Հեռուստաընկերությունների ղեկավարներն ընդունում են, որ հեռուստաեթերի խնդիր կա, բայց չեն ընդունում, որ դա իրենց էլ է վերաբերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | August 2, 2012 12:30

«Օր չկա, որ ԶԼՄ-ները չանդրադառնան այս հարցին, հանրային հնչեղությունը հասել է գագաթնակետին,- խոսելով հեռուստաեթերի խնդիրների մասին` ասում է Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը, որը նաև Հանրային խորհրդում հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման գործընթացը համակարգողներից է:

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ մի շարք քննարկումներ են անցկացվել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Սեպտեմբեր ամսին այդ քննարկումները կշարունակվեն նոր թափով, որից հետո հստակ առաջարկություններ կներկայացվեն ՀՀ նախագահին:

Վերջին նմանատիպ քննարկումը Հանրային խորհրդում տեղի ունեցավ հուլիսի 31-ին` Հանրային, «Շանթ», «Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Ար», «Երևան» և «Դար 21» հեռուստաընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ: «Հանդիպումը հակազդեցություն չառաջացրեց, նույնիսկ հակառակը` այնպիսի տպավորություն էր, որ հեռուստաընկերությունների ղեկավարները պատրաստակամ են շարունակել հանդիպումները,- ասաց Հովիկ Մուսայելյանը` դա համարելով հանդիպման ամենամեծ ձեռքբերումը:- Ճիշտ է, մասնավոր հեռուստաընկերությունները հիմնականում շեշտում էին այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունն իրենց սեփականությունն է, և իրավունք ունեն ինքնուրույն որոշելու` ինչ ցուցադրել, բայց մենք էլ հիշեցնում էինք, որ իրենք իրենց հաշիվ պետք է տան, թե ինչ են հրամցնում հասարակությանը»:

Մուսայելյանի խոսքով` հանդիպման նպատակը լուծումներ գտնելն էր, ոչ թե առաջ ընկնելն ու ցույց տալը, թե յուրաքանչյուրն  ինչքան լավ է հասկանում մեր եթերի վատ լինելը:

«Անկախը» փորձեց պարզել նաև հեռուստաընկերությունների ղեկավարների կարծիքն այդ հանդիպման վերաբերյալ: «Շատ դրական, շատ կոնստրուկտիվ հանդիպում էր,- ասաց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Քեշիշյանը,- կարծում եմ խնդիր կա, որը լուծում է պահանջում, և այս ֆորմատով կարող ենք այդ լուծմանը հասնել, հուսով ենք, որ նմանատիպ հանդիպումները կբերեն բոլորիս համար հարմար լուծումներ»:

Բարձրացված խնդիրներն ու առաջարկները Քեշիշյանը նույնպես ընդունում է. «Ամեն ինչ պրոֆեսիոնալ էր, ամեն ինչ ճիշտ էր, ամեն ինչ մեր ոլորտից էր»,-ասաց նա:

Քեշիշյանը, սակայն, շրջանցեց այն հարցը, որը վերաբերում էր հենց «Արմենիայի» եթերին:

Քննարկումը կառուցողական համարեց նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը: Սակայն նա ճիշտ չհամարեց հարցը, թե համամի՞տ է արդյոք, որ Հանրային հեռուստաընկերության եթերը վերափոխման կարիք ունի: «Հեռուստատեսությունն ընդհանրապես վերափոխման կարիք ունի և անընդհատ այդ պրոցեսի մեջ է,- ասաց նա,- դեռ աշխատանքներ ունենք անելու, ցանկություններ ունենք, ծրագրեր ունենք, սեպտեմբերին նոր եթերաշրջան ենք ունենալու, դրա համար երևակայիր, հարցը ճիշտ դրված չէր»:

Ամեն կերպ փորձելով շրջանցել այն հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերության պատասխանատվությունն ու պարտականությունները հանրության նկատմամբ շատ ավելի բարձր են, քան մասնավոր հեռուստաընկերություններինը, Բունիաթյանն ի վերջո խոստովանեց. «Այո, առաջին հերթին բարոյականության նորմերը պետք է Հանրայինը պահպանի»:

Սակայն կրկին պատասխանատվության բեռը Հանրայինի ուսերից գցելով` շարունակեց. «Եթերային պատասխանատվությունը` բարոյականության,  պետականության առումով բոլոր հեռուստաընկերություների համար պետք է նույնը լինի»:

Հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ Հանրայինի լավագույն ժամերը ողողված են հեռուստասերիալներով՝ ճանաչողական, կրթական և դաստիարակչական հեռուստահաղորդումների փոխարեն, Բունիաթյանը պատասխանեց. «Սկսենք նրանից, որ այդ դաստիարակչական, ուսուցողական ֆունկցիաները կատարելու մի միջոց էլ սերիալն է, ուղղակի կարևորն այն է, թե դա ոնց ես անում, ինչ ես ցույց տալիս»:

Իսկ ի՞նչ է ցույց տալիս Հանրայինը. Բունիաթյանը կարծում է, որ թե՛ իրենց սերիալները և թե՛ ծրագրերը դրականորեն տարբերվում են մյուսներից:

Ի տարբերություն Բունիաթյանի, Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը կարծում է, որ առաջին հերթին Հանրային հեռուստաընկերությունը պետք է ճաշակ թելադրի, այլ ոչ հակառակը, Հանրային հեռուստաընկերությունը պետք է զերծ մնա կոմերցիոն գովազդներից` փոխարինելով դրանք սոցիալական գովազդներով, Հանրային հեռուստաընկերությունը պետք է առաջնորդվի հեռուստաեթերի լավագույն չափանիշներով և այլն: «Մենք առաջարկեցինք, որ Հանրային հեռուստաընկերության և Հանրային  խորհրդի միջև ստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որը զբաղվի Հանրայինի եթերի բովանդակության հարցով»,-տեղեկացրեց Մուսայելյանը:

Ի դեպ, հանդիպման ժամանակ մասնավոր հեռուստաընկերությունների ղեկավարները դժգոհություն են հայտնել ոչ հավասար մրցակցային դաշտ ունենալու առթիվ` նշելով, որ Հանրայինը սնվում է պետբյուջեից` միաժամանակ ստեղծելով կոմերցիոն արտադրանք:

«Շանթ» հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանը «Անկախին» հայտնեց, որ Հանրային խորհրդի հանդիպումը իրենց համար նույնպես արդյունավետ էր. «Մինչ օրս եղած քննարկումների ընթացքում հնչել են բազմաթիվ տեսակետներ` սկսած ոչ մասնագիտականից և վերջացրած մասնագիտականով, իսկ ուղղակիորեն մեզ հետ առնչվող խնդրի վերաբերյալ մեզ դիմող դեռևս չէր եղել: Հուսով եմ` այս քննարկումից հետո շատ հարցադրումներ ստացան որոշակի պատասխաններ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հեռուստաեթերի վերափոխմանը, ապա Եզեկյանն այդ ձևակերպումը չափազանցված  և անիրատեսական է համարում մի քանի պատճառներով. «Մասնավորապես` ի՞նչ և ո՞ւմ միջոցներով պետք է դա իրականացվի:  Այլ բան է հստակ չափորոշիչների սահմանումը, որոնց շնորհիվ, հուսով եմ, ներկայիս դժգոհություններն էապես կպակասեն»:

Եզեկյանը կտրականապես չի ընդունում այն տեսակետը, թե «Շանթ» հեռուստաընկերությունը, ի թիվս մի շարք հաջողված հեռուստանախագծերի, ունի նաև հեռուստասերիալներ, որոնք հանրության կողմից համարվում են քրեածին, ագրեսիվ և հակասոցիալական: «Մեր հեռուստաընկերության եթերում այդ որակումներին համապատասխանող որևէ հեռուստասերիալ չկա»,- ասաց նա:

Հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների միջև գոյություն ունեցող անհավասար մրցակցությունը վերացնելու նպատակով Եզեկյանն առաջարկում է հստակեցնել, թե Հանրային հեռուստաընկերության համար տարեկան ի՞նչ բյուջե է պահանջվում և դա հատկացնել` փոխարենը գովազդային շուկան թողնելով մասնավորներին:

Ընդհանուր առմամբ, հեռուստաեթերի բարեփոխման Եզեկյանի  պատկերացրած ճանապարհը հետևյալն է. «Սահմանել հստակ չափորոշիչներ, լուծել  լրացուցիչ ֆինանսական միջոցների հարցը, որը կարող է լինել ի հաշիվ Հանրայինի գովազդային ծառայությունների դադարեցման կամ գոնե նախընտրելի ժամերին (prime time) դադարեցման հաշվին»:

Ինչ կտան այս քննարկումները` ցույց կտա ապագան: Չպետք է մոռանանք, սակայն, որ երբ երկու տարի առաջ Հանրային խորհրդի նախաձեռնությամբ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները ստորագրեցին Հեռուստառադիոհեռարձակողների էթիկական սկզբունքների խարտիան, այն  գործեց ընդամենը մի քանի ամիս, որից հետո հեռուստաընկերություններն իսպառ մոռացան խարտիայի գոյության մասին.  «Մի քանի ամիս իրավիճակը կտրուկ բարելավվեց, և բարելավման հետագա ընթացքը դրվեց ինքնակարգավորման մեխանիզմների վրա, սակայն, ինչպես պարզ դարձավ, ինքնակարգավորում տեղի չունեցավ, քանի որ հեռուստաընկերությունների միջև անառողջ մրցակցությունը, գովազդային շուկայում տիրող անբարեխիղճ իրավիճակը, օրենսդրական բացերը թույլ չտվեցին և հանգեցրին այսօրվա իրավիճակին, որն ավելի վատն է, քան խարտիան ստորագրելուց առաջ»,- ասում է Հովիկ Մուսայելյանը:

Չնայած ինքնակարգավորման ճանապարհով բարեփոխումներ իրականացնելու չհաջողված փորձին` նա մնում է այն կարծիքին, որ հեռուստատեսության վրա անմիջական վերահսկողություն և ճնշում չպետք է լինի. «Մահակներ չպետք է լինեն, բայց միաժամանակ ամենաթողություն էլ չպետք է լինի: Պետք է գտնել ոսկե միջինը` հասարակական կառույցների, հանրային կարծիքի միջոցով ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ անորակ հեռուստաարտադրանքը վարկանիշ չունենա և ինքնըստինքյան դուրս մղվի»:

Դիտվել է 1861 անգամ:
Print Friendly

Leave a Reply