Արցախյան հարցում փոխզիջումը մեզ համար կլինի ուղղակի զիջում. քաղաքագետ Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2012 17:07

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը զարմացած ու ապշած է Արցախում կայացած ընտրություններից: «Շշմելու բան է, առաջին քրիստոնյա ժողովուրդն իր պատմության մեջ առաջին անգամ մարդավարի ընտրություններ է անցկացրել և զարմացել է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր զարմանքն արտահայտեց քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու ավելացրեց, որ իր համար կարևորը Վիտալի Բալասանյանի հավաքած ձայներն էին, որ Արցախում 35% ձայն ստացավ մի քաղաքական-ռազմական-կուսակցական և պետական գործիչ, որը դաշնակցական է, ում, սակայն, Դաշնակցությունը չէր պաշտպանում:

Շիրինյանի կարծիքով, եթե քաղաքագիտության տեսանկյունից ենք մոտենում հարցին, ապա շատ ավելի մեծ բան կատարվեց, քան սոսկ այդ 35 տոկոսն էր. «Հայաստանի տարածքի մի հատվածում՝ արցախյան հատվածում, ընտրազանգվածը 35 տոկոսի չափով ընդունեց հստակ արտահայտված ազգային տեսակետ, ինչը որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության հեռացումից հետո չէր կատարվել: Դաշնակցական մտածողությամբ, դաշնակցական արժեքային համակարգով ապրած և ապրող մի զինվորական գործիչ, ոմ տվյալ պարագայում իր հարազատ կուսակցությունը ինչ-ինչ նկատառումներով չի պաշտպանում, սակայն ընտրազանգվածը գնում է այդ ուղղությամբ»:

Այս երևույթը քաղաքագետը հետևյալ կերպ է հասկանում և մեկնաբանում. «Ուրեմն Արցախում ամրացավ ոչ մի թիզ հող թշնամուն կարգախոսի կողմնակիցների բանակը, և անհասկանալի կոմպրոմիսի կողմնակիցների բանակը թուլացավ»:

Ինչ վերաբերում է փոխզիջմանը, ապա Շիրինյանը կարծում է, որ փոխզիջում, որպես այդպիսին, գոյություն չի կարող ունենալ, քանի որ նրանց համար փոխզիջում է, իսկ մեզ համար՝ պարզապես զիջում:

«Եթե հույս ունենանք, որ ինստիտուցիոնալ առումով այս ընտրազանգվածը կարողանա կայանալ որպես ընդդիմություն, և դրա արձագանքը Հայաստանի Հանրապտություն ներթափանցի, ապա կարող ենք վստահ լինել, որ մեծ բան է եղել և արմատական տեղաշարժ է տեղի ունեցել»,- նկատեց բանախոսը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply