«Վահեի գերեզմանին անծանոթը ծնկաչոք մինչեւ վերջ հող է լցրել». ընկերները Վահե Ավետյանի մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 31, 2012 16:13

«Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի թաղման ժամանակ մի անծանոթ մարդ, ծնկի իջած, մինչեւ վերջ ձեռքով հող է լցրել Վահեի գերեզմանին: Հարազատներն ու ընկերները հարցուփորձ անելուց հետո պարզել են, որ այդ մարդը մի հասարակ զինվորի հայր է, որի որդուն վիրահատել ու նրա կյանքը փրկել է բժիշկ Վահե Ավետյանը:

Միջադեպից մոտ մեկ ամիս անց, Aravot.am-ը հանդիպեց Վահե Ավետյանի մտերիմ ընկերների` Արտակի, Գարիկի, Արկադիի հետ, որոնք այդ օրը նրա հետ են եղել: Տղաների համար շատ դժվար էր խոսել այդ ամենի մասին. հազիվ էին զսպում հուզմունքը, բայց հենց հիշեցին Վահեի` հաճախ ասվող խոսքերը. «Ես սեր եմ տեսնում ձեր աչքերի մեջ», ընկերների դեմքին անմիջապես ժպիտ առաջացավ:

«Վահեն կյանքը շա՜տ էր սիրում, Վահեն մարդ-տոն էր, մեծ հայրենասեր, մարդասեր, ինչպես մագնիսն է իրեն քաշում մետաղը, Վահեն էլ այդպես մարդկանց էր դեպի իրեն քաշում: Վահեն ապրեց 33 տարի, բայց 300 տարին էլ բավական չէ նրա մասին պատմելու համար»,-սկզբում տղաներն այսպես նկարագրեցին Վահեին, հետո ավելացրին` «Երանի նրանց, ովքեր չեն ճանաչել Վահեին, անտանելի ցավ է, նրա նման ընկեր ու մարդ կորցնելը»:

Հունիսի 17-ը Արկադիի ծննդյան վերջին օրն էր, իսկ Վահեի` կյանքի վերջին օրը: Արկադիի ծննդյան առիթով Արզնիից վերադառնալիս, ընկերներով որոշել էին «Հարսնաքարում» կանգ առնել, երաժշտություն լսել, մի կտոր էլ հաց ուտել, բայց հետո, ինչպես ընկերները պատմեցին` դեպքերն այնքան արագ տեղի ունեցան, որ նույնիսկ չհասցրեցին հասկանալ, թե ինչ է կատարվում: Չնայած, Վահեի ընկերները չէին ցանկանում նորից պատմել այդ մասին, քանի որ դժվար է կրկին վերապրել, սակայն մեր այն դիտարկմանը, որ ռեստորանի տնօրենը հայտարարել է, թե խմած են եղել եւ իրենց տգեղ են պահել, ինչի համար հյուրերը խնդրել են նրանց հեռացնել, տղաները վրդովված ասացին. «Սուտ է, Վահեն ընդհանրապես չէր խմել. նա մեքենան էր վարում, անալիզ է տրվել, շատ հեշտ կարող են պարզել, արյան մեջ ալկոհոլ կա՞, թե՞ ոչ: Իսկ հյուրերից մի քանիսը անգամ մոտեցել են մեր սեղանին ու բարեւել, գրկախառնվել, մեզ ճանաչողներ են եղել: Մենք այդ ռեստորան մոտ 10 օր առաջ էլ էինք այցելել` երգչի հրավերով, նրան մենք էինք վիրահատել, մատուցողի հետ էլ շատ կոռեկտ ենք խոսել, Վահեն սպորտային հագուստը փոխելուց ու ռեստորան վերադառնալուց հետո, երբ արդեն մոտ 10 րոպե սեղանի շուրջ նստած ենք եղել, մատուցողին հարցրել է` գլխարկո՞վ էլ չի կարելի… Հետո դուրս հրավիրեցին, ու միանգամից 15 հոգի ամեն մեկիս առանձին շրջապատեցին ու այդ ամենը տեւեց 3 րոպե, անգամ պաշտպանվել չհասցրեցինք: Ուշքի ենք եկել կարծես մի ամայի տեղում, մարդ չկար, դա ռեստորանի ավտոկայանատեղին էր»:

Դաժանաբար ծեծելուց հետո, ռեստորանի աշխատակիցները նույնիսկ շտապ օգնություն չեն կանչել, ընկերները մի կերպ իրենց մեքենայով հասել են հոսպիտալ:

Վահեի մարդկային որակի մասին լավագույն նկարագրությունը, ըստ Արկադիի, անծանոթ մարդկանց վերաբերմունքն է, որոնք նրան անձնապես չեն ճանաչել, բայց, ինչպես ասում են` կողքից լսել են. «Ես մի անգամ նրա գերեզմանին խունկ էի վառում, մի անծանոթ մոտեցավ ու հարցրեց` Վահեի՞ գերեզմանն է, ասացի` այո: Էդ տղան խնդրեց թույլ տամ, որ ինքն էլ խունկ վառի, ու խոստովանեց` ես Վահեին չեմ ճանաչել, բայց լիքը լավ բաներ եմ լսել»:

Վահեի մյուս ընկերը՝ Արտակն էլ պատմեց, որ Վահեն, երբ որեւէ մեկին ինչ-որ բանով օգնում էր, նույնիսկ չէր ուզում իմանային, որ դա ինքն է արել. «Իր գրասենյակում «կասս» էր պահում, ու ով մտնում էր սենյակ, բոլորին հումորով ասում էր` փող գցեք: Բայց գումարը հավաքում էր, որպեսզի ինչ-որ մեկին մի լավ անակնկալ անի: Նախորդ տարի իմացել էր, որ «Զատիկ» մանկատանը երաժշտական կենտրոն է պետք: Նոր տարվա շեմին բացել է «կասսը», էդ գումարով երաժշտական կենտրոն ու տարբեր նվերներ գնել, կնոջ ու ընկերների հետ այցելել մանկատուն, որի տնօրենը երեւի մինչեւ հիմա չգիտի էլ, որ էդ անակնկալը Վահե Ավետյանն է արել»:

Հունիսի 17-ին, հենց «Հարսնաքարում» ընկերներով նորից որոշել էին «կասսում» հավաքված այս անգամվա գումարով արցախյան պատերազմում զոհված որեւէ ազատամարտիկի կարիքավոր ընտանիքի աջակցել:

Վահե Ավետյանն, ընկերների պատմելով, այնքան էր սիրում Հայաստանը, որ հայրենիքից հեռանալու մասին լսելիս` որպես անձնական վիրավորանք էր ընդունում. «Ո՞ւր եք գնում, հա լավ, բոլորս թողնենք հեռանանք, բա հետո՞, հետո թուրքը գա ստեղ ապրի: Գործերդ վա՞տ են, արի մտածենք` ոնց անենք, որ լավ լինի…»:

2007 թվականին, Սիսիանում զինվորական բժիշկ աշխատելու ընթացքում, Վահեն նույնիսկ գիշերվա ժամը 3-ին չէր զլանում, կիլոմետրեր էր անցնում, որ ինչ-որ մի գյուղ հասներ ու հիվանդ մարդուն օգներ, չնայած գյուղն իր բժիշկն ուներ, բայց մարդիկ Վահեին շատ էին սիրում ու վստահում:

Այնքան կենսախինդ ու անակնկալներով լի մարդ էր, որ ընկերներից մեկի ծննդյան օըը, չնայած նրա 31-րդ տարեդարձն էր, Վահեն մուլտֆիլմերի հերոսների կերպարներով դերասաններ էր հրավիրել. «Այդ օրը հյուրերի ու հոբելյարի ուրախությանը չափ ու սահման չկար: Էությամբ լիդեր էր, սիրում էր ամեն ինչ ինքուրույն կազմակերպել»:

Ընկերների պատմելով` Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում, որտեղ Վահեն կրկին որպես ռազմական բժիշկ էր աշխատում, ընկերներից մեկն էլ, նույն գյուղում զինծառայության մեջ էր ու սիրահարված էր այդ գյուղից մի աղջկա. «Դե պատկերացրեք, զինվոր տղեն, ինչ կարա անի, էն էլ էդ խուլ գյուղում, որ սիրած աղջկա սիրտը գրավի: Վահեն ծաղիկներ էր գնում ու ընկերոջ անունից ուղարկում այդ աղջկան»:

Օգոստոսի 2-ին Վահե Ավետյանը պետք է իր ընկերների ու հարազատների հետ տոներ իր 33-ամյակը, բայց օգոստոսի 7-ին հասարակությունը կնշի նրա մահվան քառասուն օրը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

aravot.am

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply