Այսուհետ հայերը չեն կարող ներդրումներ կատարել Թուրքիայում: Եվ պետք էլ չէ. կարծում է Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2012 18:27


Թուրքիայում ընդունվել է օրինագիծ, համաձայն որի Հայաստանի, Սիրիայի, Հունաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացիները զրկվում են Թուրքիայի տարածքում սեփականություն ձեռք բերելու իրավունքից:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր դիտարկումներն արեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Ըստ նրա՝առաջ օրենքով բոլորը կարող էին Թուրքիայում ներդրումներ կատարել, իսկ հիմա այս օրենքում մտցվեցին որոշակի սահմանափակումներ, և սա արվեց նրա համար, որ այն երկրները, որոնց հետ Թուրքիան ունի տարածքի խնդիր, զրկվեն իրենց երկրում սեփականություն ձեռքբերելու և ներդրում անելու հնարավորությունից, որպեսզի հետագայում իրենց տարածքների խնդիրը բարձրացնելու հնարավորություն չունենան:
«Այս օրենքով կարելի է որոշել՝ ովքեր են Թուրքիայի բարեկամները, ովքեր են թշնամիները, ովքեր՝ չեզոքները կամ ում են մոտիկ թողնում թուրքական պետականությանը, ում՝ ոչ: Այս կոնտեքստում առաջինը թուրքական ժողովուրդներն են, ովքեր իրենց տարածքից հեռու են, բայց կարող են օրենքի շրջանակում կարող են անսահմանափակ քանակությամբ ներդրումներ անել, երկրորդը չեզոք պետություններն են, որոնք որոշակի պայմաններով ու սահմանափակումներով են կարողներդրումներ կատարել: Այս չեզոք պետություններից ես առաջինը կառանձնացների Վրաստանը, որին Թուրքերը հասկացրին, որ նա իրենց բարեկամը չէ: Մյուսը այն երեք պետություններն են, որոնց պատմական հայրենիքների վրա կառուցվել է թուրքական պետությունը, դրանք են Արևմտյան Հայաստանը, Անատոլիան և հունական Կիպրոսը: Այս պետությունների ժողովուրդներին այս նոր օրենքով արգելվում է սեփականություն ձեռբերել կամ ներդրում ունենալ Թուրքիայում»:
Այս օրինագծով, ըստ քաղաքագետի, խստացվում և լրացվում է ժամանակին ընդունված լքյալ գույքի մասին օրենքը, որը մինչ այժմ կա, բայց ոչ ոք այդ օրենքը վեր չի հանում, քանի որ դրանով հնարավոր է եղեռնից գաղթածների ժառանգները գան և պահանջեն իրենց պապերի գույքն ու ունեցվածքը, որ թողել են Թուրքիայում ու աքսորվել:
Օրինագծում առանձնացված է երկրների մի խումբ, որոնք, ըստ Շիրինյանի, Թուրքիան դիտարկել է որպես ոչ ժողովրդավարական պետություններ ու ըստ այդմ արգելել ներդրումներ կատարել իր ներսում: Այդ երկրներն են՝ Հայաստանը, Սիրիան, Եմենը, Հյուսիսային Կորեան և այլն:
Վրաստանի նման Ռուսաստանը և Ուկրաինան ևս Թուրքիայի համար համարվում են չեզոք պետություններ, և նրանց թույլատրվում է ներդրումներ կատարել միայն որոշակի սահմանափակումներով. Օրինակ՝ արգելվում է ներդում անել ծովափնյա սահմանամերձ գոտիներում:
Սակայն, Լևոն Շիրինյանը կարծում է, որ չպետք է ընդունենք, որ այս օրենքը մեզ համար բացասական հետևանքներ կարող է ունենալ, ավելին, քաղաքագետը խորհուրդ է տալիս ներդրումներ կատարել Հայաստանում, Արցախում, Ջավախքում, բայց ոչ Թուրքիայի տարածքի մեր հողերում, քանի որ, բանախոսի համոզմամբ, Թուրքիան, ինչպես և Վրաստանը, մեզ”քցելու” սովորություն ունեն և իրենց երկրում ներդրած մեր փողերը կարող են հեշտությամբ կորչել:

Վահե Մակարյան

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply