Հայաստանի քարանձավները լուրջ ուշադրության կարիք ունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 1, 2012 15:30

Հայաստանում մի շարք քարանձավներ լուրջ խնդիրների առաջ են կանգնած: Այս մասին ահազանգում են բնապահպաններն ու հորդորում քաղաքացիներին խնամքով վերաբերվել, իսկ կառավարությանը` համապատսխան ուշադրության արժանացնել:

Այս թեմայի կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն ու Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի պետ Արտավազդ Զաքյանը:

“Քարանձավների խնդիրը բարձրացավ դեռևս մի քանի ամիս առաջ` կապված Խոսրովի անտառում գտնվող Մոզրովի քարանձավի հետ, որտեղ որոշակի պրոբլեմներ էին առաջացել այցելուների մուտքի հետ կապված: Հասկանալի և օբյեկտիվ պատճառներով կանոնակարգված չէր այցելուների ելումուտը, քանի որ մուտքն ուներ բավականին լայն բացվածք և ֆինանսական խնդիրների հետևանքով այն փակված չէր”,- ասաց Լևոն Գալստյանն ու ավելացրեց, որ դրանից հետո նմանատիպ ահազանգող լուրեր տարածվեցին նաև արջերի քարանձավի վերաբերյալ: Այդ քարանձավը, Գալստյանի խոսքով, նախ շատ գեղեցիկ քարանձավ է, հետո շատ մեծ է և ունի օգտագործման մեծ պոտենցիալ:

Լևոն Գալստյանը նշեց, որ խնդիրների լուծման համար իրենք համագործակցում են Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի հետ, որն էլ սիրով համաձայնել է համատեղ ջանքերով խնդիրներին լուծումներ գտնել:

Վերոնշյալ ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի պետ Արտավազդ Զաքյանն էլ ասաց, որ պատկան մարմինները տեղյակ են այս քարանձավների և նրանց հետ կապված խնդիրներից և իրենց ՊՈԱԿ-ն էլ իր աշխատակիցների միջոցով հսկում է ՀՀ տարածքում գտնվող շուրջ 19.000 պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանները, սակայն նշեց, որ սա միայն պետության ղնդիրը չէ, այլ սրանով պետք է անհանգստացած լինի նաև հասարակությունն ու գիտակցի, որ քարանձավներին հատուկ վերաբերմունք է անհրաժեշտ, որ պետք է չէ առանց հսկողության մուտք գործել և այնտեղիս պոկել քարանձավային միջավայրում առկա բնական գոյացությունները, քարերը, որոնք մարդիկ երբեմն ադամանդի հետ են շփոթում, քանի որ ունեն յուրահատուկ բնական փայլ:

Բանախոսները հայտնեցին, որ իրենց ջանքերով բազմիցս եռակցման միջոցով փակվել են Մոզրովի և արջերի քարնձավի մուտքերը, սակայն մի քանի օր հետո գնացել տեսել են, որ նորից կոտրել են եռակցումներն ու մտել ներս: Այժմ նրանք պատրաստվում են պահակակետ հիմնել այդ տարածքում, որպեսզի նախ արգելվի դեպի քարանձավ երթը, ինչպես նաև հերմետիկ ու ավելի ամուր, անվտանգ միջոցներով փակվեն քարանձավների հասանելի հատվածների մուտքերը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 2299 անգամ:
Print Friendly

Leave a Reply