«Ձեր տվյալը չկտրվի…»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | August 6, 2012 7:24

Հուլիսի 20-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ, օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները 2012 թ. հունիսին` հուլիսի 20-ի դրությամբ:

Չնայած վիճակագրական թվերն ու տվյալները, որոնք ներկայացվում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից, վաղուց արդեն հավատ չեն ներշնչում, և պարզ չէ, թե որտեղից և ինչ ճանապարհներով ստացված թվերի վերլուծությունների արդյունքում են ստացվում: Այնուամենայնիվ անդրադառնանք այս նախնական հրապարակված տվյալներից մի քանիսին: մասնավորապես` գյուղատնտեսությանը, արտահանում-ներմուծում հարաբերակցությանն ու միջին անվանական աշխատավարձին:

Այսպիսով, ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների, պարզվում է, որ այս տարվա հունվար- հունիսին Հայաստանում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ եղել է 108.1 տոկոս և կազմել 203 մլրդ 575.2 մլն դրամ: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ անցյալ տարի գյուղացիներն ու ֆերմերները բողոքում էին երաշտից, սակավ բերքից և այլն: Այսինքն` ստացվում է, որ անկախ նրանից` գյուղատնտեսական տարին բերրի է եղել, թե սակավաբերք, միևնույն է, գրեթե նույն ցուցանիշն է ստացվում, համենայն դեպս` ըստ ԱՎԾ թվերի:

Սակայն իրականում ի՞նչ է տեղի ունենում. ԱՎԾ-ն վիճակագրության համար թվեր է ուզում գյուղնախարարությունից: Գյուղնախարարությունը, իր հերթին, այդպիսի պահանջ է ներկայացնում իր մարզային համապատասխան վարչություններին ու բաժիններին: Մարզպետարանների գյուղատնտեսության վարչության պետերն էլ ի՞նչ անեն, վերցնում են հեռախոսն ու սկսում հերթով զանգահարել համայնքների ղեկավարներին, թե այ պարոն գյուղապետ Պետրոս, վիճակագրության համար թվեր են պետք, պետք է ուղարկես այսինչ թվերը: Գյուղապետն էլ ի՞նչ անի` ուզած-չուզած իր բլանկի վրա թվերը նկարում և ուղարկում է մարզպետարան, սրանք` գյուղատնտեսության նախարարություն, նախարարությունն էլ` վիճակագրական ծառայություն:

Ստեղծվում է իրականությանը չհամապատասխանող այն պատկերը, ինչ որ այժմ է: Այդ պատկերին համապատասխան էլ առաջ են քաշվում հարցադրումները, խնդիրները, առաջարկվում են լուծումներ, ու այս ամենի արդյունքում մշակվում է սխալ քաղաքականություն: Եվ տարին տարվա վրա ոչինչ էլ չի փոխվում. գյուղացիներն ու ֆերմերները շարունակում են բողոքել, որ իրենց հոգսերով զբաղվող չկա, համապատասխան կառույցներն էլ մի քանի հատորանոց ծրագրեր, ռազմավարություններ են թափահարում իրենց աշխատանքի վրա կասկածողների քթների դեմ, թե տեսեք, հետո չասեք, թե մենք չենք աշխատում:

Ինչ վերաբերում է արտահանում-ներմուծում հարաբերակցությանը, ապա ըստ ԱՎԾ նույն հրապարակման` այս տարվա հունվար-հունիսին Հայաստանից արտահանման ծավալները կազմել են 684.4 մլն դոլար և 270.3 մլն դրամ կամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` 113.5 տոկոս: Իսկ ներմուծման ծավալներն այդ նույն ժամանակահատվածում կազմել են 2 մլրդ 17.7 մլն դոլար և 796.8 մլն դրամ կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` 106.7 տոկոս:

Այսպիսով, արտահանում-ներմուծում հարաբերակցության մեջ ստացվում է 1 միլիարդ 333.3 մլն դոլար և 526.5 մլն դրամ բացասական մնացորդ: Այսինքն` բացասական մնացորդն այն է, թե արտահանումը որքանով է գերազանցել ներմուծմանը: Սա Հայաստանի համար կարևոր է այնքանով, որ կառավարությունը վերջին մի քանի տարիներին կուրծք է ծեծում, նախընտրական ծրագրեր է ներկայացնում, թե պետք է վարի արտահանումը խթանող քաղաքականություն: Բայց ինչպես ասում են, նկարված թվերն էլ են թվեր, և նույնիսկ նրանք այդ կուրծքծեծոցի հակառակ պատկերի մասին են հուշում:

Այժմ անդրադառնանք միջին անվանական աշխատավարձին: Ըստ ԱՎԾ շտապ հավաքված տվյալների` 2012 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանում միջին անվանական աշխատավարձը կազմել է 117 հազար 621 դրամ: Թե ինչքանով է այս թիվը լամ վիճակագրական ցուցանիշն արտահայտում իրական, պատկերը, դժվար չէ ասել: Բավական է միայն, որ յուրաքանչյուր մարդ գոնե իր շրջապատում ծանոթ-բերեկամից, հարևան-ընկերներից հետաքրքրվի, թե ով ինչքան աշխատավարձ է ստանում, և կհամոզվի, որ մեր երկրում 117 հազար դրամ աշխատավարձն արդեն համարվում է ոչ թե միջին, այլ բարձր աշխատավարձ:

Իրականում շատ գործատուներ իրենց մոտ աշխատողների մասին տվյալներ չեն տրամադրում հարկային, սոցիալական և այլ մարմիններին, որպեսզի խուսափեն ավելի հարկեր և տուրքեր մուծելուց: իսկ այդ չգրանցված աշխատողները մեծ մասամբ 60-90 հազար դրամից ավելի աշխատավարձ չեն ստանում, և հազվադեպ է պատահում, որ այդպիսի չգրանցված  աշխատողներն ավելի բարձր աշխատավարձ ստանան: Փաստորեն, այս դեպքում էլ ճիշտ չի բնութագրվում ազգաբնակչության եկամուտների պատկերը, հետևաբար նաև և սոցիալ-տնտեսական վիճակը: Իսկ դրան հետևում է դարձյալ սխալ սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակումը:

Դրանից բացի, նաև մասնավոր բիզնեսի հատվածն արդեն չի կարողանում պատկերացում կազմել մարդկանց եկամուտների, հետևաբար նաև գնողունակ պահանջարկի մասին, չի իմանում, թե ինչպիսի շուկայի համար է աշխատում: Սրա հետևանքով չի կարողանում ճիշտ գնային և բիզնես քաղաքականություն մշակել, ու բիզնես միջավայրի կայունացման կամ աշխուժացման մասին խոսակցությունները դառնում են «Գյուլնազ տատի հեքիաթներ»: Իսկ եթե բիզնեսը, այնուամենայնիվ, որոշակի առաջընթաց գրանցում է, ապա դա միայն մեր բիզնեսմենների հոտառության, ճարպկության ու կռահողականության շնորհիվ:

Մի խոսքով, քանի դեռ Հայաստանում նույնիսկ նորմալ վիճակագրություն չեն կարողանում կամ չեն ուզում իրականացնել, որևէ տնտեսական, սոցիալ-տնտեսական, բիզնեսի և այլն տեսակի զարգացումների մասին խոսելն ուղղակի անիմաստ է: Իսկ թե դեռ ինչքան են Հայաստանի կառավարումն իրականացնող մարմինները պատրաստվում թվանկարչությամբ զբաղվել, միայն իրենց է հայտնի, բայց դրա հետևանքները միշտ ազգաբնակչությունն է զգացել իր մաշկի վրա ու դեռ զգալու է:

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply