Օրենքների մոնիտորինգը կարող է լինել իրավական դաշտը կարգավորող արդյունավետ գործիք

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 1, 2012 14:59

«Այսօր Հայաստանում հասունացել է պահը, երբ օրենքների մոնիտորինգը   պետք է  իրականացվի հատուկ գործող ինստիտուցիոնալ համակարգի միջոցով: Ճիշտ է, օրենսդրության մշակման դինամիկան տարբեր մակարդակներում ինչ-ինչ եղանակներով պահպանվում է և խնդիրները բարձրացվում ու հասցվում են օրենսդրին, սակայն արդեն ընդունված օրենքների կիրառական արդյունավետությունը, լավ  կամ վատ հատկանիշների գնահատումը կարծես թե դուրս է մնում տեսադաշտից: Դրա հետևանքով, օրինակ, հարկային քաղաքականության ոլորտում հնարավորություններ են առաջանում վարչարարական և, նույնիսկ, կոռուպցիոն երևույթների ձևավորման համար»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության  թղթակցին  ասաց   Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն  Վահան Սիմոնյանը:

Ըստ նրա՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար դրան զուգահեռ պետք է առավել լուրջ հիմքերի վրա բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրավագիտակցությունը` օրենքով նախատեսված իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու ուղղությամբ:

Օրենսդրության արդյունավետության մոնիտորինգի հստակ մշակված մեթոդաբանությունը և հարցերը ՀՀ Աժ-ին  ներկայացնելու համապատասխան  մեխանիզմների ձևավորումը շատ ավելի ճկուն օրենսդրական համակարգ և կյանքին համահունչ իրավական փաստաթղթեր ունենալու հնարավորություններ կընձեռի:  Բացի այդ, նման մշտադիտարկող համակարգի գործունեությունը կնպաստի երկրի ժողովրդավարացման գործընթացների զարգացմանը և օրենսդիր մարմին – հասարակություն կապի նոր գործիքների ձևավորմանը:

«Բացի այդ, օրենքների արդյունավետ գործունեության  մոնիտորինգը կարող է լրացուցիչ միջոց  դառնալ թե՛ մասնավոր և թե՛ պետական կառույցների գործունեության դաշտը շատ ավելի հասկանալի ու թափանցիկ դարձնելու առումով»,- համոզմունք հայտնեց  ՀԳՀՄ գործադիր տնօրենը:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply