ՀՀ բնակչությունն աճելու փոխարեն նվազում է. 10 տարում երկրից հեռացել է 270 հազար մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | August 7, 2012 7:27
2012-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ուղևորահոսքերն ակտիվացել են: Ըստ Միգրացիոն գործակալության հրապարակած տվյալների` այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է ժամանել 636 475 մարդ, և Հայաստանից մեկնել է 714 689 մարդ, բացասական մնացորդը կազմում է 78 214: 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` ուղևորահոսքերի բացասական մնացորդն ավելացել է 8,7 հազարով կամ 12,9 տոկոսով:
Թվերը, սակայն, դեռևս հնարավորություն չեն տալիս եզրակացնելու` արդյոք արտագաղթի տեմպերը Հայաստանից աճե՞լ են, թե՞ ոչ:
«Ուղևորահոսքերի ծավալներով չի կարելի դատել միգրացիայի ծավալների մասին, քանի որ միգրանտն այն ուղևորն է, որը մշտապես պետք է ապրի այլ երկրում: Յուրաքանչյուր միգրանտ ուղևոր է, բայց ամեն մի ուղևոր միգրանտ չէ: Կարճաժամկետ ուղևորների հոսքերը բացարձակապես միգրանտներ չեն, իսկ այս ուղևորահոսքերի մեջ հիմնականը դա է,- ասում է Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:- Եթե մեկնողների թիվն ավելի շատ է, քան ժամանողներինը, նշանակում է բնակչության մոտ առկա է արտագաղթելու տրամադրվածություն, սա միարժեք: Բայց ինչ չափով է այդ մեկնելու տրամադրվածությունը կյանքի կոչվում` այս թվերով չես կարող ասել»:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն էլ նշում է, որ պայմանական դատողություններ միգրացիոն հոսքերի մասին հնարավոր կլինի անել միայն, երբ տարեկան կտրվածքով ուղևորահոսքերի մասին ամբողջական տվյալներ լինեն:
Միգրացիայի իրական ծավալները հասկանալու համար Հայաստանում գործող համակարգ չկա: Շատ քչերն են իրենց մեկնումն ու ժամանումը գրանցում անձնագրային վարչությունում. մարդիկ տարիներով ապրում են արտերկրում, բայց շարունակում են հաշվառված մնալ Հայաստանում որպես բնակիչ: Այս պարագայում միգրացիոն հոսքերի մասին պատկերացում կազմելու միջոց են մնում ուսումնասիրությունները: Հայաստանում նման ուսումնասիրություններ կատարվել են միջազգային կառույցների գումարներով, վերջին նման ուսումնասիրությունն էլ 2007-ին է եղել: Ըստ այդ ուսումնասիրությունների` 1988-2007 թթ. Հայաստանից արտագաղթել է 1 մլն 260 հազար մարդ: 90-ականների սկզբնական տարիները չհաշված, երբ մարդիկ հարյուրհազարներով էին հեռանում, մնացած տարիներին ստացվում է, որ տարեկան միջինը Հայաստանից հեռանում է 25-26 հազար մարդ: Միջինացված կարգով նման տվյալներ են ստացվում նաև մարդահամարի տվյալներից: 2011-ին կատարված մարդահամարի տվյալներով` Հայաստանում առկա բնակչության թվաքանակը 2 մլն 873 հազար է, ինչը 132 հազարով պակաս է 2001-ի մարդահամարի արդյունքներից (այն ժամանակ առկա բնակչության թվաքանակը եղել է 3 մլն 3 հազար):
Այս 10 տարիների ընթացքում Հայաստանում արձանագրվել է բնակչության բնական աճ 126 հազարով, ևս 12 հազար մարդ այլ երկրներից է տեղափոխվել Հայաստան: Ստացվում է, որ մեր երկրի բնակչությունը նորմալ պայմաններում պիտի ավելանար 138 հազարով, մինչդեռ տեղի է ունեցել հակառակը: Թվերը համադրելով` ստացվում է, որ տասը տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է մոտ 270 հազար մարդ:
«Սա խոսում է այն մասին, որ արտագաղթը շարունակվում է և մնում է կայուն: Պնդումները, որ վերջին տարիներին ահագնացող չափերի է հասել, ճիշտ չեն»,- ասում է Եգանյանը:
Սակայն ազգային վիճակագրական ծառայության տվյալներն ուսումնասիրելիս բոլորովին այլ տպավորություն է ստեղծվում: Այսպես, 2011-ին ընդհանուր սահմանահատումների բացասական սալդոն կազմել է 43 820, բայց ՀՀ և արտերկրյա քաղաքացիների ուղևորահոսքերը տարբերակելու դեպքում ստացվում է, որ 2011-ին Հայաստանից հեռացել է 49126 ՀՀ քաղաքացի:
2010-ին ընդհանուր սահմանահատումների բացասական սալդոն կազմել է 46684, իսկ ՀՀ քաղաքացիների դեպքում` 57240:
Նախորդ տարիների համեմատությամբ` անգամ ընդհանուր բացասական սալդոն կրկնակի ավելացել է: Այսպես, 2009-ին ընդհանուր բացասական սալդոն կազմել է 25 հազար, 2008-ին`23,1 հազար, 2007-ին` 3,2 հազար:
Գագիկ Եգանյանը թվերի նման տարբերությունը բացատրում է հաշվելու մեթոդաբանության փոփոխությամբ. «2010-ից սկսած` թվերի տարբերությունը պայմանավորվում է հաշվարկելու տարբեր մեթոդաբանությամբ, մինչ այդ տվյալները ստացել են ոստիկանությունից, այդուհետ` ազգային վիճակագրական ծառայությունից»:
Սակայն ազգային վիճակագրական ծառայությունում էլի նույն թվերն են, հաշվարկելու մեթոդաբանության փոփոխության մասին էլ որևէ խոսք չկա:
«Եթե տարեկան բացասական սալդոն ենք նայում, 2008-ից սկսած` տարեցտարի ավելացել է: Միգրացիայի տեմպերը կարծես աճի միտում են դրսևորում: Դրանք արդեն մեծապես մտահոգող թվեր են` նկատի ունենալով մեր երկրի մարդկային ռեսուրսը, բնակչության թվաքանակը: Խոսքը բնակչության գրեթե մեկ տոկոսի մասին է»,- ասում է Ռուբեն Եգանյանը` հավելելով, որ 10 տարվա տվյալներից ելնելով` միջին տարեկան էմիգրացիան հաշվարկելը ճիշտ չէ, քանի որ դրա համար պետք էին միջին տարեկան թվերը, որոնք չկան:
Անդրադառնալով արտագաղթի մասին անընդհատ շրջանառվող խոսակցություններին` Գագիկ Եգանյանը նշում է, որ այդ խոսակցությունները չափազանցված են և բնակիչների մոտ միայն խուճապ են առաջացնում` տպավորություն ստեղծելով, թե բոլորը գնում են. «Գուցե մի փոքր աճ կա, բայց դա ահագնացող չէ: Մանավանդ որ պատմության ոչ հեռու անցյալում ունեցել ենք իսկապես այդ ալիքները, երբ տարին տարվա վրա արտագաղթողների թիվը հարյուրհազարներով էր ավելանում: Այսպես` 92-ին 91-ի համեմատությամբ աճեց 220 հազարով, 93-ին` 150 հազարով, 94-ին` 120 հազարով»:
«90-ականներին ունեցել ենք մասսայական էմիգրացիա, որը գուցե այդպես էլ պիտի լիներ` պայմանավորված իրար գումարված արտառոց դեպքերով` երկրաշարժ, բլոկադա, պատերազմ, շոկային թերապիա, բնակչության մասսայական ունեզրկում: Դրա արձագանքը եղան միգրացիոն մեծ հոսքերը: Դրանից հետո այդ մակարդակի հոսքեր չենք ունեցել, բայց գրեթե ամեն տարի ունեցել ենք բացասական մնացորդ,- ասում է Ռուբեն Եգանյանը:- Ինչ եղել եղել է, դրա հետ համեմատվել չարժի: Այն ժամանակ արտառոց պայմաններ էին, հիմա էվոլյուցիոն զարգացման փուլ է, ռեէվոլյուցիոն բաներ չկան: Համեմատվել հարկավոր է սկսել այն պահից, երբ այդ մասսայական երևույթները պրծան, դա 94-95 թվերն են: Պետք է սկսել հաշվարկը դրանից: Երբ թվերը նույնն են, իրավիճակը չի շտկվել, ստիպված համեմատում ես 1992-ի հետ, որ ցույց տաս, թե իրավիճակը բարելավվել է, մի քանի անգամ պակաս է էմիգրացիան»:
Անդրադառնալով արտագաղթի հիմնական պատճառներին` Գագիկ Եգանյանը նշում է, որ դրանք շարունակում են մնալ սոցիալ-տնտեսական բնույթի` աշխատանք չկա, բարձր վարձատրությամբ կամ մասնագիտական աշխատանք չկա, կամ բիզնեսի հետ կապված դժվարություններ կան:
Ռուբեն Եգանյանն էլ, խոսելով մեկնողների որակական կողմի մասին, նշում է, որ որպես կանոն միգրանտներն առավելապես տղամարդիկ են` երիտասարդ տարիքի. «Միգրացիան ակտիվ մարդու գործունեություն է, պասիվ մարդիկ դրան դիմում են ծայրահեղ անելանելի վիճակում միայն: Ակտիվ մարդիկ են, որ փորձում են իրենց կյանքում ինչ-որ բան փոխել, չեն կարողանում այս միջավայրում այդ փոփոխություններն ապահովել և որպեսզի իրենց ակտիվությունը դրսևորեն, այլ ճանապարհ չեն տեսնում, քան միջավայրը և բնակության վայրը փոխելը»:
«Եթե ուզում ենք` արտագաղթը կասեցնենք, պիտի պատճառները վերացնենք, իսկ դա ողջ կառավարության գործունեության նպատակն է: Արտագաղթի վերացումը մեկ ծրագրով չես կատարի, այն բազմաոլորտային և մի քանի տարվա գործունեության արդյունքում կարող ես ունենալ»,- ասում է Եգանյանը` հավելելով, որ կառավարության կատարած ամեն բարեփոխում միտված է նվազեցնելու արտագաղթը:
Ռուբեն Եգանյանը, սակայն, նշում է, որ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվում, որոնք իսկապես կկանխեին էմիգրացիան. «Մեր դեպքում առկա սոցիալ-տնտեսական պայմաններում հնարավոր չէ` արտագաղթ չլինի Հայաստանից, այլ բան են ծավալները: Ինչքանո՞վ է խելամտության շրջանակներում: Եթե ուզում ենք ազգային անվտանգությունը քիչ թե շատ ապահով դարձնել, եթե ուզում ենք ապագան ավելի նորմալ, մարդավայել ստանալ, պետք է փորձենք միգրացիան հնարավորինս սահմանափակել»:
Ժողովրդագիրը նշում է, որ երբ էմիգրացիան կազմում է 0.5-1 տոկոս, դա արդեն ցույց է տալիս, որ ձևավորվել է միջավայր, որտեղ բարենորոգում չի կատարվում. «Եթե ուզում ենք իրավիճակը փոխել, պիտի համակարգային փոփոխությունների գնանք, առանց դրա որևէ փոփոխություն չի լինելու»:






Facebook
Tweet This
Email This Post
