Ֆերմերներն ահազանգում են. կարտոֆիլի բերքի 90 տոկոս կորուստ կա արդեն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 2, 2012 13:26

Ֆերմերներն ահազանգում են, որ ցեցը ուտում է բերքը ու պահանջում կառավարությունից լուրջ միջոցներ ձեռնարկել, իսկ գյուղնախարարությունը, ըստ նրանց, ոչինչ չի ձեռնարկում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրենց խոր դժգոհությունը հայտնեցին ցեցերից ու կառավարությունից ֆերմերները:
Խոսքը ամերիկյան տեսակի ցեցերի մասին է, որոնք տարածվել են Հայաստանում և ոչնչացնում են Արմավիրի և Արարատի մարզի կորտոֆիլի բերքը:
“Մենք կարտոֆիլի իրացման հարցը շատ ենք բարձրացրել, բայց սայլը տեղից համարյա չի շարժվել, և այսօր կարտոֆիլը շատ լավ “իրացվում է” ցեցերի կողմից”,-ասաց ասուլիսի բանախոս Վարուժան Խոդեդանյանն ու ցավով տեղեկացրեց, որ այսօր իրենք ունեն արդեն կարտոֆիլի բերքի 90 տոկոս կորուստ:
Բանախոսը հայտնեց, որ այս համաճարակը Հայստանում առաջին անգամ է տարածվում, չնայած որ անցյալ տարի նրանք նկատել էին նշաններ, ահազանգել էին այդ մասին գյուղնախարարությանը, սակայն ոչ ոք ոչինչ չէր ձեռնարկել: Այժմ նրանք կանգնած են արդեն շատ լուրջ խնդրի առաջ:
Թե որտեղից է այդ ցեցը հասել Հայաստան, Խոդեդանյանն ասաց, որ այն մեր երկիր է ներթափանցել Թուքրիայից ներմուծված լոլիկի հետ: Ըստ նրա` բավական է թեկուզ մի հատ ցեց լինի լոլիկի արկղերում և այն հայտնվի համապատասխան միջավայրում ու շատ արագ կբազմանա թրթուրավորման միջոցով:
Ֆերմերները նշեցին, որ այս տեսակի ցեցի դեմ պայքարելը բավականին բարդ է, քանի որ այս ցեցերը չունեն բերան, ուստի հնարավոր չէ նրանց թունավորելով ոչնչացնել, հնարավոր է միայն նրանց դրած թրթուրները ոչնչացնել, որի համար անհրաժեշտ է հատուկ ներբույսային ներարկման դեղամիջոց, որի համար էլ նրանք ակնկալում են կառավարության աջակցությունը. “Հայաստանի գյուղատնտեսությունը այսօր շատ վատ վիճակում է գտնվում։ Կառավարությունն ու գյուղնախարարությունը պետք է օգնեն գյուղացուն՝ այս վիճակից դուրս գալու համար։ Ցեցը համատարարած բնույթ է կրում։ Դրանցից յուրաքանչյուրը ամեն չորս օրը մեկ մոտ չորս հարյուր ձու է դնում։ Գյուղացին միայնակ չի կարող պայքարել դրա դեմ։ Այդ հարցում պետք է պետական մոտեցում լինի”:
Պետք է կարանտին հայտարարել, դրսից ներմուծել այդ դեղամիջոցներն ու ներարկել ցեցերի “զոհ” դարձած բույսերին, այնուհետև պահել 20-25 օր, որպեսզի թունավոր այդ դեղամիջոցը դուրս գա պտղի միջից, նոր հանել շուկա վաճառքի: Այս ճանապարհով են տեսնում բանախոսները խնդրի լուծումը:

Վահե Մակարյան

Դիտվել է 2156 անգամ:
Print Friendly

Leave a Reply