Ինչու է գլխացավանք դարձել Երևանի նոր հեծանվահրապարակը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 12, 2012 7:33

Երբ Երևանի կենտրոնում` կրկեսի  հարևանությամբ գտնվող հեծանվահրապարակը տեղափոխվեց Արգավանդի ճանապարհին գտնվող ծայրամաս, թվում էր, թե դա չարիքի փոքրագույնն է, և այս մարզաձևի ներկայացուցիչներն այլևս պայմանների առումով որևէ խնդիր չեն ունենա: Բայց պարզվում է, որ այժմ էլ նոր փորձություններ են վիճակվել:

Հիշեցնենք, որ  «սողոմոնյան» վճիռ էր կայացվել, քանի որ տարածքը գրավել էր փողատերերին: Իսկ գործարքի գլուխ մեր երկրի մեծավորներն էին կանգնած, որոնք երկար ժամանակ զբաղվում էին հեծանվահրապարակի տեղահանման խնդրով և ի վերջո գտել էին հարցի շահեկան լուծումը:

Նրանք, ովքեր հեծանվահրապարակում պարապմունքներ էին անցկացնում, միայն մեկ բանով էին շահագրգռված` իրենց համար  նորմալ պայմաններով հեծանվահրապարակ կառուցվի: Իսկ հին հեծանվահրապարակը, չնայած բազմիցս տրված խոստումներին, միտումնավոր չէր վերանորոգվում, որպեսզի անմխիթար վիճակից դուրս գալու հարկադրական ելք գտնվի: Ընդ որում, վազքուղին լավ վիճակում էր և պարապմունքների կազմակերպման համար խանգարիչ հանգամանք չկար:

Եվ իրականացվեց հետևյալ «օպերացիան»: «Հայաստան» մարզական միության հեծանվահրապարակը` Երևան,  Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող 1,3881 հա հողամասը, այդտեղ տեղակայված 9018,6 քմ մակերեսով շենքը և 615,6 քմ մակերեսով շինությունները նվիրաբերեցին Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի: Վերջինս էլ ներդրումային ծրագրի անվան տակ այն  հանձնեց իտալական «Ռենկո» ընկերությանը, որը պետք է այդ տարածքում ավտոկայանատեղի կառուցի: Իտալական կողմը, իր հերթին, որպես փոխհատուցում պարտավորվել էր ժամանակակից չափանիշներին համապատասխանող հեծանվահրապարակ կառուցել Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում գտնվող 2 հա տարածքում:

Այս գործարքն այնքան անհասկանալի էր և մթին, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրապարակավ հայտարարեց, որ շտկելու է իրենից առաջ եղած ղեկավարի թույլ տված «սխալը», գործարքը պետք է չեղյալ համարվի: Սակայն գործերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ նա անկարող էր որևէ բան փոխել:

2011-ի սեպտեմբերի 15-ին կատարվեց նոր հեծանվահրապարակի բացումը, որին ներկա էր նաև Հայաստանի նախագահ  Սերժ Սարգսյանը, սակայն հեծանվային սպորտի ներկայացուցիչների ուրախությունը կարճ տևեց: Պարզվեց, որ մի շարք շինարարական թերություններ կան, առանց դրանց վերացման հնարավոր չէ կառույցը շահագործել: Ընդ որում, երկար ժամանակ հեծանվորդները խուսափում էին հեծանվահրապարակում մարզվելուց: Մտավախությունն այն էր, որ եթե պաշտոնապես համաձայնություն տրվի, և իրենք  «ներս մտնեն», ապա կառուցողներն այլևս  չեն վերացնի թերությունները: Եվ ժամանակ տրվեց, որ նոր կառուցված հեծանվահրապարակը վերանորոգվի: Ընդ որում, նաև էլեկտրոնային սարքավորումներ տեղադրելու խնդիր կա:

Ուշագրավ է, որ կառույցը Հայաստանի հեծանվային սպորտի  ֆեդերացիայի հետ միասին ընդունել է Երևանի քաղաքապետարանը, իսկ նախկին իրական տերը` «Հայաստան» մարզական միությունը սոսկ  այն շահագործողի կարգավիճակում է հայտնվել:

Ցավալին այն է, որ տևական ժամանակ է` հեծանվորդները պարապում են այս մարզաբազայում, սակայն խնդիրները մնում են:

Գարնանն էլ ձյան հալոցքից հետո պարզվեց, որ ջուրը կաթում է, պատերին ճաքեր են առաջանում: Ցնցուղարաններում ջուրը կուտակվում է, ամբողջովին չի հեռանում: Ի դեպ, անձրևներից 4-5 օր հետո են միայն ջրի կաթոցներն ի հայտ գալիս: Ամենագլխավորը` խնդիրներ են առաջացել վազքուղում: Այն փայտից է և դեֆորմացվում է, ճեղքեր են բացվել: Կառուցողները երաշխիք չէին տվել և հայտնել էին, որ նորակառույցում հնարավոր են  այդպիսի թերություններ, և իրենք դրանք կվերացնեն: Այդ աշխատանքի համապատասխան ժամանակացույց էր կազմվել:

Ի դեպ, իտալական ընկերությունը շինարարական աշխատանքները վստահել է գերմանացի մասնագետներին: Նրանք այս տարվա մայիսին եկել են, ուսումնասիրություններ կատարել և իրենց մեղքն ընդունելով` ներողություն խնդրել, համապատասխան եզրակացություն գրել, թե ինչ պետք է արվի: Ամենից շատ մտահոգողը փայտե վազքուղու ճակատագիրն է: Այն պատրաստված է Ռուսաստանից` Սիբիրից բերված կեչու փայտանյութով:

Սակայն այս իրավիճակը կանխատեսելի էր: Բանն այն է, որ մերոնք սկզբից էլ դեմ էին, որ  վազքուղին փայտից լինի և պահանջում էին, որ այն բետոնից կառուցվի: Սակայն դա ֆինանսական առումով ձեռնու չէր  իտալական կողմին: Մերոնք խնդիր էին դնում նաև, որ վազքուղին ծածկ ունենա, բայց դա էլ չիրականացվեց, և այն մնաց բաց երկնքի տակ: Իսկ թե ինչ ազդեցություն կարող են ունենալ տեղումները, արևը, արդեն իսկ ակնառու է:

Պետք է ասել, որ հեծանվահրապարակը ճարտարապետական առումով թարմություն է, գեղեցիկ է, բայց երբ մարզիկները պարապում են, բացահայտվում է, թե ինչքան շատ թերություններ կան: Մի բան պարզ է` որպեսզի փայտե վազքուղին հուսալի լինի, որոշակի պայմաններ են անհրաժեշտ: Այն դիմանում է 40-60 աստիճան խոնավությանը և 12-18 աստիճան ջերմությանը, մինչդեռ այդ պայմանները Հայաստանում հնարավոր չեն:

Սկզբում սիրաշահելու համար «Ռենկո» ընկերության ներկայացուցիչները բանավոր խոստացել էին, որ էլեկտրոնային ցուցատախտակ և հեծանվային սպորտի մրցումներ անցկացնելու համար այլ միջոցներ կսարքավորեն, սակայն հետո հետ էին կանգնել իրենց մտադրությունից և հայտնել, որ անելու են միայն նախագծով նախատեսվածը:

Ի դեպ,  «Ռենկոյի» ներկայացուցիչներին ոչինչ հնարավոր չէ պարտավորեցնել: Նախագիծը համաձայնեցվել է հասարակական կազմակերպության` Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի ղեկավարության հետ:  Եվ դա տարօրինակ է, քանի որ նախկինում  հեծանվահրապարակ է ունեցել «Հայաստան» մարզական միությունը, որն այժմ մի տեսակ կողմ է քաշվել` իր տեղը զիջելով այս մարզաձևի ֆեդերացիային:

Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ քննարկվում էր այն հարցը, թե ինչպիսի ծածկ պետք է ունենա վազքուղին, բետոնե՞, թե՞ փայտե: Եվ դարձյալ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկու համաձայնությամբ,  նախապատվությունը տրվել էր փայտե ծածկին: Ընդ որում, նախքան այն սարքավորելը կասկած չկար, որ փայտե կառուցածքն այնքան էլ հուսալի չէ, թեև ավելի էժան է:

