Ի վերջո, ովքե՞ր են իրական ընդդիմադիրները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 1, 2012 6:45


Թե ովքեր են Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիրներն ու ինչ ասել է, առհասարակ, ընդդիմություն, քաղաքագետ Լևոն Շիրինյանն իր ուրույն ու հետաքրքիր կարծիքն ունի այս հարցում:

“Հիմա Հայաստանում գործում է ամերիկյան մոդելը. կա երկու հզոր կուսակցություն, մնացածը մանր-մունր կուսակցություններ են, որոնցից յուրաքանչյուրը իր ձևի մեջ կարող է լինել ընդդիմադիր”,-նկատում է Շիրինյանն ու թվում, թե խորհրդարանական կուսակցություններից որոնք են ընդդիմություն և ինչ չափով.

-ՀԱԿ-ը մինչև խորհրդարան մտնելը արմատական ընդդիմություն էր, հիմա դեռ պարզ չէ ինչպիսի ընդդիմություն կլինի, մինչև չտեսնենք, թե խորհրդարանում իրեն ինչպես կպահի: Դաշնակցությունը խաղում էր որպես ընդդիմադիր, բայց, բոլոր դեպքերում, ընդդիմադիր էր: Ժառանգությունը նույնպես ընդդիմադիր էր, բայց այս վերջին ընտրություններին շատ տարօրինակ էր նրա վարքագիծը: Բայց այս բոլորը միասին կարող են կազմել մեկ միասնական ընդդիմադիր ուժ:

Շիրինյանի մասնագիտական գնահատմամբ` ընդդիմադիր դաշտի ներկայիս վիճակը քաղաքագիտական բառապաշարով ցրվածություն է նշանակում:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Լևոն Շիրինյանը վերջինիս ևս դիտարկում է որպես ընդդիմություն, որն ունի իր յուրովի ընդդիմադիր ուղղվածությունը: Ըստ նրա` Բարգավաճ Հայաստանի ընդդիմադիր մեխը տնտեսության զարգացման սեփական տարբերակի մեջ է, և, ի տարբերություն Հանրապետականի, ԲՀԿ-ն որպես ընտրակաշառք կամ բարեգործություն երկրի ներսում արտադրված տրակտորներ էր բաժանում, այլ ոչ թե, օրինակ, շաքար, որը դրսից է բերվում: Այ հենց այստեղ է ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի տարբերությունը:

Ուստի, եթե երկրի ներքին ռեսուրսների զարգացման նախադրյալ կա, ապա այս երկու կուսակցությունները կարող են տարբեր տեսակետներ ունենալ: Ահա հենց սրանով էլ, Շիրինյանի համոզմամբ, ԲՀԿ-ն կարող է և ուղղակիորեն համարվում է ընդդիմություն:

Վահե Մակարյան

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply