«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կարծիքը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 1, 2012 16:03

ԿԱՐԾԻՔ

“Ալումինա Քորփորեյշն” ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թեժսարի նեֆելինային սիենիտների

հանքավայրի բաց եղանակով շահագործման նպատակով կազմված

շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասի վերաբերյալ

Հարգելի գործընկերներ.

հարկ ենք համարում ձեզ ներկայացնել մեր նախաձեռնության կարծիքը վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ:

Նախ նշենք, որ այն ամբողջությամբ չի համապատասխանում իր նպատակին, քանի որ չի իրականացված որեւէ հիմնավոր, մասնագիտական հետազոտություն եւ ուսումնասիրություն՝ բնության տարբեր տարրերի վրա հնարավոր ազդեցության, դրանց մեղմման կամ կանխարգելման, ինչպես նաեւ բնությանը հասցվող վնասը գնահատելու ուղղությամբ:

Ստորեւ շարադրենք մի քանի կետեր, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս տվյալ փաստաթղթի թերի լինելը.

1.       Նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթում բացակայում են տվյալ հանքավայրի անմիջական ազդեցության գոտում գտնվող Արզական-Մեղրաձորի, Մարգահովտի, Կովկասյան մրտավարդի, Հանքավանի ջրաբանական արգելավայրերի եւ հարակից անտառային զանգվածների, «Դիլիջան» ազգային պարկի, Մարմարիկ եւ Աղստեւ գետերի, ինչպես նաեւ դրանց վտակների, Մարմարիկի ջրամբարի, Հանքավան-Մեղրաձոր-Ծաղկաձոր հատվածի հանգստյան տների գործունեության վրա հնարավոր ազդեցությունները:

2.       Փաստաթղթում բավականին շատ են հիմնազուրկ ենթադրությունները կամ մոտավոր տվյալները, ինչը նման նախագծերի համար ուղղակի անթույլատրելի է:

3.       Փաստաթղթում ներկայացված չէ հարստացուցիչ ֆաբրիկայի եւ պոչամբարի վերաբերյալ էական տվյալներ եւ դրանց ուղղակի ու անուղղակի ազդեցությունները շրջակա միջավայրի վրա, առանց որի անհնար է լիարժեք գնահատել այս նախագծի բնապահպանական վտանգները:

4.       1.5. «Հողային ծածկույթ» կետում ներկայացված են գրականությունից հայտնի տարբեր հողային տիպերի բնութագրիչներ, ըստ որոնց տվյալ տարածքում կան բավականին արժեքավոր հողային տիպեր, սակայն, կետի վերջում, չգիտես թե ինչ հիմնավորմամբ, նշվում է. «Միևնույն ժամանակ պետք է նշել, որ անմիջապես հանքավայրի տարածքի հողածածկը աղքատ կազմ ունի և չի պարունակում էական քանակով հումուս»: Քանի որ չկա որեւէ հղում տվյալ տարածքում իրականացված հետազոտությունների վերաբերյալ, կարծում ենք, որ նման եզրահանգումն ուղղակի որոշ մարդկանց ենթադրություններն են, ինչը լրիվ հիմնազուրկ է:

5.       1.6«Բուսական աշխարհ» կետում գրված է. «Մարմարիկի ավազանի բուսական աշխարհը ներկայացված է բարձրակարգ բույսերի ավելի քան 801 տեսակով և ենթատեսակով, որոնք պատկանում են 86 ընտանիքների 360 ազգերին»: Այս միտքը փաստում է տվյալ տարածաշրջանի հարուստ բուսական աշխարհի մասին, սակայն փաստաթղթում բացակայում է որեւէ հղում, որը ցույց կտար նախագծող խմբի կողմից իրականացված դաշտային որեւէ հետազոտության մասին, առավել եւս դրանց վրա հանքավայրի շահագործման իրական ազդեցության մասին: Նշված չէ նաև, թե այդ 801 տեսակ բույսերից քանիսն են գրանցված Հայաստանի Կարմիր գրքում:

6.       1.7 «Կենդանական աշխարհ» կետում եւս, որը նախագծում ներկայացված է ընդամենը հինգ տողով, արված են այն սխալները, ինչ վերոնշյալ կետում, այսինքն տեքստից ակնհայտ է դառնում, որ որեւէ լուրջ ուսումնասիրություն չի իրականացվել, այլ օգտագործվել է որոշակի գրականության նյութեր: Փաստաթղթում նշվում է, որ Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին բնակվում են ազնվացեղ և ուսուրական բծավոր եղջերուներ, սակայն մոռացել են նշել այդ տարածքներում հանդիպող կասպիական ուլարի եւ կովկասյան մարեհավի մասին, որոնք գրանցված են Կարմիր գրքում:

7.       «Զրոյական, հիմնական և այլընտրանքային տարբերակների հակիրճ նկարագրությունը» բաժնի 3.2. «Քննարկվող տարբերակները» կետում դիտարկվել են հանքավայրի շահագործման մի քանի տարբերակներ եւ որպես ընդունելի տարբերակ առաջարկվել է հանքաքարի տեղում հարստացման տարբերակը: Փաստաթղթում գրված է. «… ներկայացվող նախագծում նշված են նաև ջարդիչ կայանի, հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի տեղերը: Նախագծային փաստաթղթերի բնապահպանական դրական եզրակացության դեպքում և նշված տարբերակի վերջնական ընդունման արդյունքում կկազմվեն այդ հանգույցների աշխատանքային նախագծեր»: Հարկ ենք  համարում հիշեցնել նախագծողներին եւ փորձաքննություն իրականացնող պետակա լիազոր մարմնին, որ մենք գործ ունենք մի փաստաթղթի հետ, որը «կանաչ» լույս է տալու տվյալ հանքավայրի բաց եղանակով շահագործմանը եւ հենց այս փուլում պետք է արդեն կատարված լինեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները եւ մշակված լինեն համապատասխան միջոցառումները, որոնք էլ պետական լիազոր մարմինը պետք է ենթարկի փորձաքննության եւ տա իր եզրակացությունը: Հարստացուցիչ ֆաբրիկան եւ պոչամբարը այն էական կետերն են, որոնք առավել մանրամասն պետք է նկարագրված լինեին տվյալ փաստաթղթում, ներկայացված լինեին որոշակի լուծումներ, ինչն ընդհանրապես բացակայում է:

8.       Անընդունելի է 5.«Շրջակա միջավայրի վրա սպասվող ազդեցությունը» բաժնի 5.2.2. «Ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա» կետում գրված հետեւյալ միտքը. «Տեխնիկական ջրի օգտագործումը ամբողջությամբ հանդիսանում է անվերադարձ ջրօգտագործում և արտահոսք չի առաջանում»: Նույն բաժնում բերված աղյուսակից պարզ երեւում է, որ օրինակ, ավտոճանապարհների և հարթակների ջրցանման համար տարեկան օգտագործվելու է խմելու որակի 10688.0 մ3 ջուր: Տրամաբանական հարց է առաջանում. ավտոճանապարհների վրա օգտագործված ջուրը արտահոսք չի առաջացնելու? Ինչպես է այն կառավարվելու եւ ինչ հիմքով է այն համարվում անվերադարձ օգտագործում?: Նույնը վերաբերվում է նաեւ հորատման տեղանքների եւ հանքազանգվածի խոնավացման համար անհրաժեշտ ջրին: Նշենք, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է օգտագործել տարեկան 64820.0 մ3 խմելու որակի ջուր: Այստեղ հարկ ենք համարում նաեւ հիշեցնել փորձաքննություն իրականացնող պետական լիազոր մարմնին, որ նշված քանակի խմելու որակի ջրի օգտագործումը պետք է դիտարկել տվյալ տարածաշրջանի խմելու, ոռոգման, ինչպես նաեւ Արարատյան դաշտին ոռոգման ջրի պահանջարկի հաշվարկման եւ առաջնային բավարարման համատեքստում:

9.       5.2.3. «Ազդեցությունը հողային ռեսուրսների վրա» կետում եւս ներկայացված են ընդամենը համընդհանուր հայտնի, գրականության մեջ հանդիպող որոշ մտքեր, սակայն կոնկրետ տվյալ հանքավայրի ազդեցության մասին որեւէ ուսումնասիրության վերաբերյալ հղումը բացակայում է:

10.   5.2.4. «Թափոնների առաջացում» կետում արտադրական թափոններ մասում նշված է, որ մակաբացման ապարները կկազմեն 189109.5hազ.մ3: Հաջորդ նախադասությամբ գրված է. «Սակայն համաձայն գործող օրենսդրության մակաբացման ապարները չեն դասակարգվում և այստեղ չեն ներառվել թափոնների ցանկում»: Հարկ է հիշեցնել նախագծողներին, որ մակաբացման ապարների օրենսդրությամբ չդասակարգումը չի նշանակում, որ չպետք է հաշվի առնել դրանց հնարավոր բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

11.   6. «Շրջակա միջավայրին հասցված տնտեսական վնասի գնահատում» բաժնում 6.2. «Ջրային ռեսուրսներ» կետում գրված է մի «հանճարեղ» միտք, որը մինչ այս չէինք հանդիպել ոչ մի նմանատիպ փաստաթղթում. «Անմիջապես բացահանքի շահագործման արդյունքում աղտոտված արտահոսք չի առաջանում, անձրևաջրերի և ձնհալքի հոսքերը մեծամասամբ` շնորհիվ շրջանցող առվակների և կյուվետների, հեռացվում են տեղանքից առանց աղտոտվելու, իսկ հանքի խոռոչները լցվող հոսքերը հիմնականում հատակի ճեղքերի և դատարկությունների միջոցով ներծծվում են խորքերը: Համապատասխանաբար ջրային ռեսուրսներին հացվող տնտեսական վնաս չի հաշվարկվում»: Հարկ ենք համարում հիշեցնել, որ տվյալ տարածքը հանդիսանում է Աղստեւ եւ Մարմարիկ գետերի եւ իրենց առվակների ակունքները, հետեւաբար ունեն ջրաբանական մեծ նշանակություն: Տարածաշրջանը հայտնի է նաեւ հանքային ջրերի եւ քաղցրահամ ջրերի աղբյուրների մեծ պաշարներով, որոնց մասին թեթեւակի նշվել է նաեւ սույն փաստաթղթում, որոնց վրա եւս հնարավոր են հանքարդյունաբերական գործունեության բացասական ազդեցություններ, ինչի մասին եւս ընդհանրապես խոսք չի գնում: Ավելացնենք, որ հանքի խոռոչները լցվող հոսքերը, որոնք  հիմնականում հատակի ճեղքերի և դատարկությունների միջոցով ներծծվում են խորքերը, չեն կարող անհետ կորել եւ բնականաբար կառաջացնեն ստորգետնյա հոսքեր՝ անկանխատեսելի ելքերով:

12.   6.3. «Հողային ռեսուրսներ» կետում գրված է. «Հաշվի առնելով, որ ելքային վիճակում տեղանքը գործնականում զուրկ էր բերրի հողաշերտից, տվյալ փուլում կենսաբանական վերակուլտիվացում չի նախատեսվում: Վերակուլտիվացման աշխատանքային նախագծման ժամանակ կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ և կմշակվեն համապատասխան միջոցառումներ»: Նորից հիշեցնենք, որ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները պետք է արդեն իրականացված լինեին եւ մշակված լինեին համապատասխան միջոցառումների պլան, որոնք էլ պետական լիազոր մարմինը պետք է ենթարկի փորձաքննության եւ տա իր եզրակացությունը: Պետք է խնդրել նաեւ նախագծողներին պարզաբանել կենսաբանական վերակուլտիվացում եւ լեռնատեխնիկական վերակուլտիվացում /հանդիպում է տեքտում հաջորդիվ/ ասելով ինչ ի նկատի ունեն:

13.   8. «Ազդեցության կանխարգելմանը եվ նվազեցմանը ուղղված բնապահպանական միջոցառումներ» բաժնի 8.2. «Ջրային ռեսուրսներ» կետում  գրված է. «Բացահանքից մնացորդային և կողերից իջնող ջրերի հեռացման համար աստիճանների ստորոտում բերմաների վրա կողի թեքության տակ ստեղծվում են կյուվետներ ջրի հեռացման համար: Լցակույտերը և բացահանքերը սարերից հոսող անձրևաջրերից պահպանելու համար կառուցվում է  շրջափակող վերսարային առու` L=5875մ,  V=3640մ3»: Այսինքն ենթադրում ենք, որ այս ջրերի վրա որեւէ ազդեցություն չկա, կարիք չկա դրանք մոնիտորինգի ենթարկելու կամ գուցե լրացուցիչ մաքրման ենթարկելու?:

14.   5.1.1  «Ազդեցությունը մթնոլորտային օդի վրա» կետում ընդհանրապես բացակայում են հորատապայթեցման աշխատանքների ընթացքում արտանետվող փոշու և վնասակար գազերի քանակների մասին տվյալները, հետևաբար, բացակայում է նաև այդ ամենի ազդեցության գնահատականը շրջակա միջավայրի վրա:

15.   Փաստաթղթի գլուխգործոցներից է նաեւ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ  ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ)  ՊԼԱՆԸ, որը նույնիսկ կարելի է ներկայացնել առանց մեկնաբանության.

N Վերահսկվող տեղամասը կամ միջավայրը Վերահսկման առարկան կամ միջոցառումը Վերահսկման եղանակը Վերահսկման պարբերա-կանությունը Հաշվետվությունը
1 Բացահանք Օդում փոշու պա­րու­նակության չափում Կշռային եղանակ, փոշու անա-լիզատորներ Ամսեկան Բնապահպանական տարեկան հաշվետվություն
2 Մոտակա առվակներ Ջրային ռեսուրս­ներ­ի աղտոտման կանխում Տեսադի-տարկում /վիզուալ/ Ամսեկան Տեխնոլոգիական մատյաններ
3 Ավտոտրանսպորտ Օդում այրման արգասիքների չափում Գազանա- լիզատորներ եռամսյակային Տեխնոլոգիական մատյաններ

Փաստորեն, ընդամենը երեք տեղամաս կամ օբյեկտ է դիտարկվում, ընդ որում մոտակա առվակների աղտոտվածության մակարդակը որոշվելու է տեսադիտարկման եղանակով:

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթին կից կազմվում է նաեւ բնապահպանական կառավարման պլան /ԲԿՊ/, որը եւս բացակայում է:

Չչարաշահելով տվյալ կարծիքն ընթերցողների համբերությունը՝ կարծում ենք, որ փաստաթուղթն առավել մանրակրկիտ ուսումնասիրելու եւ ներկայացնելու կարիք չկա եւ նշված դիտողություններն առավել քան բավարար են տվյալ փաստաթղթին փորձաքննական բացասական եզրակացություն տալու համար:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

 

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply