Սիրիահայերի մասին պետք է զգույշ խոսել

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 2, 2012 13:12

Վերջին շրջանում համաշխարհային, ինչպես նաև հայկական լրատվադաշտում չափազանց աշխուժացան Սիրիայի և այնտեղ ծավալվող իրադարձությունների մասին հրապարակումները: Հասկանալի է` պահն է թելադրում: Իսկ հայկական ԶԼՄ-ները նաև ազգային շահագրգռություն ունեն, քանի որ Սիրիայում հայկական հոծ համայնք գոյություն ունի:

Ամեն դեպքում, Սիրիայի խնդրին անդրադառնալիս պետք է նախ հասկանալ, թե ինչ է կատարվում Սիրիայում: Մի բան ակնհայտ է բոլորի համար` Սիրիան այս պահի դրությամբ էլ պատերազմական վիճակում է: Սիրիայի ապստամբ ընդդիմադիրները դիմել են զենքի` «Հրաբուխ Դամասկոսում և երկրաշարժ Սիրիայում» գործողությանը` երկրի նախագահ Բաշար Ալ Ասադի իշխանությունը տապալելու համար: Ասադն էլ կառավարական ամբողջ ուժերով փորձում է ճնշել ապստամբ-ընդդիմադիրների բարձրացրած անհնազանդության ալիքը: Սա է փաստը:

Հարցն այն է, թե այս իրականությունն ինչ լույսի ներքո է լուսաբանվում, կամ ով ինչ տեսանկյունից է անդրադառնում Սիրիայի խնդիրներին: Ահա միջազգային հանրություն կոչվածի կարծիքը բաժանվել է երկու հակադիր կողմերի: Մի կողմը համոզված է, որ Բաշար Ասադի ռեժիմը բռնատիրական է, պետք է տապալվի, Սիրիայում պետք է հաստատվեն ժողովրդավարական կարգեր և այլն: Այս տեսակետի հեղինակը Իսրայելն ու Արևմուտքն են` Եվրոպան ու ԱՄՆ-ն, որոնց գաղափարները թութակի պես կրկնում են նաև այլ երկրներ: Մյուս կողմը կարծում է, որ Արևմուտքն իրավունք չունի խառնվելու որևէ երկրի ներքին գործերին ընդհանրապես և Սիրիայի գործերին` մասնավորապես:

Այս համատեքստում Արևմտյան լրատվամիջոցները հիմնականում հանդես են գալիս ոչ միայն  որպես մեր հիշատակած առաջին տեսակետի հետևորդներ, այլև այդ տեսակետի քարոզիչներ ու տարածողներ:

Մինչդեռ Ռուսաստանի շահերից չի բխում, որ հաստատվի Արևմուտքի գերիշխանությունը: Համենայն դեպս, ռուսական լրատվամիջոցները սիրիական խնդիրը ներկայացնելու առումով ամենահամակողմանի տեղեկատվությունն են մատուցում:  Նաև արաբագետ Սարգիս Գրիգորյանն է կարծում, որ ռուսական դիրքորոշումն այս հարցում այն է, որ Սիրիայի ժողովրդի կարծիքն ու կամքն արտահայտվի:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա հայկական լրատվամիջոցները և հասարակական ակտիվ զանգվածը, իրենց ձայնն այս հարցի առնչությամբ պարբերաբար բարձրացնում են: Եվ այստեղ հաճախակի մեղադրական շեշտադրումներով արտահայտություններ են հնչում ՀՀ սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների հասցեին: Սակայն մի բան կա, որ հնարավոր չէ հաշվի չառնել: Եթե այս գերատեսչություններն իրենց գործառույթները լավ չեն իրականացնում, իհարկե արժե բարձրաձայնել և  կշտամբել նրանց, բայց դրա հետևանքներից մեկն էլ այն է, որ մեր թշնամիների քարոզչամեքենայի համար դա դառնում է հիանալի առիթ, որպեսզի հայտարարեն, թե տեսեք, նույնիսկ հայկական լրատվամիջոցներն ու հասարակական գործիչներն են ասում, որ Հայաստանի կառավարությունը չի կարողանում պաշտպանել հայության շահերը և անգործունակ է:

Այսպիսի մի թնջուկ այսօր գոյություն ունի, որից լուծում են փորձում գտնել մեր լրատվամիջոցները: Առավել ևս, որ մեր ԶԼՄ-ները Սիրիայում թղթակցական կետեր կամ թղթակիցներ չունեն, հետևաբար որևէ  տեղեկատվություն հաղորդելու համար օգտվում են արտասահմանյան լրատվամիջոցների արտադրանքից: Ասել է թե, նայած որ լրատվամիջոցից է օգտվում լրագրողը, և այդ լրատվամիջոցն ինչպիսի դիրքորոշում ունի, նույնպիսի դիրքորոշում էլ փոխանցվում է իր ստեղծած լրագրողական արդյունքին:  Ուստի հաճախ հայկական լրատվադաշտում սկսում են թափառել այնպիսի մտքեր ու գաղափարներ, որոնք հաստատ սիրիահայության վիճակն ավելի չեն թեթևացնի, եթե, իհարկե, ավելի չբարդացնեն:

«Լրատվական լուսարձակների մոդայիկ կենտրոնացումը, մրցակցային կշռույթով ստուգված ու չստուգված լուրերը շրջանառության մեջ դնելու հևքը այսօր ստեղծած են խայտաբղետ մի իրավիճակ , ուր լրագրողական շուկան պահանջ-սպառողի կանոնների հիմամբ հեղեղած է լրատվադաշտը: Այստեղ որոշ լրատվությունների դեպքում կան պատվերային շարժառիթներ իհարկե, այլոց համար ընդհանուր մրցավազքից  ետ չմնալու մղումներ, իսկ սակավաթիվների համար ալ` սիրիահայության ձեռք երկարելու գիտակցական ինքնաթելադրանքներից  ներշնչված քայլեր: Այս թոհուբոհում ականատես ենք լինում հաճախ արևմտյան քարոզչության ուղղակի հայացման, նման լրատվությունների բառացի կրկնօրինակացումին և բնականաբար նրանցից ազդված մեկնաբանությունների: Արդյունքը խուճապային մթնոլորտի տարածումն է, «ժողովրդավարացման» քաղաքականության տարածումի քարոզչության ալիքների տակ ընկնելը և ապալուսաբանելը: Չմոռանանք ստեղծված տագնապին և պատերազմական իրավիճակին հետ թուրքական շահագրգռվածության չափը և Թուրքիայի առաջադրած «անվտանգության գոտի»-ին անմիջականությունը: Հայկական յուրաքանչյուր լրատվամիջոցի կողմից նման հաշվարկ չկատարելու փաստը լրագրողական աշխատանքից  ակնկալված օրինաչափությունների չի վերաբերում միայն»,- այս առումով օրերս արտահայտվեց «Ազդակի» գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Այսինքն` պետք է հաշվի առնել մի բան: Սիրիական հարցի ակտիվացումից ի վեր բազմաթիվ արևելագետներ, արաբագետներ, քաղաքագետներ բազմիցս հանդես են եկել ասուլիսներով, և գրեթե բոլորն էլ հաստատել են, որ սիրիական ընդդիմության հաղթանակը հայերի օգտին չէ, քանի որ այդ ընդդիմության կազմում նաև ծայրահեղ իսլամականներն են, որոնք էլ հենց զենքով են այսօր պայքարում Ասադի և կառավարական զորքերի դեմ: Իսկ եթե նրանք գան իշխանության, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի Սիրիայի կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես` հայ համայնքի վիճակը: Առավել ևս,  որ այդ ընդդիմություն կոչվածին ամենաանմիջական օգնություն է ցույց տալիս, ոչ ավելի, ոչ պակաս, Թուրքիան: Իսկ հետևանքն այն է, որ ժողովրդավարության մեր կույր հետևորդներն ակամա հայտնվում են Թուրքիայի հետ միևնույն «բլոկում», ու հայտնի չէ, թե այդ ժողովրդավարություն կոչվածն ուր է տանում, մանավանդ որ արդեն զենքով է հայտնվում մարդկանց,  ավելին`ծայրահեղ իսլամիստների դեմքով:

Մի պահ մտածենք, թե մենք էլ մոդայիկ մտածելակերպի` «ժողովրդավարություն» կոչվածի մոլեռանդ ջատագով ենք ու պաշտպանում ենք սիրիացի ապստամբներին և դրանց կողքին կռվող օտարերկրացի վարձկաններին:

Հայկական կայքերից մեկին տված հարցազրույցում Սիրիայի հայ ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը Սիրիայում տիրող իրավիճակի մասին նշել է. «Թաղամասեր կան, ուր ընդդիմադիրներ էին թափանցել և որոշակի չափով իշխանություն ստեղծել` հանցախումբ: Այդ թաղամասերից, օրինակ, Սալահեդդինը, որի մասին շատ էր խոսվում, բնակչությունից դատարկված է: Բավական մեծ թաղամաս է, և բնակչությունն ամբողջությամբ հանրակացարաններում, մզկիթներում, դպրոցներում է տեղավորվել, որպեսզի բանակն ավելի հանգիստ կերպով կատարի իր վրա դրված պարտականությունը կամ ասենք` ընդդիմության տարրերի դեմ իր մաքրագործման աշխատանքները կատարի: Պետությունն արդեն հանգստացրեց ժողովրդին և արդեն կացության տերը լինելու ընթացքի մեջ է: Բայց պետք է կարողանա այդ ահաբեկիչներին, ապստամբներին, օտար վարձկաններին մի ձևով երկրից մաքրել»:

Ասել է թե` Ասադի հաղթանակն արդեն ուրվագծվում է, ու դրանից հետո նա պատասխան կպահանջի հայերից, եթե հակամարտության ժամանակ Սիրիայից դուրս հայերը ընդդիմադիրներին այս կամ այն կերպ օժանդակեն: Մի՞թե մեր նպատակը դա է, իհարկե ոչ:

Այս առնչությամբ կարելի է հիշատակել նաև, որ փորձագիտական շրջանակներում հաճախ են հնչում տեսակետներ, որ իրադարձությունների ցանկացած զարգացումների դեպքում էլ հաստատ է, որ Բաշար Ասադը չի մնա իշխանության: Այս մասին օգոստոսի 1-ի ասուլիսի ժամանակ նշեց նաև արաբագետ Սարգիս Գրիգորյանը և մասնավորեցրեց, որ  պարզապես դեռ հարմար փոխարինող գտնված չէ: Եվ պարզ էլ չէ, թե նրան ով կամ ովքեր կփոխարինեն:

Այնպես որ, անհրաժեշտ է այս հարցում մեծ զգոնություն ցուցաբերել և այնպես չանել, որ սիրիահայությունը հանկարծ հայտնվի լուրջ վտանգի առջև, քանի որ մի անզգույշ հայտարարությունն անգամ կարող է ցնցում առաջացնել:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply