, հուլիսի 25-ին  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները  դիմել էին Երևանի Աճառյան 37  հասցեում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող  քրեական գործով  քննչական խմբի ղեկավարին` խնդրելով իրենց ներկայացնել համապատասխան դատավարական փաստաթղթերը:

Ինչպես պարզաբանում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և  լրատվության վարչությունը, փաստաբանները  չեն ներկայացել ՀԿԳ քննության վարչություն: Չներկայանալու պատճառը պարզելու նպատակով քննչական խմբի ղեկավարը նույն օրը` ժամը 17.44-ին և 18.05-ին զանգահարել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանին և Լուսինե Հակոբյանին, սակայն երկու դեպքում էլ նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին և որևէ կերպ չեն տեղեկացրել  չներկայանալու պատճառը:  «Փոխարենը՝ նույն օրը, ՀԿԳ քննության վարչություն չներկայանալուց և քննիչի հեռախոսազանգերին չպատասխանելուց ժամեր անց,  Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը զանգվածային լրատվության միջոցներից մեկին են ներկայացրել իրենց դժգոհությունը, թե իբր նախաքննական մարմինը համապատասխան նյութերը չի ներկայացնում իրենց, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է ոստիկանության պարզաբանման մեջ:

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply