Ո՞վ է համարվում երեխա և ո՞ր տարիքից է թույլատրվում երեխայի հետ կնքել աշխատանքային պայմանագիր

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | August 9, 2012 7:03

Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ։

«Երեխա» հասկացությունն անմիջական առնչություն ունի «քաղաքացու գործունակություն» հասկացության հետ այն առումով, որ եթե քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում մահվամբ, ապա գործունակության ծագումը պայմանավորվում է քաղաքացու որոշակի տարիքի հասնելով:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի` «իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` 18 տարեկան դառնալու պահից: 16 տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև 18 տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից: Ամուսնանալու պահից ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև 18 տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո»:

Քաղաքացու գործունակությանը վերաբերող այս սկզբունքների հիման վրա է, որ «Երեխայի մասին» ՀՀ օրենքով և աշխատանքային օրենսգրքով սահմանվել են երեխաների աշխատանքային իրավունքների առանձնահատկությունները:

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք: Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքն ավելի մանրամասն է անդրադարձել երեխայի՝ աշխատանքային իրավահարաբերությունների մասնակցելու հարցին, մասնավորապես հոդվածում նշվում է, որ «աշխատանքային իրավունակությունը և իր գործողություններով աշխատանքային իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար աշխատանքային պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (աշխատանքային գործունակություն) լրիվ ծավալով ծագում է 16 տարեկան դառնալու պահից, բացառությամբ սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի»:

Աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի կամ որդեգրողի, կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող 14-16 տարեկան անձինք:

Երեխաներին աշխատելու իրավունք վերապահելու հետ միասին աշխատանքային օրենսգրքով նախատեսվում են նաև որոշակի սահմանափակումներ, մասնավորապես` 14-18 տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի, ինչպես նաև աշխատանքի ընդունվելիս 14-16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2759 անգամ:
Print Friendly

Leave a Reply