Տիգրան Հեքեքյանի երգչախումբը զուսպ ճապոնացիներին ստիպում է հուզմունքից արտասվել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 1, 2012 10:37

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային 40-նօրյա շրջագայությունը Ճապոնիայի քաղաքներում:

2001 թ. Եվրոպական Երգչախմբային Ֆեդերացիայի կողմից Մշակույթի Դեսպանի տիտղոսին, ապա 2002 – ին Աշխարհի լավագույն մանկական երգչախմբի կոչմանն արժանացած մեր հայ մանուկների խումբն այս անգամ Ծագող արևի երկրում է կատարում հայ արվեստը տարածելու իր առաքելությունը:

Նախատեսված 18 համերգների մեծ մասն  արդեն կայացել է: Դահլիճները լեփ-լեցուն են, իսկ զուսպ ճապոնացիները հայ երգչախմբին ծափահարում են ոտընկայս, արցունքն` աչքերին:

Դասական, ժամանակակից, հայ հոգևոր, ժողովրդական, ջազային ստեղծագործություններից  զատ Տիգրան Հեքեքյանը երգչախմբի երգացանկում ընդգրկել է մեծ թվով ճապոնական գործեր, որոնք առավելագույն ոգևորությամբ են ընդունվում: «Ձեր կատարմամբ “Ֆուրուսատո” (Հայրենիք) երգն անկրկնելի էր, նման մեկնաբանություն ես երբևէ չեմ լսել», – ճապոնացի դիրիժոր  Տանակա Հիդեյուկի:

Երգչախմբին  անհամբեր սպասում են մյուս քաղաքներում: Նագոյա քաղաքի Աիչի Մշակութային կենտրոնի և Օսակայի Սիմֆոնիկ համերգասրահներում տոմսեր արդեն վաղուց չկան:

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի համբավն այնքան մեծ է, որ ճապոնացի ընտանիքները, սեփական քաղաքում համերգի տոմս չկարողանալով ձեռք բերել,  ճանապարհ են կտրում, հասնում այլ քաղաք` հայ երեխաներին ունկնդրելու համար:

Սապորո քաղաքի Նակայիմա երգչախմբի խմբավար Սահոկո Սաիտոյի` մաեստրո Հեքեքյանին ուղղված նամակից. «Օր ու գիշեր միայն Ձեր երգչախմբի ֆանտաստիկ երգեցողության մասին ենք խոսում: Իմ երգչախմբով որոշեցինք մեր առաջիկա մրցույթում կատարել ձեր «Ապարան» ստեղծագործությունը, շատ ենք խնդրում, որ տրամադրեք մեզ նոտաները: Երազում եմ կրկին հանդիպել ձեր հիանալի խմբին, Տոկիո մեկնելու տոմս եմ պատվիրել իմ և ընտանիքիս համար, որ կրկին կարողանանք ձեզ ունկնդրել»:

Օգոստոսի 10 – ին «Հայաստանի Փոքրիկ Երգիչները» ելույթ կունենան Ճապոնիայի ամենահայտնի աշխարհահռչակ Տոկիոյի Opera City դահլիճում: Տոմսերը սպառվել են ամիսներ առաջ, երբ խումբը դեռ Հայաստանում էր:

 

Դիտվել է 1680 անգամ:
Print Friendly

Leave a Reply