Համագործակցությունը շարունակվում է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 1, 2012 17:52

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին` առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ:

Հյուրերը նախարարին են ներկայացրել գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից առողջապահության ոլորտում իրականացված ծրագրերը` արդյունքներն ու անելիքները: Մասնավորապես ներկայացվել է երկրի առաջընթացը մոր և մանկան առողջության հիմնական ցուցանիշներով` մանկական մահացության նվազում, պատվաստումներում բարձր ընդգրկվածություն, նախածննդյան խնամք, ծննդօգնություն, հղիության արհեստական ընդհատումների նվազում, ընտանիքի պլանավորում: Նշվել են նաև այն թիրախները և ուղղությունները, որտեղ կան անելիքներ` վերարտադրողականության բարձրացում, տուբերկուլոզի նոր դեպքերի վաղ հայտնաբերում, առողջապահական ծառայությունների որակի բարելավում, այլընտրանքային ֆինանսավորում, կադրային քաղաքականություն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցության ռազմավարությունը, որն իրականացվելու է առաջիկա 5 տարիներին:

Կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերը և վերջին տարիներին առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին մասնակցությունը` նախարար Դումանյանը նշել է, որ ընտրված թիրախներն արդիական են:

Դերենիկ Դումանյանն ընդգծել է, որ առկա ֆինանսական և մարդկային ռեսուրսները նախ պետք է արդյունավետ կառավարել, ինչը կնպաստի ոլորտի բարելավմանը, կմշակվեն հստակ մեխանիզմներ ոչ պաշտոնական գանձումները վերացնելու, մարզերից Երևան հիվանդների հոսքը կանոնակարգելու ուղղությամբ:

Նախարարն առաջարկել է համատեղ ջանքերն ուղղել բուժօգնության որակի բարձրացմանը, նաև գտնել այլընտրանքային ֆինանսական միջոցներ ոլորտի առջև դրված մարտահրավերները լավագույնս իրականացնելու համար։

Կողմերը պայմանավորվել են առաջիկա 5 տարում ևս սերտ համագործակցել` ի շահ հայ ժողովրդի բարօրության:

Դիտվել է 1827 անգամ:
Print Friendly

Leave a Reply