Վանո Սիրադեղյանի մահվան մասին լուրերը չափազանցվա՞ծ են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 2, 2012 7:46

«Հրապարակը» գրում է. «Հայտնի մտավորականներից մեկը, ով ժամանակին շատ մտերիմ էր Վանո Սիրադեղյանի հետ, մեզ հայտնեց, որ ամիսներ առաջ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է, սակայն այս փաստը՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով,  գաղտնի է պահվում: Նա պնդում է, որ հայտնի գործչի վերադարձի հետ կապված ֆեյսբուքյան ստորագրահավաքի եւ շարժման վերաբերյալ նրա ու ընտանիքի լռությունը հենց դրանով է պայմանավորված:

Այս տեղեկությունը մենք ստացել ենք բավականին օրեր առաջ, սակայն այն տպագրելու համար լուրջ ապացույցներ էին հարկավոր, ինչպես նաեւ համոզվածություն, որ այն համապատասխանում է իրականությանը: Շուրջ մեկ ամիս մենք մեծ զգուշությամբ հետաքննություն ենք կատարել: Մի քանի անգամ տրամագծորեն հակառակ եզրակացություններ արել եւ անգամ տպագրելիս կասկածում ենք, որ ճիշտ ենք վարվում, եւ հենց «Հրապարակի» էջերից պետք է այս լուրը տարածվի:

Սակայն բարձրաձայնելով այս մասին՝ մենք ելնում ենք մի քանի նկատառումներից. նախ, մարդու մահը թաքցնելը համարում ենք անհարգալից վերաբերմունք գրողի ու պետական գործչի նկատմամբ, իսկ Վանո Սիրադեղյանն արժանի է, որ իր կյանքն ու մահը համապատասխան արժեւորման ենթարկվեն, եւ իր հիշատակը խնկարկվի: Երկրորդ՝  եթե այնուամենայնիվ այս տեղեկությունը ճշմարիտ չէ (հուսանք), ապա շուտով նրա ողջ առողջության ապացույցներ կներկայացվեն հանրությանը, եւ կամ ինքը որեւէ կերպ կարձագանքի:

Եվ այսպես, ինչ ենք պարզել մենք: Ի սկզբանե Վանո Սիրադեղյանի հետ կապ ունեցողների ցանկը եղել է շատ սահմանափակ: Անգամ մտերիմ ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր վիրավորված են, որ իրենց չի թույլատրվել առնչվել, գոնե՝ էպիզոդիկ բնույթի կամ նամակագրության տեսքով: Այն անձինք, ովքեր կապի մեջ են եղել՝ հոգալով նրա մասին, ամեն ինչ արել են, որ Սիրադեղյանի տեղն իմացողների քանակը նվազագույնի հասցվի: Այն տեսակետը, թե Սիրադեղյանն իր համար ազատ, անարգել ու ապահով ապրում է եվրոպական երկրներից մեկում, իրականությանը չի համապատասխանում: Նա այս ամբողջ ընթացքում խոր ընդհատակյա կյանքով է ապրում եւ, որքան հասկացանք, առանձնապես շփվելու ցանկություն էլ չունի:

Նրա մտերիմ ընկերներից մեկը, ով մոտ 3 տարի առաջ է վերջին անգամ տեսել նրան, ասում է, որ Սիրադեղյանը տեղեկացված է հայաստանյան իրականության մասին եւ մեծ հույսեր չի կապում երկրի ապագայի հետ: Ինչ-որ պահից այլեւս նրա հետ որեւէ առնչության մասին տեղեկություններ հայտնաբերել չի հաջողվել:  Ենթադրում ենք, որ անգամ նրա ընտանիքի անդամների մի մասը չգիտեր նրա տեղը, եւ տարիներ շարունակ չեն տեսել նրան:

Մենք, բնականաբար, չենք հրապարակում այն անձանց անունները, որոնց հետ զրուցել ենք այս թեմայով. նրանց մի մասը կտրականապես հրաժարվեց որեւէ բան խոսել: Մյուսները խնդրեցին՝ հարցեր չտանք, քանի որ թեման ցավոտ է: Սակայն այն նեղ շրջանակը, որը կարող էր տեղյակ լինել Վանոյի մասին,  նրա մահվան վերաբերյալ հարցից անակնկալի չեկան, թեեւ ժխտեցին փաստը»:

 NEWS.am

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply