Թբիլիսյան տպավորություններ

ԷՍՍԵ | | August 2, 2012 11:03

Վերջին անգամ Թբիլիսիում եղել էի 1985 թ.: Այն ժամանակ այդ քաղաքն իր պատմական գեղեցիկ շենքերով, դիրքով, բուսականությամբ և բազմաթիվ եկեղեցիներով, որոնք գիշերը հետաքրքիր ձևով լուսավորվում էին, գեղեցիկ տպավորություն էր թողել, Երևանից ավելի գեղեցիկ:

Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել: Քանդվեց ԽՍՀՄ-ը,  տարբեր դժվարությունների միջով անցանք և՛ մենք, և՛ Վրաստանը: Սահմաները բացվեցին, այլ ավելի գեղեցիկ քաղաքներ էլ այցելեցինք, և արդեն համեմատելու ավելի շատ տարբերակներ կային:

Վերջին տարիներին աշխուժացան փոխադարձ այցելությունները: Հատկապես հայերն են շատ գնում Վրաստան: Գնում են հանգստանալու, շրջագայելու, բիզնես սկսելու և այլ նպատակներով: Եվ շատ հակասական կարծիքներ  էինք լսում հատկապես Թբիլիսիի մասին: Ոմանք անչափ հիացած են, որ այն շատ ավելի գեղեցիկ է Երևանից, այնտեղ պատմական շենքեր չեն քանդվում, կաշառքն իսպառ վերացել է, բիզնեսի համար շատ նպաստավոր պայմաններ են ստեղծված, և ընդհանրապես Վրաստանն ավելի արագ է զարգանում: Իհարկե հակառակ կարծիքներ էլ կան` Երևանն ավելի ջերմ քաղաք է և այլն: Բայց, ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել:

Եվ ահա, մեր մոսկվացի գործարար ընկերը, որը բավականին քննադատաբար էր տրամադրված Հայաստանի իշխանությունների նկատմաբ (սա ասում եմ, քանի որ անդրադառնալու եմ դրան) մեզ և ևս երկու զույգի երկու օրով հրավիրեց Վրաստանի մայրաքաղաք: Նա առաջին անգամ էր լինելու  այդ քաղաքում: Իջևանեցինք մեր հայրենակից, ժամանակին հայտնի գործարար Արամյացի կառուցած «Մարիոտ» հյուրանոցում: Ի դեպ, ոչ մի տեղ նշված չէ այդ մասին: Այն շատ գեղեցիկ կառույց է, ափսոս, որ մենք այդ կարգի շինություն չունենք:

Երկու օր մեր խումբը շրջում էր Թբիլիսիի փողոցներով, այցելեցինք նաև Մցխեթ, այդ քաղաքը  նրանց էջմիածինն է: Մեր խմբում կարծիքները շատ չէին տարբերվում, այնպես որ կպատմեմ իմ տպավորությունները:

Վրացիները ստացել են լավ ժառանգություն, սակայն այդ Ժառանգության վրա ոչինչ չեն ավելացրել: Մի քանի փողոցներ էին միայն գեղեցիկ պահպանված շենքերով, որոնք, ամենայն հավանականությամբ, հայերն են կառուցել, քանի որ մինչև 1917 թ. հեղափոխությունը Թիֆլիսի բնակչության 80 տոկոսը հայեր են եղել: Ցավոք, հայտնի հայերի կառուցած ոչ մի շինության վրա չկար հիշատակում կառուցողի մասին:   Ավելի շատ էին քայքայված, ճաքերով, ամայացած տները: Հավլաբարն աղքատ ու լքված թաղամաս էր և շատ տխուր տպավորություն էր թողնում: Հիմա, երբ ինձ ասում են, որ վրացիները պահպանել են իրենց պատմական շենքերը, հակադարձում եմ: Նրանք քանդված, ժամանակին ցեխից կառուցած շենքերը չեն քանդել, քանի որ ծույլ են, դրա համար էլ այդ մի քանի փողոցները պահպանվել են: Իսկ կենտրոնական և բանուկ փողոցներում հանգիստ  քայլել հնարավոր չէ, հարկավոր է նայել ոտքի  տակ, քանի որ մայթերը քանդված հատվածներ շատ ունեն,  հենց թեկուզ Ռուսթավելու փողոցում գրեթե մի տաս մետր նորմալ հատված չկար:

Առավելությունը Երևանի համեմատ, իմ կարծիքով, Թբիլիսիի դիրքն ու բուսականությունն  է, գեղեցիկ լանդշաֆտ ունի և բնակլիմայական նպաստավոր պայմաններ բուսականության համար: Քուռ գետն էլ  է գեղեցկացնում, սակայն այնքան կեղտոտ էր, որ այդ գեղեցկությունը չես նկատում:

 

Շրջում էինք Թբիլիսիի փողոցներով, վերջապես գտանք մի նեղլիկ հնաոճ փողոց, որտեղ մի քանի դատարկ սրճարաններ կային: Մեզ ուղեկցող վրացուց հարցրինք, թե ինչու են դատարկ  սրճարանները, պատասխանը շատ զվարճալի էր. «Քանի որ մեզ մոտ կաշառակերությունը վերացել է, մարդկանց ձեռքը դրամ չկա, այդ պատճառով էլ սրճարան չեն գալիս»: Ակամա ուզում ես հարցնել, միգուցե լա՞վ բան է կաշառակերությունը… Մեծ եղավ մեր ուրախությունը, երբ այս նեղլիկ փողոցում հայտնաբերեցինք «Ջազվե» սրճարան` հայախոս աշխատողներով: Ուրախությամբ հյուրընկալվեցինք սուրճ խմելու: Ես, իհարկե, բացեցի ճաշացուցակը և սկսեցի համեմատել մեր «Ջազվեի» գների հետ: Մեզ մոտ, օրինակ, սուրճն ու թեյն ավելի էժան են: Հիշեցնեմ, որ բենզինը նույնպես Հայաստանում ավելի էժան է: Կամաց-կամաց Մոսկվայի մեր ընդդիմադիր հայացքներով ընկերը նույնպես համաձայնեց, որ Երևանը կամ Հայաստանը համեմատության մեջ շահում է:

Միայն  մեր ուղևորության վերջում բոլորս վշտացանք և մի մեծ առավելություն տվեցինք վրացիներին, երբ ստիպված եղանք համեմատել երկու երկրների մաքսատները: Վրաստանինը եվրոպական ստանդարտներով, քաղաքակիրթ մաքսատուն էր: Իսկ Հայաստանի մաքսատան մոտ համարյա մեկ ժամ արևի տակ հերթ ենք կանգնել: Այնտեղ սպասարկում էին համազգեստավոր գեղեցիկ ու քաղաքավարի աղջիկներ, մեզ մոտ` զինված, կոշտ ու կոպիտ տղամարդիկ:

Բայց չէ՞որ թեթև կոնստրուկցիաներով սահմանային անցակետի կառուցումն այնքան էլ դժվար բան չէ: Մեզ հետ հերթում կային նաև արտասահմանցիներ, որոնց առաջին տպավորությունը Հայաստանից, մեղմ ասած, տխուր էր:

 

Դիտվել է 3505 անգամ:
Print Friendly

Leave a Reply