Զարմանալին այն է, որ սկզբում խոստանում էին, թե փայտե ծածկը կծառայի 50-70 տարի, իսկ այժմ խոստովանում են, որ այն տասը տարի էլ չի ձգի: Ստացվում է, որ մեր այս մարզաձևի ներկայացուցիչները մոտ ապագայում կրկին կարող են ունենալ  ավերակ դարձած «նոր» հեծանվահրապարակ: Իսկ վազքուղու կյանքը երկարացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն պահպանման, այլև հաճախակի վերանորոգումների միջոցներ:

Հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանի  համար ստեղծված իրավիճակն այնքան էլ զարմանալի չէ, և նրան առավել մտահոգում է, թե ինչպես կարելի է շտկել այն:

«Ջեռուցման, հովացման համակարգերի հետ կապված խնդիրներ չկան, էլեկտրականության անխափան մատակարարման խնդիրներ ևս չեն առաջանում, եթե անգամ էլեկտրականությունն անջատվում է, ապա գործի է դրվում պահեստային համակարգը: Այդուհանդերձ, վերանորոգման մեծածավալ աշխատանք պետք է կատարվի: Մի քանի անգամ քանդել և հավաքել են տանիքը, սակայն ջուրը դարձյալ կաթում է: Կրկին այդ ամենը պետք է քանդվի: Սանհանգույցներում ջուրը կուտակված է մնում, և դրանք քանդվելու են: Պահակային ծառայության սենյակի ապակիներն էլ կոտրվել են: Ի դեպ, կառուցողներն իրենք էլ զարմացել էին, և կարծում էին, թե դրանք հարվածից են այդպիսի վիճակում, սակայն հենց ուսումնասիրությունների ժամանակ ականատես դարձան ապակու կոտրվելու փաստի, և այլևս կասկած չմնաց: Երբ հեծանվահրապարակը շահագործման էր հանձնվում, անթերի տեսք ուներ, ժամանակի ընթացքում են խնդիրներ առաջացել, և ցանկացած նորակառույցի համար դա բնական է: Բայց անհասկանալի է, որ կառուցողները վստահեցնում էին, թե 10-15 տարի ոչ մի խնդիր չի լինի: Թեև գերմանացի շինարարները մասնագիտացած են հեծանվահրապարակների կառուցման գործում, մի շարք թերություններ կան, որոնք այնքան էլ վստահ չեմ, որ կշտկվեն»,- ասաց Խաչատրյանը:

Հեծանվահրապարակում պարապմունքներ կազմակերպվում են, սակայն այն ժամերին, երբ շինարարները չեն աշխատում: Այժմ էլ նախատեսվում է վազքուղու կեսը քանդել: Առնվազն 15-20 օր մարզիկներն այստեղ ընդհանրապես չեն կարող պարապել: Ստացվում է, որ լիարժեք մարզումների հնարավորություն էլ չի լինելու, մինչև ամեն ինչ կարգավորվի:

Այսպես, ժամանակակից հեծանվահրապակ միայն անունով ունենք: Տևական ժամանակամիջոց է` այն գոյություն ունի, սակայն այդպես էլ ոչ միայն միջազգային մրցաշար, այլև Հայաստանի առաջնություն չի անցկացվել: Դրա համար պետք է լուծել նաև հեծանվահրապարակի կահավորանքի, էլեկտրոնային սարքավորումների տեղադրման հարցը, որոնց օգնությամբ տրվում են մեկնարկները, որոշվում են մարզիկների ցույց տված արդյունքները: Արդեն ասվեց` սկզբում կառուցողները խոստացել էին, որ դրանք ևս սարքավորելու են, սակայն այժմ հետքն  էլ է կորել, թե ով ինչ է խոստացել: Թերևս պատճառն այն է, որ Երևանի մի քանի քաղաքապետ է փոխվել: Այժմ էլ նոր քաղաքապետ  Տարոն Մարգարյանն է խոստացել այցելել հեծանվահրապարակ և օգնել ինչով կարող է:

Հավելենք, որ սկզբում հեծանվահրապարակը 3-րդ կարգի է համարվել, սակայն հետո այն ներկայիս վիճակով անգամ դարձել է 2-րդ կարգի: Թե ինչպես է դա արվել, այն էլ առանց համապատասխան էլեկտրոնային սարքավորումնների առկայության, դարձյալ հանելուկ է:

Ի դեպ, ունեցած 2-րդ կարգով, բացի օլիմպիական խաղերի մրցաշարից, ցանկացած ստուգատես այստեղ կարելի է կազմակերպել:

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply