«Ցեղասպանության որբերը» ֆիլմը կցուցադրվի ամերիկյան կինոթատրոններում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | August 1, 2012 10:25
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ցեղասպանության որբերը» վերնագրով վավերագրական ֆիլմը օգոստոսի 1-ից կցուցադրվի ԱՄՆ Ուոթերթաուն քաղաքի կինոթատրոններում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly-ն, ֆիլմի հեղինակն է կինոռեժիսոր Բեյրդ Մարոնյանը, ով չորս անգամ արժանացել է տարածաշրջանային «Էմմի» մրցանակի: ««Ցեղասպանության որբերը» ֆիլմը պատմում է Ցեղասպանության հետեւանքով որբացած հարյուր հազարավոր տարագիր հայերի մասին: Այն հետմահու հիշատակի տուրք է այն հայ երեխաներին, ովքեր համակարգված եւ համաձայնեցված բնաջնջումների զոհ դարձան»,-նշել է Մարոնյանը The Armenian Weekly-ն տված հարցազրույցում:
Ֆիլմում որբերի պատմությունների մասին խոսում են հենց այդ ոճիրը վերապրածները: Բացառիկ հարցազրույցներից մեկում 105-ամյա Ալմաստ Պողոսյանը պատմում է, թե ինչպես է որբացել, ինչպես է ոտքով հասել Դեր- Զոր, այնուհետ ապրել մի արաբ ընտանիքի տանը, որից հետո էլ հայտնվել է Հալեպի հայկական որբանոցներից մեկում, ի վերջո հանգրվանել ԱՄՆ-ում: Ալմաստի թոռը` Բրյուս Պողոսյանը, ով ներկա պահին Հայաստանում Ամերիկյան համալսարանի ռեկտորն է, տեսանյութում շարունակում է տատիկի պատմությունը: Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաեւ հանգուցյալ Ջեք Գեւորգյանին, ով պատմում է իր մոր մասին, թե ինչպես է մայրը ոտքը վնասվել, ինչ զրկանքներ են կրել Դեր-Զորի ճանապարհին:
Ֆիլմում ռեժիսորն օգտագործել է Ռոքեֆելեր արխիվային կենտրոնի, Գերմանիայի եւ Դանիայի ազգային արխիվների, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի, ԱՄՆ ազգային արխիվի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ այլ կառույցների արխիվային նկարներ եւ փաստաթղթեր:
Վավերագրական ֆիլմի սցենարը գրել են Բեյրդ Մարոնյանը եւ Ջեքի Աբարհամյանը: Ֆիլմը Armenoid Productions Inc.-ի արտադրությանն է: Խումբը որոշել է նաեւ նույն անվանմամբ 120 էջանոց գիրք հրատարկել:






Facebook
Tweet This
Email This Post
