Քննիչն ուղղորդված հարցեր է տվել վկաներին` իր ուզած ցուցմունքն ստանալու համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 31, 2012 22:57


2012թ. Հուլիսի 30-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նարեգ Հարթունյանի գործով հերթական դատական նիստը:
Այս անգամ դատական նիստին ներկա էին գործով հինգ վկա` «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության նախկին աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը պնդում է, որ ընկերությունում մանրածախ վաճառքի կետ չի եղել:
Առաջինը ցուցմունք տվեց ընկերության անվտանգության նախկին աշխատակից Հովհաննես Մարգարյանը: Նա էլ, նախկինում ցուցմունք տված վկաների պես, հաստատեց, որ ընկերությունում մանրածախ առեւտրի կետ է եղել: «Ընկերությունից ես էլ եմ գնումներ կատարել»,-ասաց նա: Դատախազի հարցին, թե արդյոք ստացել է դրա դիմաց ինչ-որ փաստաթուղթ, վկան պաստախանեց` այո:
Վկան չբացառեց նաեւ, որ օտար քաղաքացիները դրսից եւս մեքենաներով կարող էին գալ ու տանել ապրանք: Դատախազն այս մասով հակասություն գտավ վկայի` նախաքննական մարմնին եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ /ի դեպ, դատախազը ձեռքի տակ չուներ ցուցմունքի օրինակը, որի մասին հայտարարություն արեց/: Այդուհանդերձ, վկան չհրաժարվեց իր նախկին ցուցմունքից` ընդգծելով, որ պարզապես քննիչը դատարանում հնչեցրած հարցերն իրեն չի տվել:
Նարեգ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարություն արեց` փաստելով, որ քննիչն ուղղորդված հարցեր է տվել` վկայից ստանալով այն ցուցմունքը, որը ցանկացել է: Նման հայտարարություն արեց նաեւ պաշտպանության կողմի մյուս փաստաբանը` Անի Թորոսյանը. «Քննիչը հատուկ հարցերով ստացել է այն ցուցմունքը, որն իրեն պետք է եղել»,-ասաց նա:
Այնուհետեւ ցուցմունք տվեց Նարեգ Հարթունյանի հոր`Գարաբեդ Հարությունյանի անձնական օգնական Ջուլիետա Ազատյանը: Նա ասաց, որ 2008 -2011 թթ աշխատել է անձամբ Գ. Հարությունյանի համար: Նա էլ հաստատեց, որ ընկերությունում մանրածախ առեւտրի կետ է եղել, որտեղից ինքն էլ է գնումներ կատարել:
Վկայի խոսքերով իր աշխատելու ժամանակահատվածում ընկերության տնօրենն եղել է Սեւակ Արծրունին:
Ընկերության նախկին աշխատակից, շուկայի զարգացման պատասխանատու Գեւորգ Հակոբյանն էլ ասաց, որ ընկերությունում առեւտուր է իրականացվել, կատարած գնումների դիմաց իրենք ստացել են ստացականներ, հաշիվ-ֆակտուրաներ կամ էլ ՀԴՄ կտրոն: Դատախազը հարցրեց` արդյոք ինքն անձամբ խանութից առեւտուր արել է, թե ոչ, վկան ասաց` այո:
Նա նաեւ նշեց, որ խանութում ցուցադրված են եղել ապրանքներն իրենց նմուշներով: Նա կարծիք հայտնեց, որ դրսից եւս մեքենաներ են եկել, որոնք գնումներ են կատարել ընկերությունից: Վերջիններս ընկերության տարածք են մուտք գործել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ընկերությունում եղած այլ դարպասներից:
-Քաղաքացիները կարո՞ղ էին ազատ մուտք գործել ընկերության տարածք ու գնումներ կատարել,-հարցրեց դատախազը:
-Միանշանակ,-եղավ վկայի պատասխանը:
Ցուցմունք տվեց նաեւ 2009-2012 թթ. ընկերությունում, որպես վարորդ-առաքիչ աշխատած Սարգիս Գրիգորյանը: Նա նույնպես ասաց, որ ընկերությունում հնարավոր է եղել գնումներ կատարել:
Ընկերության նախկին անվտանգության աշխատակիցներից ցուցմունք տվեց նաեւ Սամվել Սարգսյանը: Նա Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերությունում աշխատել է մի քանի օր` 9 հերթափոխ:
Նա, ի տարբերություն մյուս վկաների, ասաց, որ ընկերությունում մանրածախ առեւտրի կետի մասին տեղյակ չէ :
Հարցին, թե մի՞շտ է ցերեկվա ժամերին աշխատել, վկան ասաց. «Ոչ, կեսը ցերեկվա ժամերին, կեսը` գիշերվա»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 24-ին` 12.00-ին:
Մարիամ Մուղդուսյան

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply