Ադրբեջան. հայ երիտասարդը պայքարում է որ ադրբեջանական քաղաքացիություն ստանատ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 18, 2009 19:37

Այթան Ֆարհադովա, Բաքու, Մամմադ-Սադիք Ֆաթալիեւ, Շեքի (Կովկասյան լրատու # 519, 13-ը Նոյեմբերի, 2009թ.)

Ադրբեջանում ծնված ազգությամբ հայ երիտասարդը ստիպված է պայքարել բյուրոկրատական արգելքների դեմ` քաղաքացիություն ձեռք բերելու համար:

Ակիֆ Աբիշովի միակ ցանկությունը Ադրբեջանի շարքային երիտասարդ քաղաքցի լինելն է, սակայն նա մի ծանր գաղտնիք ունի այս երկրում, որը մինչ այժմ այդպես էլ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ. երիտասարդն ազգությամբ հայ է:

Ակիֆը Շեքի քաղաքի պետական մանկատանն էր հայտնվել 1988-ին, երբ աճող էթնիկական խժդժություների պատճառով շատ հայեր ստիպված եղան թողնել Ադրբեջանը. նրա հարազատները հեռացել էին` երեխային այստեղ թողնելով:

Աբիշովն անձը հաստատող փաստաթղթեր չունի, բայց դրանց առկայությունը կարող էր նրան ավելի շատ վնաս տալ, քան օգուտ. նրա իրական անունը` Արթուր Ավագյան է, ինչը միանգամից բացահայտում է նրա ազգությունը:

Նա հրաժեշտ տվեց մանկատանը 2002-ին`18 տարին լրանալուց հետո. այդ ժամանակվանից ի վեր երիտասադը բազմաթիվ պետական կառույցների է դիմել՝ անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով, սակայն ապարդյուն: Նրա միակ դաշնակիցը Բաքվի Սաբայիլի շրջանի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Խալիդա Բայրամովան է:

«Շատ երախտապարտ եմ Խալիդա խանումին», – ասում է երիտասարդը՝ օգտագործելով Ադրբեջանում կնոջը դիմելու համար ընդունված հարգալից բառը: «Միայն նա է ինձ կարեկցում: Նա է ինձ համար այս բնակարանը գտել եւ օգնում է նյութապես: Բայց ամեն անգամ, երբ փաստաթղթերիս մասին եմ հարցնում, ասում է, որ պետք է համբերատար լինեմ, որ այդ ուղղությամբ աշխատում են: Բայց տարիներն անցնում են, իսկ արդյունք չկա»:

«Ես միջնակարգ դպրոցի դիպլոմ ունեի Ակիֆ Աբիշովի անունով, եւ երբ դիմեցի փաստաթղթերս ստանալու համար, այն վերցրին ինձանից` ենթադրաբար փաստաթղթերը պատրաստելու համար: Բայց այժմ ինձ մոտ միայն դրա կրկնօրինակն է, իսկ հայկական անունով ծննդյան վկայականս երբեք չեմ տեսել»:

Առանց փաստաթղթերի Աբիշովը չի կարողանում ճանապարհորդել, բժշկի մոտ ընդունելության գնալ, պետական նպաստ ստանալ եւ զրկվում է բազում այլ բաներից:

Ադրբեջանը ժառանգել է Խորհրդային ժամանակներում գործող ծանր բյուրոկրատական համակարգը, եւ երիտասադը չի կարող օգտվել քաղաքացիության իրավունքից՝ առանց սեփական անձը հաստատելու:

Բայրամովայի խոսքերով՝ երիտասարդի ճակատագիրը դեռեւս անորոշ է մնում՝ առաջ եկող օրենսդրական եւ բարոյական բազում խնդիրների պատճառով, ինչի արդյունքում էլ պաշտոնյաներն իրենք էլ չգիտեն՝ ինչպես վարվել: նրանց անվճռականությունը, ինչպես նաեւ խնդիրները, որոնք առաջացել են անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ թղթերի բացակայության պատճառով, Աբիշովի իրավական կարգավիճակը անորոշ են թողնում:

«Այս հարցը քննարկվում է կառավարության եւ նախագահի աշխատակազմի շրջանակներում, խորհրդարանում, ինչպես նաեւ` արդարադատության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարություններում», – նշում է Բայրամովան:

«Սա քաղաքական հարց է, եւ դրա հրապարակայնությունը Ակիֆին միայն ի վնաս է գործելու: Իհարկե, նա մեղք չունի, որ հայ է, բայց փաստը մնում է փաստ»:

«Մենք չգիտենք` ինչ անուն գրել նրա փաստաթղթերում: Չենք կարող նաեւ նրա ադրբեջանական անունով դրանք պատրաստել: Բայց Ադրբեջանում հայի անունով ապրելը հավասարազոր է մահվան: Այլ դեպքում նրան կարող են պարզապես վտարել երկրից»:

Հակամարտությունների կարգավորման հարցերով մասնագետ, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համահիմնադիր Արիֆ Յունուսը նշում է, որ 1999-ին Բաքվում տիպիկ հայկական ազգանուններով ընդամենը 25 հայ տղամարդ էր բնակվում, բայց սա չի նշանակում, թե Ակիֆ Աբիշովն արժանի չէ անձը հաստատող փաստաթուղթ ստանալ:

«Էթնիկական պատճառներով որեւէ մեկին փաստաթուղթ չտրամադրելը օրենքի խախտում է համարվում», – ասում է նա:

Ազգային անվտանգության նախարարության մամլո խոսնակը ժխտեց դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն ունենալու փաստը` IWPR-ի թղթակիցներին ուղարկելով ներքին գործերի նախարարություն, որի խոսնակն իր հերթին եւս ոչ մի տեղեկություն չուներ դեպքի վերաբերյալ:

«Եթե նշված անձնավորությունը ճիշտ ձեւով է դիմել ներքին գործերի նախարարություն, ապա անկախ իր ազգությունից պետք է անձը հաստատող փաստաթուղթ ստանար», – հավատացնում է մամլո խոսնակը:

Բայրամովայի խոսքերով` Աբիշովի դրության մեջ հայտնված եւս 3 հայ երիտասարդներ կան այսօր Ադրբեջանում: Նրանցից մեկը մասնագիտությամբ վարսահարդար է, մյուսին ադրբեջանական ընտանիք է որդեգրել, իսկ երրորդը դեռեւս մանկատանն է ապրում` չնայած արդեն 23 տարեկան է:

IWPR-ի թղթակիցն այցելել է այն մանկատունը, որտեղ Աբիշովը ապրել էր մինչեւ 13 տարեկան` նախքան Բաքու տեղափոխվելը. այստեղ հաջողվեց հայտնաբերել մի նամակ, որը հաստատում էր երիտասարդի իրական անունը` Արթուր Ավագյան, իսկ ծննդյան տարեթիվը` 1984թ.: Սակայն նրա ծնողների ինքնության մասին ոչ մի տեղեկություն չկար, քանի որ ծննդյան վկայականը պարզապես անհայտացել էր:

Միլլի Մեջլիսի պատգամավոր եւ «Մեծ արարում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ֆազիլ Մուստաֆան ասում է, որ Աբիշովին պետք է անհապաղ փաստաթղթեր տրամադրել, որպեսզի վերջինս կարողանա այսուհետ ազատ տեղաշարժվել:

«Ցանկության դեպքում` Ակիֆը կարող է հետագայում այլ երկիր տեղափոխվել», – նշում է Մուստաֆան` հավանաբար արտահայտելով պաշտոնյաների մեծամասնության ցանկությունը` խնդրից ազատվելու համար:

Սակայն ինքը` Աբիշովը, չի ցանկանում հեռանալ, այլ պարզապես ուզում է ապրել Բաքվում:

«Հեռախոսով ձայնագրել եմ Հեյդար Ալիեւի խոսքերը», – ասում է նա`ակնարկելով ներկայիս նախագահի հորը, ով մինչեւ 2003 թվականը եղել է Ադրբեջանի նախագահը:

«Նա ասում է. «Ես միշտ հպարտացել եմ եւ հպարտանում եմ, որ Ադրբեջանից եմ »: Ես անընդհատ լսում եմ սա: Այստեղ եմ ծնվել, ադրբեջաներենն էլ իմ մայրենի լեզուն է: Ես ուզում եմ ապրել եւ աշխատել Ադրբեջանում, չեմ ուզում լքել իմ հայրենիքը», – ասում է երիտասարդը:

Այթան Ֆարհադովան «Էքսպրես» թերթի թղթակիցն է: Մամմադ-Սադիք Ֆաթալիեւը ազատ լրագրող է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Դիտվել է 5122 անգամ:
Print Friendly

Leave a Reply