Հանրային խորհրդում քննարկվել է հեռուստաեթերի հարցը՝ այս անգամ հեռուստաընկերությունների ղեկավարների մասնակցությամբ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 31, 2012 17:15

Այսօր՝ հուլիսի 31-ին, Հանրային խորհրդում կրկին քննարկման է դրվել հեռուստաեթերի հարցը: Ինչպես տեղեկացնում են ՀԽ մամուլի ծառայությունից, այս անգամ քննարկմանը հրավիրված են եղել հեռուստաընկերությունների ղեկավարները: Մասնակցել են Հանրային, «Շանթ», «Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Ար», «Երևան» և «Դար 21» հեռուստաընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ ներկայացրել է վերջին մեկ ամսվա ընթացքում Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ իրականացված քննարկումներն ու հնչած առաջարկները, ապա հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն են արտահայտել՝ ընդհանուր առմամբ ընդունելով հեռուստաեթերի կարգավորման անհրաժեշտությունը:

Բարձրացվել են հեռուստատեսության բովանդակության, օրենսդրության և գովազդի ոլորտներում առկա մի շարք խնդիրներ: Մասնավոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են հավասար մրցակցային դաշտ ունենալու հարցը: Ընդգծվել են Հանրային հեռուստաընկերության կողմից հանրության առջև ունեցած պատասխանատվությունն ու պարտականությունները: Կարևորվել է Հանրային հեռուստաընկերության եթերում կրթադաստիարակչական բովանդակությամբ սոցիալական գովազդներ հեռարձակելու անհրաժեշտությունը: Առաջարկվել է նաև կիրառել պետպատվերի գաղափարը, որը կարող է տարածվել ոչ միայն Հանրային, այլև մասնավոր հեռուստաընկերությունների վրա: Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն առաջարկվել է Հանրային հեռուստաընկերության և Հանրային խորհրդի միջև ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հ1-ում եթերային բարեփոխումներ իրականացնելու գործով:

Հեռուստաընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մի քանի նմանատիպ հանդիպում-քննարկումներ անցկացնել, որոնց արդյունքները Հանրային խորհրդում անցկացված և անցկացվելիք հանրային այլ քննարկումների արդյունքների հետ միասին սեպտեմբեր ամսին հստակ առաջարկների տեսքով կներկայացվեն Հանրապետության Նախագահին:

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply