Բուենոս Այրես նահանգի Սան Իսիդրո վարչական շրջանի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև

Պաշտոնական, Օրվա լուր | | August 2, 2012 12:35

Օգոստոսի 1-ի Բուենոս Այրես նահանգի Սան Իսիդրո վարչական շրջանի քաղաքային խորհուրդը` Խուլիա Ռիտա Քուզիսի նախագահությամբ, միաձայն կողմ քվեարկեց 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին և միաժամանակ միացավ Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից 2006 թ. դեկտեմբերի 13-ին ընդունված թիվ 26199՝ «Ի հիշատակ հայ ժողովրդի կրած ցեղասպանության» հանրապետական օրենքին, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»:

Քաղաքային խորհրդի նիստին ներկա գտնվեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ Արք. Մուրադյանը, Սան Իսիդրո շրջանի հոգևոր հովիվ Մաշտոց քհն. Առաքելյանը, ինչպես նաև արգենտինահայ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քվեարկության ավարտից հետո ելույթներ ունեցան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արք. Մուրադյանը: Վերջիններս, մեծապես կարևորելով Սան Իսիդրո քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձևը Հայաստանի և հայ ժողովրդի անունից իրենց երախտագիտությունը հայտնեցին ճշմարտության և արդարության օգտին ընդունված փաստաթղթի առնչությամբ:

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply