Առայժմ` մռայլ օրեր Լոնդոնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 31, 2012 12:28

Լոնդոնում շարունակվող օլիմպիական խաղերի հերթական օրը մրցասպարես դուրս կգան Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը` լողորդ Միքայել Քոլոյանը և 69 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը: Եթե առաջինը հրավերով և սոսկ մասնակցելու համար է մեկնել օլիմպիական խաղերի մայրաքաղաք, և որ մի հույս չի ներշնչում , որ արդյունքի կհասնի, ապա երկրորդը լուրջ պարտավորություններ ունի:

Հիշեցնենք, որ Միրզոյանը վերջին տարիներին ապահովված էր բոլոր հնարավորություններով, նախապատրաստվում էր անհատական  ծրագրով և բաց էր թողնում խոշորամասշտաբ ստուգատեսները: Այնպես որ, եկել է կարողությունները դրսևորելու ժամանակը: Ի դեպ, նրա կողքին է նաև հայրը` ծանրամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն, ՀԱՕԿ-ի փոխնախագահ  Օգսեն Միրզոյանը:

Իսկ 22-ամյա Առաքելը   2008-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող է, աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր, 2008-ի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Հավելենք, որ Լոնդոնում առայժմ մեր երկրի պատվիրակների համար մռայլ օրեր են եղել,  մրցասպարեզ է դուրս եկել Հայաստանի վեց ներկայացուցիչ, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել դառնալ մեդալակիր:

Դիտվել է 1587 անգամ:
Print Friendly

Leave a Reply