Ընտրանքն ու այլընտրանքն անբաժանելիորեն բաժանված են

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 3, 2012 8:00

ԲՀԿ-ական պաշտոնյաները` արտակարգ իրավիճակների փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը,  տարածքային կառավարման փոխնախարար  Ռուբեն Սինոյանն ու գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը, ինչպես նաև Լոռու փոխմարզպետ Էդիկ Կարախանյանն ու Արագածոտնի փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը հուլիսի 27-ին հանդես եկան հայտարարությամբ` կապված իրենց հրաժարականների հետ, որում մասնավորապես նշված է. «2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որոշում  կայացրեց չմասնակցել  կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը` մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր  պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել և տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ  ծրագրերը:  Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների  լուծման գործում»:

Ահա առաջանում են մի քանի հարցեր. նախ` ինչպե՞ս է պատահում, որ ԲՀԿ-ի կոալիցիային մաս չկազմելու հայտարարությունից հետո մի շարք պաշտոնյաներ դեռևս շարունակում էին պաշտոնավարել: Եթե ԲՀԿ-ն այլևս իշխանական բուրգի տարր չէ, ուրեմն այդ բուրգից պետք է «դուրս մղվեին» այդ տարրի բոլոր անկյունաքարերը: Հակառակ պարագայում ստացվում է, որ այս քաղաքական ուժն աշխատում է «դեմ ըլլալով` կողմ կըլլանք» սկզբունքով, ինչի մասին բազմիցս խոսվել է ամենատարբեր քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու մեկնաբանների կողմից կոալիցիա չկազմելու հայտարարությունից ի վեր: Սակայն պարզվում է, որ ԲՀԿ-ն ձեռքի տակ լավ «կռվաններ» ունի. հայտարարության մեջ նշված հիմնավորումն այն է, թե տղերքը դեռևս անավարտ ծրագրեր ունեին և պետք է ավարտին հասցնեին: Վատ հորինվածք չէ: Ստացվում է, որ օրինակ` քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն իր բոլոր ծրագրերն ավարտին էր հասցրել ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու հայտարարության օրը: Կամ ի՞նչ ասել է «տրամաբանական ավարտ», մի՞թե ԲՀԿ-ական մյուս չինովնիկների հրաժարականի դեպքում գործերը հասել էին «անտրամաբանական» ավարտին: Եվ ո՞վ կարող է ասել, թե քաղաքականության մեջ որն է տրամաբանական ավարտը:

Երկրորդ հարցը, որ առաջանում է, այն է, թե ինչու հիշյալ պաշտոնյաները հենց այդ պահն ընտրեցին հրաժարականի հայտարարաույթամբ հանդես գալու համար, ինչո՞վ է այն առանձնահատուկ կամ հատկանշական: Այս կապակցությամբ yerkir.am- ին ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է.  «Պայմանավորված էր հանգամանքով, որ այն ծրագրերն ու պարտականությունները, որ նրանց վրա դրված էին, իրենք հասցրել են ավարտին: Այլ պատճառ կամ ենթատեքստ չկա»:

Դե իհարկե, ի՞նչ ենթատեքստ կարող էր լինել հրաժարականների մասին հայտարարելու օրը, եթե ԲՀԿ-ն այդ նույն չինովնիկների անունները հիշյալ պաշտոններում նույն կերպ` ի լուր ամբողջ աշխարհի չէր ավետել. այդ անունները Հայաստանի քաղաքական իրականության մեջ որևէ առանցքային դերի, նշանակության կամ իրողության մասին  չեն հուշում:

Էլ չասենք, որ այդ օրը «Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկն» էր, երբ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է մեկներ  Լոնդոն` օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու: Իսկ նրան պետք է ոչ թե ճանապարհեր, ինչպես հաճախ, այլ ուղեկցեր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ահա և քեզ ենթատեքստ. ստացվում է` ԲՀԿ-ն Հայաստանի բնակչությանն ուզում է ասել. «Տեսեք, ժողովո՛ւրդ, ճիշտ է` մեր առաջնորդը իշխանական կոալիցիայի լիդերի հետ մեկնում է արտասահման, բայց դա ոչինչ չի նշանակում, մենք վայր ենք դնում դեռևս պահպանված պաշտոնները»: Այս արտահայտության սկզբում, իհարկե, կարելի էր ավելացնել «իբր» բառը: Բոլոր դեպքերում խաղի կանոնները պարզ են «ընտրանքն ու այլընտրանքը անբաժանելիորեն բաժանված են» հակասության տեսքով:

Իսկ թե ինչքանով են երկրի քաղաքական իրականության  առաջին և երկրորդ խոշորները նախօրոք ամեն ինչ պայմանավորվել, թե ինչպես եղավ, որ ընդդիմությունն ու իշխանությունը նույն արմատներն ունեն` կապված խնամի-բարեկամական կապերով, թե ինչպես արհեստականորեն «այլընտրանք» ստեղծվեց, որի առաքելությունն ընդդիմության դերն ու դիրքը գրավելն է,  արդեն քաղաքական վերլուծաբանների գործն է: Իսկ մենք առայժմ ստիպված ենք համակերպվել «տրամաբանական ավարտների» վարկածին կամ չհամակերպվել: Միևնույն է, դրանից առանձնապես բան չի փոխվի:

 

Դիտվել է 1837 անգամ:
Print Friendly

Leave a Reply