Գերիների փոխանակման աշխատանքը բարդանում է Ադրբեջանի ստի պատճառով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 31, 2012 11:13

Ադրբեջանում գերության մեջ պահվող 90 հայ զինծառայողների, ռազմագերիների եւ խաղաղ բնակիչներին հայտնաբերելու ուղղությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բանակցում է այդ երկրի համապատասխան կառույցների հետ: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը: Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դիմել է Կարմիր խաչին` գերիների վերադարձը հնարավորինս արագ կազմակերպելու խնդրանքով:

«Կարմիր խաչի պատվիրակ Լորենցո Կարաֆին մտահոգ է խնդրով, ջերմ հարաբերություններ ունի երկու երկրների հետ, ինչը հնարավորություն կտա նախորդ պատվիրակից ավելի լավ աշխատել: Կարմիր խաչի կամ այլ միջազգային կազմակերպության կատարած այցից հետո Ադրբեջանը պատասխանատվություն է կրում, սակայն մինչ հարցը կկարգավորվի, մեր հայրենակիցների անվտանգությունը կշարունակի վտանգված մնալ»,-ընդգծեց Առաքելյանը: Խնդրի կարգավորումը դժվարանում է, քանի որ հակառակորդը հրաժարվում է ընդունել, որ իր երկրում հայ գերիներ կան: Չի ընդունում նաեւ իր երկրում գերության  մեջ պահվող հինգ հոգանոց ընտանիքի առկայության փաստը, ինչը դժվարեցնում է տարվող աշխատանքները: Մինչդեռ, Առաքելյանի խոսքով, Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերիներն իրենց պետության սահմանը լքում են ինքնակամ, քանի որ «իրենց հայրենիքում ենթարկվում են խոշտանգումների, ոտնձգությունների ու բռնությունների»:

Խոսելով հայ գերիների, պատանդների ընտանիքների հետ տարվող աշխատանքների մասին` Առաքելյանը շեշտեց, որ օպերատիվ վարչության հետ օրեր առաջ են այցելել Սյունիքի մարզում գտնվող անհետ կորածների, գերիների ընտանիքներին` հանդիպելու, զրուցելու, սոցիալական եւ հոգեբանական օգնություն ցույց տալու: «Նախարարի հրամանով այցելություններ են եղել նաեւ Արագածոտնի մարզ, որը շարունակական է լինելու: Յուրաքանչուր մայր, ընտանիք ցանկանում է իր երեխայի ճակատագրի մասին որեւէ տեղեկություն իմանալ, քանի որ նրանց հույսը չի մարում: Եթե գիտեն, որ մեկ մարդ անգամ ողջ է, ապա յուրաքանչյուրը մտածում է, որ դա հենց իր երեխան է»,-նկատեց նա: Այնուհանդերձ, Առաքելյանի պնդմամբ` գերության մեջ գտնվող անձանց հարազատների շրջանում առաջացել է «մեկ ընտանիքի գաղափարը». բոլորը մտածում են, «ով էլ վերադառնա` մեր երեխան է»: «Եթե Կարմիր խաչը կարողանա այցելի Ադրբեջան եւ բացահայտի մեր գերիներին, ապա մեզ շատ անակնկալներ են սպասում»,-ասում է Առաքելյանը:

Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցրերով զբաղվող հանձնաժողովը նախագահում է ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հուլիսի 26-ին` ժամը 06:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում, հատելով ՀՀ պետական սահմանը` հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւը:

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում գտնվում է hինգ հոգուց բաղկացած ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյաններ: Ընտանիքն Ադրբեջանի հետ սահմանը հատել էր Երասխավանի հատվածից՝ 2010 թ. հունվարի 10-ին:

2011թվականի ընթացքում Ադրբեջանում պահվող հայ գերիներից Հայաստան է վերադարձել Արթուր Բադալյանը, եւս երեք հայ ռազմագերիների ադրբեջանական կողմը ուղարկել է երրորդ երկիր: 2011թվականի ընթացքում հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել մեկ ռազմագերու, եւս մեկին էլ ուղարկել է երրորդ երկիր:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply