Բաշար Ասադը, ի վերջո, վայր կդնի իշխանությունը. արաբագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 1, 2012 15:58

Արդեն երկու շաբաթ է` բավական լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ծավալվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և մյուս խոշոր քաղաք Հալեպում` կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև: Ընդհանուր առմամբ, սակայն, ընդդիմադիրները չկարողանալով հաջողությամբ հարձակվել և կորուստներ կրելով` նահանջեցին դեպի երկրի հյուսիսային շրջաններ` փորձելով Հալեպը ներքաշել այս ռազմական գործողությունների հորձանուտի մեջ:

Խոսելով Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի զարգացումների մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Բանախոսի կարծիքով այս պահին կշեռքի նժարը կառավարական ուժերի կողմն է: Ըստ նրա` վերջին շրջանում նկատվեց ընդդիմադիրների կողմից ռազմավարության փոփոխություն. “Հակամարտության սկզբում ռազմական գործողություններն ընթանում էին ոչ բնակեցված ու մարդաշատ վայրերում, սակայն վերջին շրջանում ընդդիմադիրները սկսեցին իրենց գործողություններն իրականացնել առավել զանգվածային, բնակիչներով հարուստ վայրերում, մասնավորապես` մայրաքաղաք Դամասկոսում և Հալեպում, որտեղ  կենտրոնացած է Սիրիայի բնակչության մոտավորապես կեսը”:

Արաբագետը պարզաբանում է նաև, թե ինչու է հենց Հալեպն ընտրվել գործողությունների ծավալման հիմնական վայր. “Նախ Հալեպը երկրի տնտեսական մայրաքաղաքն է, գտնվում է արևմտյան մի շարք ուղիների խաչմերուկում և այս առումով բավականին կարևոր ստրատեգիական դիրք ունի: Բացի այդ, ինչպես գիտենք, ընդդիմադիրներին հիմնական աջակցությունը` ֆինանսական, ռազմական և մարդկային ռեսուրսների առումով, գալիս է Թուրքիայի սահմանից, ուստի այս առումով Հալեպը  շատ մոտ է գտնվում Թուրքիայի սահմանին”:

Այնուամենայնիվ, որն է լինելու այս հակամարտության վերջն և ինչպիսի լուծում է կանխատեսվում, արաբագետ Ս. Գրիգորյանն  ասաց, որ եթե Հալեպում տեղի ունեցող ռազմական գործողություններում հաջողության հասնի կառավարությունը, դրանով հակամարտությունը ոչ թե լուծում կստանա, այլ ընդամենը կերկարաձգվի: Սակայն, ըստ նրա, լուծումն այն է լինելու, որ Բաշար Ասադը, ի վերջո, վայր է դնելու իշխանությունը, և դա իրատեսական է նախ և առաջ նրանով, որ Ասադի նկատմամբ մեծ է արտաքին ճնշումը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply