Անսպասելին «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 4, 2012 7:30

Լոնդոնը երրորդ անգամ է հյուրընկալել ամառային օլիմպիական խաղերի մասնակիցներին (Անգլիայի մայրաքաղաքում խաղեր են անցկացվել 1908-ին և 1948-ին), սակայն փորձը չի օգնել կազմակերպիչներին խուսափելու անցանկալի միջադեպերից: Թյուրիմացությունների պատճառով դժգոհությունները շատ են, սակայն մրցասպարեզներում ծավալված լարված պայքարը մոռացություն է տալիս ամեն ինչ, կարևորվում, առաջին պլան է մղվում այն, թե որ երկրի, որ մարզիկն ինչ պարգևների է տիրանում:

Ինչպես սպասվում էր, խաղերի բացումը շուքով կատարվեց, թատերականացված ներկայացում ցուցադրվեց` Մեծ Բրիտանիայի` Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Անգլիայի պատմությունն ու մշակույթը: Ապա սկսվեց մասնակիցների հանդիսավոր շքերթը, որը բացեցին Հունաստանի պատվիրակները:

10-րդը մարզադաշտում հայտնվեցին Հայաստանի ներկայացուցիչները:

Նախորդ` 4 տարի առաջ Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մեր երկրի դրոշակակիրը օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն էր, և Հայաստանի ներկայացուցիչները հաջող էին այդ ստուգատեսում` 6 բրոնզե պարգևի տիրանալով: Եվ  ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նպատակահարմար էր գտել, որ այդ պարտականությունը կրկին դրվի 83-ամյա Ազարյանի վրա: Եվ Ազարյանը ամենօրյա մարզումներ էր անցկացնում, որպեսզի այդ հոգնեցնող արարողության ժամանակ պատվով դուրս գա փորձությունից:

Սակայն «Լոնդոն 2012»-ի խաղերի կազմակերպիչներն Ազարյանին թույլ չտվեցին տանելու եռագույնը` պատճառաբանելով, որ տարիքային սահմանափակում  կա: Այդ էր պատճառը, որ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության առջևից դրոշը ձեռքին քայլում էր թհեքվանդոյիստ Արման Երեմյանը: 2000-ից է թհեքվանդոն օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ Եվրոպայի չեմպիոն Երեմյանն այդ մարզաձևի Հայաստանի առաջին օլիմպիականն է:

Շքերթի ավարտից հետո շնորհավորական ելույթով հանդես եկավ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն: Այնուհետև խոսքը տրվեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին, որն օլիմպիական խաղերը հայտարարեց բացված: Ներկա էին 95 երկրների ղեկավարներ, այդ թվում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Օլիմպիական խաղերին մասնակցում է աշխարհի 204 երկրների շուրջ 15 հազար մարզիկ: Հայաստանից նրանք 25-ն են: Ցավոք, խաղերը դեռ չսկսված` Հայաստանի հավաքականը լուրջ կորուստ կրեց: Օգոստոսի 1-ին Լոնդոնում օլիմպիական մրցահարթակ պետք է դուրս գար 77 կգ քաշային ծանրորդ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը: Սակայն գյումրեցի մարզիկը մերձմոսկովյան Պոդոլսկում անցկացվող ուսումնամարզական վերջին  հավաքի ժամանակ լուրջ վնասվածք է ստացել և ստիպված է բաց թողնել ընթացիկ օլիմպիական խաղերը: Աշխարհի չեմպիոնի հետ մեծ հույսեր էին կապում:

Մնում է, որ մեր մյուս մարզիկներն իրենց արդարացնեն: Սակայն մեկնարկային օրը մեր երկիրը տխուր միջադեպի հանդիպեց: Հայաստանից ընդամենը միայն մեկ բռնցքամարտիկ` 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն է իրավունք նվաճել մասնակցելու Լոնդոնում սկսված օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարին: Դա արդեն խայտառակություն է, քանի որ նախկինում միշտ էլ մեր երկիրն այս մարզաձևի ավելի մեծ թվով մարզիկների էր օլիմպիական ռինգ դուրս բերել:

Հակոբյանն առաջին իսկ հանդիպումում նոկաուտով պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Տարիել Գաուշային: Ի դեպ, նոկաուտով պարտվելը Հակոբյանի համար նորություն չէ: Նա որոշել էր կարողությունները փորձել ԱԻԲԱ-ի պրոֆեսիոնալների մրցումներում և նույնպես նոկաուտի էր ենթարկվել առաջին իսկ հանդիպման ժամանակ: Բայց որ նման բան կարող էր կատարվել Անդրանիկի հետ նաև օլիմպիական խաղերի առաջին իսկ հանդիպման ժամանակ, ոչ ոք չէր սպասում:

Մեկնարկային օրը ոչնչով չուրախացրին նաև 10 մ հեռավորությունից ատրճանակով կրակահերթերում հանդես եկած գնդակային հրաձիգ Նորայր Բախտամյանը, 60 կգ քաշային ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը: Ի դեպ,  60 կգ քաշայինների եզրափակչում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Արսեն Գալստյանը մի քանի վայրկյանի ընթացքում մաքուր հաղթանակ տարավ ճապոնացի Հիրաոկի Հիրաոկայի նկատմամբ և արժանացավ ոսկե մեդալի: Նա առաջին ձյուդոյիստն է, որը Ռուսաստանին ոսկե մեդալ է բերում օլիմպիական խաղերում: Արսենը ծնվել է Հայաստանում, մարզվել Տավուշում և հետո է տեղափոխվել Ռուսաստան: Մինչդեռ, այս քաշային կարգում հայտավորված Հայաստանի ներկայացուցիչը բավարարվեց 7-րդ տեղով: Հայաստանի տիտղոսակիր մարզիկներից ձախողվեցին նաև ձյուդոյիստ Արմեն Նազարյանը (66 կգ) և ծանրորդ Առաքել Միրզոյանը (69 կգ):

Շատ կարևոր է, որ Հայաստանի պատվիրակները խաղերում չմնան վիճակագրի դերում և մեդալների արժանանան:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply