Արման Դանիելյան. «դատավորներն առաջնորդվում են «ինչ տեսել է, այն էլ սովորել է» մտածողությամբ»

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 1, 2012 15:02

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) և «Սոցիալական արդարություն» Հկ-ն ՄԻՊ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ Աբովյան քրեակատարողական հիմնարկում կատարում են ուսումնասիրություն՝ կապված անչափահաս դատապարտյալների հետ իրականացվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների հետ:

ՔՀԻ ՀԿ նախագահ Արման Դանիելյանի խոսքով՝ ուսումնասիրվում են նաև անչափահասների հետ կապված դատական գործընթացները, հարցազրույցներ են անցկացվում հատուկ դպրոցների երեխաների հետ:  «Որպեսզի անչափահասները չդառնան վերջնական հանցագործներ, նրանց արդարադատության համակարգը պետք է լինի վերականգնողական և ոչ թե պատժողական: Ուսումնասիրության նպատակն է պարզել, արդյոք անչափահասների հետ տարվող աշխատանքները վերականգնողական են»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Արման Դանիելյանը:  Ըստ նրա՝ թեև ուսումնասիրություններն  ավարտին կհասցվեն աշնանը, սակայն նախնական արդյունքները թույլ են տալիս ևս մեկ անգամ պնդել, որ Հայաստանում անչափահասների արդարադատության համակարգ ընդհանրապես չի գործում:

«Մեզանում անչափահասներն անցնում են նույն ընթացակարգերով, ինչ մեծահասակները: Անչափահաս մեղադրյալների գործերին մասնակից  սոցիալական աշխատողներն ու հոգեբանները շատ քիչ են: Ընդհանրապես սոցիալական և հոգեբանական աշխատանքները քրեակատարողական հիմնարկներում ձևական են, չկան անչափահասների հատուկ դատարաններ կամ մասնագիտացված դատավորներ»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Արման Դանիելյանը:

«Անչափահասների հարցերով զբաղվող մարմինները չեն տիրապետում անչափահասների առանձնահատկություներին: Իսկ ՀՀ օրենսդրությունը հանցանք կատարած անչափահասին չի առանձնացնում չափահաս հանցագործներից և հաշվի չի առնում անչափահասների հատուկ կարիքները»,- նշեց փաստաբան Սիրանուշ Սահակյանը: Նա առաջարկում է վերապատրաստել և մասնագիտացնել անչափահասների գործերը քննող դատավորներին, դատախազներին, քննիչներին, ոստիկանության աշխատակիցներին և հանրային պաշտպաններին:

«Չկան անչափահասների գործեր քննող քննիչներ (որն ամենակարևոր օղակն է) և չկան բուն անչափահասների գործերով զբաղվող դատախազներ: Նրանք պետք է հատուկ վերապատրաստվեն, որպեսզի իմանան, 11-17 տարեկան դեռահասին ինչպես պետք է դիմել,  ինչպես հարցեր տալ»,- նշում է «Սոցիալական արդարություն» ՀԿ համագումարի նախագահ Արշակ Գասպարյանն ու հիշում, թե ինչպես է մի անգամ գործի քննության ժամանակ դատավորն անչափահաս ամբաստանյալին դիմել ոչ թե անունով, այլ «դաժանիկ» մականունով:

Ըստ Ա. Գասպարյանի՝ եթե անչափահասի ծնողներից  մեկը նախկինում դատված է լինում, նա դատավորի աչքին արդեն հանցագործ է դառնում: «Այս դեպքում դատավորներն առաջնորդվում են «ինչ տեսել է, այն էլ սովորել է» մտածողությամբ: Պետք է իրավակիրառ  գործունեության աշխարհայացքային մոտեցումների փոփոխություն: Դատավորը պետք է գիտակցի, որ իր դիմաց կանգնած է անչափահաս, ով կատարել է վատ արարք: Պետք է հասկանա՝ ինչու է կատարել այդ արարքը և ինչու է հենց տվյալ անձը կատարել այն»: Հատկապես երկրորդ հարցը, Ա. Գասպարյանի կարծիքով, հայաստանյան դատական համակարգում «կաղում է»: Ըստ նրա՝ Հայաստանում գործող  մասնագիտական կառույցները պետք է օգնեն դատարաններին՝ ունենալ ամբաստանյալի նաև տուժողի ու վկաների խոսուն հոգեբանական դիմանկարը, որպեսզի դատավորը կարողանա համապատասխան հոդվածներով պատիժը համապատասխանեցնել անձին և նրա կատարած արարքին: «Քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնել անձի սոցիալական, բարոյական և ամենակարևորը՝ հոգեբանական առանձնահատկությունները: Հասկանալ՝ անձն ինչ դաստիարակություն է ստացել, ինչ միջավայրում է զարգացել, անձնային ինչ առանձնահատկություններ ու հակումներ, արժեհամակարգ ունի: Այս ամենը մեզանում անտեսվում են»,- նշեց Ա. Գասպարյանը:

Ավելացնենք նաև, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն կատարվող ուսումնասիրության արդյունքներով և գոյություն ունեցող բացերը լրացնելու առաջարկով դիմելու են դաշտակայան դեպարտամենտ, դատախազություն, փաստաբանների պալատ, ոստիկանություն: ՔՀԻ նախագահի խոսքով՝ նախնական զեկույցն արդեն ներկայացրել են համապատասխան մարմիններին, սպասում են նրանց արձագանքին:

Դիտվել է 1551 անգամ:
Print Friendly

Leave a Reply