Խաղողօրհնեք

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 17, 2012 10:38

Ինչպես ընդունված էր Վարդավառին առաջին խնձորն ուտել, այս տոնին էլ առաջին խաղողն էին ուտում և օրհնում: Հայաստանում տարածված սովորություն կար` ամեն տոնի համապատասխան մթերք զոհաբերել աստվածներին: Տեսանք, որ ուխտավայրերում տարբեր տոների ժամանակ զոհաբերել են (մատաղ են արել) ձու, կաթնապուր, խնձոր, հասկեր, փոխինձ… Այս տոնին էլ զոհաբերվել է խաղողը:

Քրիստոնեության օրոք խաղողի առաջին բերքը տանում էին եկեղեցի, կամ քահանան էր գնում խաղողի այգի և այնտեղ կատարում խաղողօրհնեքի կարգը:

Տոնի ժամանակ շատ տարածված են եղել ազգային խաղերը, երգ ու պարը: Տոնի ժամանակ խաղում էին գոտեմարտ, լախտի, ըմբշամարտ:

Քրիստոնեությունն այս տոնը վերափոխեց և նշում է որպես Մարիամ Աստվածածնի վերափոխման օր: Ողջ քրիստոնյա աշխարհն այս տոնը նշում է օգոստոսի 15-ին, հայ եկեղեցում այն շարժական է և նշվում է տվյալ շաբաթվա կիրակի օրը:

Հայոց մեջ խաղողօրհնեքը նվիրված էր մայրության աստվածությանը` Անահիտին, և տոնը նշվում էր Անահիտի տաճարներում: Անահիտը հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին էր, ամեն տեսակ պարկեշտությունների և խոհեմությունների մայրը: Նա մայրության, իմաստության, ողջամտության, պտղաբերության մարմնավորումն էր և հայ կնոջ կերպարանավորողը: Անահիտին նվիրված տաճարներ Հայաստանում շատ կային, սակայն ամենանշանավորը Եկեղյաց գավառի Երիզա ավանում էր, որտեղ կատարվում էին Մայր Աստվածուհուն նվիրված բոլոր գլխավոր տոնակատարությունները: Երիզայում էր նաև Անահիտի ոսկեձույլ արձանը, որի շնորհիվ նա կոչվում էր Ոսկեծամ, Ոսկեծին, Ոսկեհատ…

Քրիստոնեության օրոք Անահիտ Աստվածամորը փոխարինելու եկավ Մարիամ Աստվածածնի պաշտամունքը, և Անահիտի պաշտամունքի շատ տարրեր պահպանվեցին այս տոնի մեջ:

Ամեն դեպքում Խաղողօրհնեքի հիմնական գաղափարը բերքի օրհնությունն է: Քանի որ տոնը նշվում է խաղողի հասունացման շրջանում և ավանդաբար այս օրը խաղող է օրհնվել, առաջին ողկույզը ճզմվել, ժողովուրդն այն ավելի շատ ընկալում և նշում է որպես խաղողօրհնեք, քան Աստվածածնի վերափոխման օր:

Այս օրը քաղված առաջին ողկույզները մարդիկ եկեղեցի են տանում, որպեսզի քահանան օրհնի: Սա, անշուշտ, բնապաշտական ժամանակներից եկող սովորույթ է, և հնագույն ժամանակներում նույն ծեսը կատարվել է հայոց տաճարներում քրմերի կողմից:

Այս տոնակատարությունը երբեմն բաց դաշտում էր կատարվում: Սա, անշուշտ, հարմարեցվել է մարդկանց կենցաղին. որպեսզի ուխտավորներն առանձին-առանձին խաղող չքաղեն և եկեղեցի չտանեն. ուղղակի հրավիրում են քահանային դաշտ, ուր նա օրհնում է խաղողի վազերը:

Խաղողօրհնեքից հետո խաղողի զոհաբերություն-նվիրատվություն է կատարվում. մարդիկ օրհնված խաղողի ողկույզներ են դնում քարերին` նվիրելով անծանոթ անցորդներին և երկնքի թռչուններին: Ապա սկսվում է ժողովրդական տոնախմբությունը: Երբեմն տոնն ուղեկցվում էր ուխտագնացությամբ, իսկ բուն ուխտի վայրում անպակաս էին զվարճանքները, կերուխումը, ժողովրդական երգ ու պարը, ազգային խաղերը: Ուխտի ժամանակ շատ տարածված էին փոխայցելությունները, հյուրասիրությունները, հատկապես` նոր խնամիացած ընտանիքների միջև: Տոնն աչքի էր ընկնում առատ ու ճոխ սեղաններով:                

Գաթա

կես բաժակ յուղ

1 ձու

1 թ. գդալ սոդա

ալյուր

կես բաժակ ընկույզ

կես բաժակ մեղր

Հունցել խմորը, վերածել գնդերի, թողնել 10 րոպե` հանգչի: Այդ ընթացքում մանրացնել ընկույզը, խառնել մեղրի հետ, ցանկության դեպքում նաև դարչին ավելացնել: Բացել յուրաքանչյուր գունդը, քսել մեղրով և ընկույզով խորիզը, փակել, հարթացնել, ծակծկել պատառաքաղով և թխել:

 Կլոր գաթա

կես բաժակ յուղ

1 բաժակ մածուն

1 թ. գդալ սոդա

1 ձու

2 – 3 բաժակ ալյուր

աղ

խորիզի համար

կես բաժակ յուղ

1 բաժակ շաքարավազ

1 բաժակ ալյուր

վանիլին

Թասի մեջ լցնել հալած յուղը, ավելացնել մածունը, աղ, սոդա, ալյուր: Հունցել այնքան, մինչև դառնա փափուկ խմոր,ապա բաժանել երկու գնդի: Գրտնակով բացել, վրան քսել խորիզը: Խմորի եզրերը միացնել, տալ կլորավուն տեսք, երեսին քսել մածունի հետ խառնած ձվի դեղնուց: Պատառաքաղով նախշել, դնել ջեռոցը մինչև կարմրի:

Փոխինձով հալվա

1 բաժակ փոխինձ

1 ճ. գդալ յուղ

2 ճ. գդալ մեղր

ջուր

ընկույզ

Փոխինձը յուղով, մեղրաջրով եփել մարմանդ կրակի վրա: Ավելացնել այնքան ջուր, մինչև ստացվի պինդ զանգված: Լցնել ափսեի մեջ, հարթեցնել, վրան ցանել ծեծած ընկույզ:

Արշտահալվա

1 բաժակ արշտա

2 ճ. գդալ յուղ

2 ճ. գդալ մեղր

կես բաժակ ջուր

Բովել արշտան յուղով: Մեղրաջուրը եռացնել և լցնել արշտայի վրա և եփել մինչև ջուրն ամբողջությամբ ներծծվի: Սառչելուց հետո կտրատել:

Սիսեռով լցոնած սմբուկ

2 սմբուկ

1 սոխ

1 ճ. գդալ յուղ

1 ճ. գդալ լոլիկի մածուկ

կես բաժակ սիսեռ

կես բաժակ մածուն

կանաչի

աղ

Սմբուկի կոթերը կտրատել, երկարությամբ ճեղքել և հեռացնել սերմը: Ապա սմբուկը գցել եռացող աղաջրի մեջ և քամիչով քամել: Սմբուկի մեջ լցնել լոլիկի  մածուկի հետ սոխառած և եփած սիսեռ: Լցոնված սմբուկները դարսել յուղ քսած տապակի մեջ, վրան յուղ ցողել և խորովել: Վերջում վրան ցանել մանրացված կանաչի: Մատուցել մածունով:

Հարիսա

1 կգ ձավար

1 կգ միս                                                                                                                                         աղ

Մսի վրա ջուր լցնել, եռացնել և մաքրել վրայի փրփուրը: Խաշվող մսի վրա ավելացնել ձավարը և մարմանդ կրակով եփել, մինչև ամբողջությամբ փափկի:

Եթե ցանկանում եք, որ այն լինի հարիսա, պետք է հարել, մինչև համասեռ դառնա: Ըստ ցանկության` մատուցել տապակած դմակով կամ կարագով, դարչինով կամ քիմիոնով և կարմիր պղպեղով:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 2255 անգամ:
Print Friendly

Leave a Reply