Հրանտ Մաթեւոսյանի գործերը թարգմանվում են իսպաներեն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 31, 2012 11:26

Հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը», «Գոմեշ», «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակները կթարգմանվեն իսպաներեն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ուրուգվայի հայկական դպրոցի տնօրեն Հովհաննես Փոլուկյանը, հայ արձակագրի առաջին թարգմանությունն ինքը սկսել է դեռ  90-ական թվականներին: «Սկզբում թարգմանել էի միայն «Աշնան արեւ»-ը, հետո հեղինակային իրավունքների հարցերով կապ հաստատեցի  Մաթեւոսյանի ժառանգներից որդու` Դավիթ Մաթեւոսյանի հետ, եւ նա ասաց, որ ոչ միայն պետք է թարգմանվի «Աշնան արեւ»-ը, այլեւ գրողի մյուս ստեղծագործությունները եւս»,-ասաց Փոլուկյանը:

Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունների իսպաներեն թարգմանությունը նախատեսվում է իրականացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում, իսկ ընթերցողները լինելու են իսպանախոս երկրների` Ուրուգվայի, Արգենտինայի, Իսպանիայի ընթերցասեր հանրությունը: «Ես կասկած չունեմ, որ դրանք հետաքրքրության կարժանան, քանի  որ Մաթեւոսյանը ստեղծել է այնպիսի աշխատանքներ, որոնք բավական հեշտությամբ է ընթերցողն ընկալում»,-ասաց նա:

Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններն ավելի վաղ թարգմանվել են նաեւ ռուսերեն, լիտվերեն, մոլդովերեն, վրացերեն, ուկրաիներեն, անգլերեն, բուլղարերեն, գերմաներեն, չեխերեն: Հրանտ Մաթեւոայանի երկերի հիման վրա նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը» կինոնկարները։

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply