Սիրիահայերը մտադիր են ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2012 14:33


Սիրիահայ համայնքը սատարում է Բաշար Ալ Ասադին, սակայն այս իրադարձություններում այն, ինչպեսև սպսվում էր, չեզոք դիրք գրավեց` չխառնվելով ներքաղաքական կյանքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Սուրեն Մանուկյանը:
Բանախոսը, սակայն, այնքան էլ բարենպաստ չի համարում սիրիական հայ համայնքի վիճակն այսօր այդ երկրում և սիրիահայերի շրջանում որոշակի ընկճվածություն է նկատում. “Վերջին երկու շաբաթվա ընթացքում սիրիահայերի շրջանում նկատվում է որոշակի ընկճվածության տրամադրություններ, սիրիահայերն ասում են, որ պետք է ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ և պաշտպանել հայկական թաղամասերը”:
Ըստ արաբագետի` Սիրիայում չեն առանձնացնում հայ ես, թե որևէ այլ ազգի ներկայացուցիչ և այս առումով հատուկ վերաբերմունք չեն ցուցաբերում, ուստի հարձակման դեպքում հարձակվում են բոլորի վրա, արդյունքում տուժում են նաև այնտեղի հայերը, հատկապես նրանք, ովքեր ունեն խանութներ, բիզնեսներ, ունեցվածք:
Ինչ վերաբերում է սիրիահայերի ներգաղթին Հայաստան, ապա Սուրեն Մանուկյանը չի կարծում, թե ամբողջ սիրիահական 60 հազարանոց հայ համայնքը կտեղափոխվի Հայաստան: Շատերին ձեռնտու է ավելի շատ մեկնել Լիբանան, որը հենց կողքն է ու ավելի հեշտ է գնալ այնտեղ, բացի այդ, շատ սիրիահայեր այնտեղ բարեկամներ ու ընկերներ ունեն:
Այնուամենայնիվ, Մանուկյանի կարծիքով մոտ 1000-2000 հոգանոց ներհոսք կլինի Սիրիայից դեպի հայրենիք, և Հայաստանը կարող է և պարտավոր է ըստ պատշաճի ընդունել մեր սիրիահայ հայրենակիցներին:
Բանախոսի դիտարկմամբ` Հայաստանը երբեմն անիմաստ ու էկզոտիկ երկրների փոխարեն պետք է հաճախակի պատվիրակություն ուղարկի հենց Սիրիա ու նախ և առաջ դրանով իր զորակցությունը հայտնի սիրիահայերին, հետո նոր ներգաղթի դեպքում համապատասխան ընդունելության արժանացնի:
Ամեն դեպքում, սիրիահայերն այնտեղ բավականին լավ կենսապայմաններում են ապրում, ունեն հարստություն, ունեցվածք ու այդքան հեշտությամբ չեն թողնի ու տեղափոխվի Հայաստան: Իսկ Հայաստան գալիս են հիմնականում այն ընտանքիները, ովքեր այստեղ ունեն հարազատներ:
Վահե Մակարյան

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply